Խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 17-ին` ժամը 18:30-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի․ երեկ նման որոշում է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Օրակարգում Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին ընդդիմության նախագիծն է։
Ազգային ժողովի խորհուրդն երեկ մերժեց ընդդիմության միջնորդությունը՝ արտահերթ նիստ հրավիրել ու քննարկել կառավարության հրաժարականի ու նոր կառավարություն ձևավորելու առաջարկը: ԱԺ խորհրդի կողմից ընդդիմության միջնորդությունը մերժվելուց հետո, արդեն 5 աշխատանքային օր հետո, այսինքն՝ հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ։
Երեկ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ արտահերթ նիստ գումարելու իմաստը չեն տեսնում։ Նրա խոսքով՝ կառավարությունն ու վարչապետը վայելում են ժողովրդի վստահությունը։
«Քաղաքացիական պայմանագրից» Հայկ Կոնջորյանն էլ լրագրողներին ասաց, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին՝ հավելելով՝ իրենք նման օրակարգ չունեն։
Սա նշանակում է, որ իշխանականները պատրաստվում են տապալել նաև այդ նիստը:
«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին անսասան են՝ գնալու մինչև վերջ՝ սահմանադրական ճանապարհով վերականգնելու սահմանադրական կարգը։