Իշխանությունները մտադիր չեն քննարկում սկսել ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի հետ, «Ազատության»-ն ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Ինքը իր օրակարգը հայտարարել է, և այդ օրակարգի ոչ իրավական տրամաբանությունն ակնհայտ է, և այդ օրակարգի հարցով ինքը Ազգային ժողովի մյուս երկու խմբակցություններին առաջարկել է, որպեսզի հարցը, չգիտեմ, որ օրենքով, Սահմանադրության որ կետին համաձայն, պետք է մտցնեն այսօր խորհրդի նիստ, որպեսզի խորհուրդը որոշում կայացնի՝ ինչ-որ հայտարարություն տարածվի կառավարության հրաժարականի մասին, երբ որ կառավարության և ձևավորումը, և հրաժարականը հստակ գրված է Սահմանադրությունում, թե ինչ ընթացակարգերով պետք է գնա», - նշեց պատգամավորը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախօրեին հայտարարեց՝ 96 ժամ է տալիս իշխանություններին հեռանալու համար, կամ ինքն է 96-ժամյա գործողություններ սկսում հրաժարական պարտադրելու։
«96 ժամվա մեջ ինչը պետք է տեղավորվի իր քայլերի հաջորդականության մեջ, որպեսզի հասնի վարչապետի հրաժարականին, լավ չեմ պատկերացնում, որովհետև իրավական փակուղի է սա», - հավելեց Անդրանիկ Քոչարյանը։
Նրա փոխանցմամբ՝ իշխանությունների օրակարգում կառավարության հրաժարականի հարց չկա։
Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր միջնորդություն ներկայացրին Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։ ԱԺ նախագահը հայտնել է, որ խորհուրդը կմերժի և հերթական նիստերի օրակարգ չի ընդգրկի խորհրդարանի միջնորդությունը։
Մանրամասները՝ տեսանյութում.