Մատչելիության հղումներ

Փարաքար համայնքի բնակիչները հետընտրական գործընթացների համար մեղադրում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին


Նա այս համայնքի բնակիչ է ու, փարաքարցիների խոսքով, թեպետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդամենը 2609 ձայն է ստացել, ցանկանում է «Դավիթ Մինասյան» դաշինքի հետ ստանձնել Փարաքարի ու 8 գյուղերի կառավարումը։

Փարաքարի երկու համայնքապետերից Վոլոդյա Գրիգորյանի համակիրներն առավոտից հավաքվել են Մշակույթի տան դիմաց, որտեղ Գրիգորյանը հանդիսավոր երդմամբ է ստանձնելու պաշտոնը։

«Մենք վայելենք Վոլոդյայի ուրախությունը։ Բոլորս միասին էկել ենք, որ ուրախանանք», - «Ազատությանն» ասաց Գրիգորյանի համակիրներից մեկը։

Փարաքարում ավագանու ընտրություններն ավարտվել են արտառոց արդյունքով. ավագանու առաջին նիստում երկու համայնքապետ է ընտրվել։ «Ապրելու երկիր» կուսակցությունն ավագանու իր 10 հոգանոց խմբակցությամբ Վոլոդյա Գրիգորյանին է ընտրել ու հեռացել, հետո նիստի են եկել «Քաղաքացիական պայմանագրի» ու «Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանու անդամներն ու համատեղ 11 ձայներով ընտրել Դավիթ Մինասյանին։ Մինասյանն ու Գրիգորյանն իրենց համայնքապետեր են հռչակել։

Ավելի ակտիվ գործում է Գրիգորյանը։ Ծափերով, երաժշտությամբ ու քահանայի օրհնանքով Գրիգորյանը երդվեց ազնվորեն ծառայել համայնքին։ Հետո համախոհների, «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչներ Մանե Թանդիլյանի ու Մեսրոպ Առաքելյանի ուղեկցությամբ շարժվեց դեպի համայնքապետարանի շենքը։ Այստեղ ոստիկանական անառիկ պատ էր։

«Ցավում եմ, որ այսպես եք դիմավորում», - արձանագրեց Վոլոդյա Գրիգորյանը։

Թանդիլյանն ու Առաքելյանը փորձեցին բացատրել ոստիկաններին, որ ավագանու անդամն իրավունք ունի մտնել համայնքապետարանի շենք։

«Դուք կարող եք գրավոր դիմել, մենք կպատասխանենք ձեզ», - Թանդիլյանին ասաց Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալ Անդրանիկ Սողոմոնյանը։

Նա ժամեր շարունակ գրավոր դիմումի հորդորներ էր ուղղում, հետո փորձեց հիմնավորել ոստիկանական շղթան. - «Ձեզ միայն կարող եմ ասել, որ ավագանու տասը անդամները արդեն իսկ փոստով ծանուցվել են, որ գործը գտնվում ա վարչական դատարանում»։

Վարչական դատարան է դիմել «Դավիթ Մինասյան» դաշինքը, որի ավագանու ցանկում «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչներն են։

Մինասյանը վերջին աղմկոտ օրերին որևէ պարզաբանում չի ներկայացնում։ Կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը տեղեկացրեց, որ այո, դատարան են դիմել՝ վիճարկելու ավագանու առաջին նիստի արձանագրությունը, իրենք վստահ են, որ Գրիգորյանն իրեն ապօրինի է հռչակել համայնքապետ. - «Խնդրո առարկան ապօրինի, այսինքն՝ ընթացակարգային կոպիտ խախտումներով լրացված արձանագրությունն ա։ Խախտումները բազմաթիվ են, բազմազան են, և մեկ ընդհանուր գծով անցնում է հստակ շարժառիթը՝ ինչքան հնարավոր է արագ մրցակից թեկնածուներին չեղոքացնել պայքարից և անել մի բան, որ որևէ այլ պայմաններում անհնար կլիներ, այսինքն՝ տասը հոգով քվեարկել և արձանագրություն կազմել, որ էդ մարդը հաղթել ա»։

