Մատչելիության հղումներ

«Չենք գալու նիստին, դուք էդքան չկաք». իշխանությունը հայտարարում է՝ արտահերթը տապալելու են 


Ազգային ժողովի նիստ, հունիսի 11, 2024թ.
Ազգային ժողովի նիստ, հունիսի 11, 2024թ.

Կառավարության հրաժարականի հարցով հունիսի 17 -ին խորհրդարանում հրավիրվելիք արտահերթ նիստը իշխանության և ընդդիմության միջև դարձյալ կրքեր բորբոքեց։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» չի թաքցնում՝ ընդդիմության նախաձեռնած արտահերթին չեն մասնակցելու, իսկ սա նշանակում է, որ քվորում չի ապահովվի, և նիստը կտապալվի։

Ընդդիմությունը մինչդեռ հակադարձում է՝ Սահմանադրության համաձայն՝ իշխող մեծամասնության պարտականությունն է ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը։

«Ըստ Սահմանադրության՝ արտահերթ նիստը պիտի հրավիրվի օրենքի ուժով, և հիրավի արտահերթ նիստը կհրավիրվի ամսի 17-ին, Սահմանադրությունը չի ասում, որ այդ նիստը պիտի կայանա», - հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Ուղիղ է ամրագրված, որ արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետներում, և երկրորդ՝ կարևոր Սահմանադրական դատարանի որոշումը, որով ուղիղ է ամրագրված, որ դա ձեր պարտականությունն է, պարո՛ն Կոնջորյան», - ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Ձեր ուղերձին մենք միանալու ո՛չ ցանկություն ունենք, ո՛չ միտում ունենք, ո՛չ էլ առհասարակ պատրաստվում ենք միանալ», - դիմելով Մինասյանին՝ ասաց ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանը, - «19 թվականից ասում եք՝ Նիկոլ Փաշինյանը պիտի հրաժարական տա, կառավարությունը պիտի հեռանա, մենք ասում ենք՝ մենք այդ օրակարգը չենք կիսում։ <> Ասում եք՝ ջրհեղեղ եք կազմակերպել, մեզ Պոսեյդոնի կամ Մովսեսի տեղն եք դնում, մեկ էլ ասում եք՝ ձեզ ստիպելու ենք, որ գաք… եթե մենք Պոսեյդոնն ենք, ո՞նց եք մեզ ստիպելու, որ մենք ինչ-որ բան անենք»։

Իսկ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց. - «Մենք չենք գալու էդ նիստին, ես չեմ գալու այդ նիստին։ Դուք էդքան չկաք, հասկացա՞ք։ <> Բագրատ Գալստանյանը՝ հոգևորական, անվերջանալի հոգեհանգստյան կարգ է մատուցում արդեն մեկ ամիս, և դրան էլ հաջորդելու է ձեր օղորմաթասը»։

«Ինչ եք սիրում, բացահայտվում է՝ ամեն ինչից շատ, ամեն ինչի վեր սիրում եք դուք ձեր աթոռը», - նետեց ընդդիմադիրներից Արմեն Ռուստամյանը՝ շարունակելով, - «Մերժում եք, ըստ էության, ասում եք՝ հա, մենք մեծամասնություն ենք, մեզ մանդատ են տվել, մենք ինչ ունենք, այն էլ կանենք, մենք մի բան ասել ենք, կարանք ուրիշ բան անենք։ Սա նշանակում է պարզապես ստի փառաբանում, դուք ստի ու կեղծիքի փառաբանմամբ եք զբաղված»։

Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով հաջորդ երկուշաբթի արտահերթ նիստ հրավիրած ընդդիմության պնդմամբ՝ Փաշինյանի կառավարությունը տապալել է 2021-26 թվականի կառավարության ծրագիրը, խոստացել է մի բան, արել լրիվ հակառակը։ Մասնավորապես, ըստ ընդդմիության, կառավարությունը խոստացել է երաշխավորել Արցախի անվտանգությունը, բայց Արցախը հայաթափվել է, կառավարությունը ձախողել է Հայաստանի պաշտպանությունը, անվտանգությունը, բազմաթիվ բնակավայրերում տարածքներ է կորցրել և այլն։

