Հայաստանի արտգործնախարարությունն այսօր մեղադրել է Ադրբեջանի նախագահին՝ խաղաղության գործընթացը տորպեդահարելու համար, պնդելով, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Ալիևի պահանջը կասկածի տակ է դնում խաղաղության հասնելու անկեղծությունը:
Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է, այսօր հայտարարել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ Բաքվի վերջին հայտարարությունները գնահատելով կոպիտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին:
Երեկ Ադրբեջանի նախագահը, իսկ դրանից մեկ օր առաջ էլ արտգործնախարարը կրկին դժգոհել էին Հայաստանի Սահմանադրությունից, պնդելով, թե այն տարածքային նկրտումներ է պարունակում հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ։ Ալիևը վերստին հստակ ընդգծել էր՝ առանց Մայր օրենքի փոփոխության Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։
«Եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար է։ Մենք չենք կարող Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել այն դեպքում, երբ նրանք տարածքային պահանջներ ունեն մեր նկատմամբ», - ասել է նա։
«Հայաստանը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և Ադրբեջանից», - ի պատասխան այսօր հայտարարել է պաշտոնական Երևանը։
Մինչ այդ՝ շաբաթասկզբին, ՀՀ արտգործնախարարն ընդունել էր, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միմյանց Սահմանադրություններում էական խնդիրներ են տեսնում խաղաղության հասնելու համար, միաժամանակ պնդել՝ այդ հարցը բանակցությունների օրակարգում չէ, և Հայաստանն էլ դա մեծ խնդիր չի համարում։
Արարատ Միրզոյանին հաջորդ օրը Ադրբեջանի արտգործնախարարն էր արձագանքել, պնդելով, թե Հայաստանի ու Ադրբեջանի սահմանադրությունների միջև զուգահեռների անցկացումը սխալ է և անընդունելի։
Ի պատասխան Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում է՝ խաղաղության համաձայնագրով հստակ ամրագրվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Պաշտոնական Երևանը նաև շեշտում է՝ նախագծում համաձայնեցված դրույթ կա, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:
«Կողմերի բոլոր մտահոգությունները փարատելու ամենահստակ և ուղիղ ճանապարհը հենց Համաձայնագրի ստորագրումն է, որով երկարաժամկետ խաղաղության էջ կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև», - նշել է գերատեսչությունը։
Չնայած Բաքվից հնչող նորանոր պահանջներին ու առանքային հարցերի շուրջ գոյություն ունեցող տարաձայնություններին, պաշտոնական Երևանը հասունացած է համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ իրատեսական համարելով դա անել անգամ մեկ ամսում. «Հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»:
Ալիևը չի կարող խառնվել ՀՀ սահմանադրության ընդունման գործընթացներին. իշխող պատգամավոր
«Ալիևը չի կարող խառնվել Հայաստանի Հանրապետության սահմանադրության ընդունման, փոփոխման կամ ներքին քաղաքական գործընթացներին», - ասում է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» միաժամանակ կարծում են, թե Ալիևի այս հայտարարությունները հնչում եմ ընդամենը ներքին լսարանի համար։
«Ուղղակի խորհուրդ կտամ՝ հերիք է Ալիևին արդեն ցիտեք ու փորձեք մեկնաբանել», - ասաց նա։
Հարցին, թե եթե հայկական ԶԼՄ-ները չանդրադառնան, որևէ բա՞ն է փոխվելու, Խաչատրյանը պատասխանեց. - «Ալիևն ի վիճակի է ամեն օր ինչ-որ հայտարարություններ անել, օրը 10 անգամ՝ հստակ իմանալով, որ Հայաստանում դա ալիքներ է առաջացնում։ Գործընթացները պայմանավորված չեն միայն Ալիևով, սա միջազգային նաև գործընթաց է և սկսվել է ու պետք է ունենա ավարտ։ Եվ կան պայմանավորվածություններ, թե ինչպես պետք է դրանք իրականացվեն և ավարտ ունենան»։
Հերթական անգամ պարզվեց, որ այդ խնդիրը կա, և Փաշինյանը սեփական ժողովրդին խաբում էր. ընդդիմադիր պատգամավոր
«Ուղղակի այս օրերին հերթական անգամ պարզվեց, որ այդ խնդիրը կա, և Նիկոլ Փաշինյանը սեփական ժողովրդին խաբում էր, ստում էր, երբ ձևացնում էր, թե Սահմանադրությունը փոխում է ի փառս Հայաստանի Հանրապետության», - ասում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա համոզմամբ՝ Հայաստանի Սահմանադրութան հարցը Ադրբեջանի հետ բանակցությունների օրակարգում է, և Նիկոլ Փաշինյանը պարտավորություն է վերցրել Մայր օրենքից հանել հղումը Անկախության հռչակագրից, որում խոսվում է Արցախի ու Հայաստանի վերամիավորման մասին։
«Հանրաքվեի գնալու դեպքում ուղղակի ջախջախվելու է», - նշեց պատգամավորը։
Ընդդիմադիր պատգամավորը, որ ամիսներ առաջ էր ծանոթացել խաղաղության պայմանագրի նախագծին, չի պատկերացնում, թե հայկական կողմը ինչպես է հնարավոր համարում այն մեկ ամսում ստորագրել։
«Մի քանի ամիս առաջ այն նախագծին, որ մենք էինք ծանոթանում, հստակ էր, որ այդ նախագծի հետ կապված շատ կետերի հետ կապված 180 աստիճան տարբեր կարծիքներ են, չգիտեմ՝ ինչքան է Հայաստանը զիջել այլևս», - նշեց նա։
Երևանը օրերս Բաքու ուղարկեց խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկները, Բաքուն արձագանքեց, թե դրական տեղաշարժ է տեսնում առանց հավելյալ մանրամասների։ Մինչ այդ Հայաստանի արտգործնախարարը հստակ նշել էր, որ կողմերին դեռ չի հաջողվել համաձայնության գալ երկու առանցքային հարցի՝ ճանապարհների ապաշրջափակման ու Ալմա -Աթայի հռչակագրին հղում անելու շուրջ։ Թե ուր են հասել կողմերը այս պահին, ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն չեն բացահայտում։