Մատչելիության հղումներ

ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները Հայաստանի ներքին գործն են․ Երևանի արձագանքը Բաքվին


Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և նրա փոփոխությունները Հայաստանի ներքին գործն են, հայտարարում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ շեշտելով՝ «դրա շուրջ դեռևս 2018-ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին»:

Պաշտոնական Երևանն այս կերպ արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը, որ «եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար է»։

Երևանն ընդգծում է՝ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ է դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող Խաղաղության համաձայնագիրը հստակորեն ամրագրում է, որ Կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա նաև այն մասին, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը Խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը։

Ըստ հայկական կողմի՝ համաձայնագրի ստորագրումը և ներպետական ընթացակարգերով վավերացումը վերջնականորեն կամրագրեն այս սկզբունքները:

Հայկական կողմը պատրաստակամ է «առաջիկա մեկ ամսվա ընթացքում ամբողջացնել և ստորագրել խաղաղության պայմանագիրը»

«Ըստ այդմ համարում ենք, որ Կողմերի բոլոր մտահոգությունները փարատելու ամենահստակ և ուղիղ ճանապարհը հենց Համաձայնագրի ստորագրումն է, որով երկարաժամկետ խաղաղության էջ կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև», - հայտարարում է արտգործնախարարությունը՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ:

Երևանը նաև շեշտում է՝ Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում՝ Ադրբեջանից։

Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ խաղաղության համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից հայկական կողմին կոչ է արել «վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին, որոնք առկա են Սահմանադրությունում, տարբեր օրենքներում և որոշումներում»: Նախագահ Ալիևն էլ դա խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայման էր համարել։

Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում օրերս հայտարարեց, որ մեծ հաշվով Հայասատանի և Ադրբեջանի սահամանադրությունները չեն կարող խնդիր լինել իրավական առումով՝ երկարատև խաղաղության հաստատման համար։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ իր հերթին հակադարձեց․ - «Այս հարցում Ադրբեջանի և Հայաստանի միջև զուգահեռներ անցկացնելու փորձերը հեռու են իրականությունից և անընդունելի են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG