Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի խորհուրդը մերժեց արտահերթ նիստ գումարելու ընդդիմության առաջարկը


Ազգային ժողովի խորհուրդն այսօր մերժեց ընդդիմության միջնորդությունը՝ արտահերթ նիստ հրավիրել ու քննարկել կառավարության հրաժարականի ու նոր կառավարություն ձևավորելու առաջարկը:

Այսօր ավելի վաղ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն միջնորդություն էին ներկայացրել ԱԺ՝ պահանջելով արտահերթ նիստ գումարել։ Ընդդիմադիր պատգամավորները միջնորդության մեջ, մասնավորապես, նշել էին, թե կառավարությունը տապալել է 2021-26 թվականների ծրագրերը, նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և Արցախի անվտանգությունը երաշխավորելու փոխարեն հայաթափվել է, «Հայաստանի ինքնիշխանությունն անմիջական սպառնալիքի տակ է», որ «գործող կառավարությունը ձախողել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը», «պահի հրամայական է, որ պետության կառավարումը, քաղաքական համաձայնությամբ, խաղաղ և անցնցում կերպով ստանձնեն պրոֆեսիոնալ, հանրային հեղինակություն ունեցող փորձառու անձինք»։

Ազգային ժողովի խորհրդի կողմից ընդդիմության միջնորդությունը մերժվելուց հետո, արդեն 5-րդ աշխատանքային օր հետո, այսինքն՝ հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ։ «Քաղաքացիական պայմանագրից» Հայկ Կոնջորյանը լրագրողներին ասաց, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին՝ հավելելով՝ իրենք նման օրակարգ չունեն։ Սա նշանակում է, որ իշխանականները պատրաստվում են տապալել նաև այդ նիստը:

Խորհրդարանի խորհրդի նիստին մասնակցում էին ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարները՝ Սեյրան Օհանյանը և Հայկ Մամիջանյանը, ինչպես Սերյան Օհանյանը նշեց, նիստի ընթացքում իրենց միջնորդությունը մերժելով իշխանությունը որևէ հիմնավոր պատճառ չի նշել:

Հարցին, թե որո՞նք են լինելու իրենց հետագա քայլերը հաշվի առնելով, որ իշխանությունը նաև ծրագրում է տապալել հունիսի 17-ին կայանալիք արտահերթ նիստը, Մամիջանյանը պատասխանեց՝ մինչև 17-ը դեռ ժամանակ կա և գուցե ինչ-որ գործընթացներ տեղի ունենան:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ ասել էր, որ արտահերթ նիստ գումարելու իմաստը չեն տեսնում։ Նրա խոսքով՝ կառավարությունն ու վարչապետը վայելում են ժողովրդի վստահությունը։

XS
SM
MD
LG