«Կա՛մ այս կառավարությունը փոխում է ծրագիրը՝ նոր ծրագիր է ընդունվում ԱԺ կողմից, և դա խորհրդարանական համակարգին բնորոշ գծերից մեկն է, կա՛մ այդ կառավարությունը հրաժարական է տալիս», - շեշտեց Արմեն Ռուստամյանը։

Ի պատասխան՝ իշխող ուժը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ ընդդիմությունը հանկարծակի հրաժարվեց վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացից և այժմ ցանկանում է, որ խորհրդարանում կառավարության հրաժարականի մասին ուղերձ ընդունվի։ Ինչպես պնդեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, եթե անգամ այդ ուղերձն ընդունվի, այն իրավական ոչ մի ուժ չի ունենա։

«Եթե դուք մի հատ նորմալ, անկեղծ սրտով աղոթեք, դա ավելի շատ քաղաքական կշիռ կունենա, քան թե ձեր պատկերացրած ուղերձի տեքստը ձեր նպատակադրումների համատեքստում, բայց դա էլ դուք նորմալ չեք կարողանում անել», - ասաց նա։

Փաշինյանի իմփիչմենթի գործընթացը դեռ օրակարգում է

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր պարզաբանեց՝ վարչապետ Փաշինյանի իմփիչմենթի գործընթացը դեռ իրենց օրակարգում է, բայց մինչև այն իրագործելը պետք է վստահ լինեն, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» որոշ պատգամավորներ իրենց կմիանան, իսկ դրա համար անհրաժեշտ է հանրային ճնշում։

«Առնվազն հանրային այնպիսի ճնշում, որ մենք կարողանանք գոնե մոտավոր ունենալ ՔՊ-ական շրջանակից որոշակի հատված, որ հակված է այս գործողությանը միանալ։ Այս պահի դրությամբ ես չեմ կարող արձանագրել այդ իրավիճակը», - նշեց նա։

Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու համար անհրաժեշտ է խորհրդարանի 107 պատգամավորներից առնվազն 36-ի ստորագրությունը։ Ընդդիմադիր «Հայաստան» (29) և «Պատիվ ունեմ» ( 6) խմբակցությունները միասին ունեն 35 պատգամավոր, այսինքն` նախագիծը խորհրդարան ներկայացնելու համար անհրաժեշտ է ևս մեկ պատգամավորի ստորագրություն։ Այս պարագայում ընդդիմադիրները պետք է համոզեն «Պատիվ ունեմ» խմբակցությունից դեռևս 2021-ին դուրս եկած Իշխան Զաքարյանին միանալ իրենց։ Բայց, նա էլ, ինչպես «Հրապարակ»-ին էր ասել, կիմանա մի դեպքում. «Հազար անգամ ասել եմ՝ 54 ձայն է մեզ պետք՝ որոշում ընդունելու համար։ Ես դա սրբազանին էլ եմ ասել՝ 53 ձայն կունենաք, 54-րդը համարեք՝ գրպաններդ դրված է»։

Ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանը հորդորում է Իշխան Զաքարյանին ասել՝ ի վերջո նա պատրա՞ստ էլ լինել 36-րդ պատգամավորը, ով միանում է Փաշինյանի անվստահության գործընթացին։ Եթե, այնուամենայնիվ, ընդդիմությանը հաջողվի հավաքել 36 ստորագրություն, Փաշինյանի անվստահություն հայտնելու որոշումը ընդունելու համար անհրաժեշտ է առնվազն 54 կողմ ձայն, այսինքն՝ առանց իշխող ՔՊ-ի 18 պատգամավորների աջակցության այս գործընթացը կտապալվի։ Իշխանականները բազմիցս են ասել՝ բացառում են, որ իրենց շարքերից որևէ մեկը կմիանա այս նախաձեռնությանը։

XS
SM
MD
LG