Ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները այսօր էլ են պատրաստվում գիշերել Բաղրամյան պողոտայում։
«Վրանային ավանը մնալու է այստեղ, բայց, բնականաբար, ոչ ամիսներով», - հարթակից հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Մեր ասած 96 ժամի մեջ կսահմանափակվենք», - նշեց նա՝ հավելելով, որ այսօր որևէ գործողություն նախատեսված չէ, իսկ հունիսի 12-ը կարևոր հանգրվան է լինելու։
«Այսօր ո՛չ քայլելու ենք, ո՛չ երթ ենք անելու, պատրաստվում ենք հունիսի 12 ին», -ասաց սրբազանը՝ շեշտելով նաև, որ վաղն առավոտից տարբեր վայրերում տարբեր գործողություններ տեղի կունենան։
Այլ մանրամասներ նա չհայտնեց։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժումը երեկ գիշերվանից փակ է պահում Բաղրամյան պողոտան, որպեսզի իշխանությանը պարտադրի կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ անցկացնել:
ԱԺ խորհուրդը, սակայն, այսօր մերժեց ընդդիմության միջնորդությունը՝ կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ գումարել։
Իշխանությունները հայտարարում են, որ դրա կարիքը չեն տեսնում, իսկ վարչապետի հրաժարականի հարց իրենց օրակարգում չկա։