Ըստ Նահապետյանի, «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները մրցակցին չեզոքացրել են ու իրենք իրենցով համայնքապետ ընտրել։ Նա ասաց, որ հույս ունեն դատական կարգով չեղարկել ավագանու առաջին նիստը ու նորը հրավիրել՝ համայնքապետի նոր ընտրությամբ։

Փարաքարում հավաքված Գրիգորյանի կողմնակիցները մեկ ընդհանուր փաստարկ ունեն՝ Գրիգորյանն այս ընտրություններում 4600-ից ավելի ձայն է հավաքել՝ համարյա կրկնակի ավելի «Քաղաքացիաան պայմանագրից» ու «Դավիթ Մինասյան» դաշինքից, պատրաստ են անհնազանդությունը շարունակել նաև փողոց փակելով։

«Տաս րոպե հետո եթե չդադարեցրեցիք համայնքապետարանի շենքի շրջափակումը, կհանդիպենք այլ վայրում», - ասաց Մանե Թանդիլյանը։ Այլ վայրը Փարաքարից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող խաչմերուկն էր։

Գրիգորյանի կողմնակիցները փորձեցին փակել փողոցը։ Մի պահ փակեցին, բայց այստեղ վրա հասան դեռ առավոտից Փարաքարի տարբեր հատվածներում ու ավելի շատ համայնքապետարանի մոտ դիրքավորված ոստիկանական խմբերը...

Շտապօգնության աշխատակցի համազգեստով մի տղամարդու էին ոստիկանները փորձում բերման ենթարկել՝ գետնին քարշ տալով, թեպետ տղամարդն անընդհատ բղավում էր՝ թողեք, գալիս եմ։ Նրան մի կերպ մեքենան մտցրին։ Քիչ անց տղամարդը հաջողացրեց դուրս գալ մեքենայից։

Ոստիկանությունից տեղեկացանք, որ Փարաքարի այս խաչմերուկից 7 հոգու են բերման ենթարկել բաժանմունքներ՝ վարչական իրավախախտման համար։ Երեք ժամ անց, ասացին, բոլորին ազատ են արձակել։

Գրիգորյանի կողմնակիցները վերադարձան համայնքապետարանի մոտ։ Այստեղ ոստիկանական շղթան ավելի էր ամրացել...

Փարաքար խոշորացված համայնքի բնակիչները հետընտրական այս աղմկոտ գործընթացների համար մեղադրում են Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին։ Նա այս համայնքի բնակիչ է ու, փարաքարցիների խոսքով, թեպետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդամենը 2609 ձայն է ստացել, ցանկանում է «Դավիթ Մինասյան» դաշինքի հետ ստանձնել Փարաքարի ու 8 գյուղերի կառավարումը։ Ի դեպ, այս երկու ուժերը կոալիցիոն որևէ փաստաթուղթ չէին ստորագրել, պարզապես ընտրության օրը ավագանու «Քաղաքացիական պայմանագրի» անդամները քվեարկել են ոչ թե իրենց թեկնածուի, այլ Մինասյանի օգտին։

Վաղ առավոտից սկսված այս առճակատումը, որ ընդամենը մի կարճ պահ ընդհատվել էր տոնական երդմամբ, հանգուցալուծվեց կեսօրից հետո։ Ոստիկանները ինչպես առանց հիմնավորման փակել էին համայնքապետարանի դուռը, այդպես առանց հիմնավորման էլ բացեցին այն։ Վոլոդյա Գրիգորյանը բարձրացավ երկրորդ հարկ, մի քանի բառ փոխանակեց աշխատակիցների հետ։ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը մրցակից երկու ուժերին հրավիրում է նույն սեղանի շուրջ նստել. - «Հուսամ, առաջիկա օրերին արդեն էս լարվածությունը կավարտվի և կանցնենք աշխատանքի»։

«Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչները կսպասեն դատարանի վճռին, ընտրական վեճերը սովորաբար քննվում են ավելի արագ ընթացակարգով։

Գրիգորյանը դատարանի վճռին չի սպասի, ասաց, որ երկուշաբթի օրվանից գալու է գործի, իսկ այսօր՝ վերջ. - «Մենք բոլորս գնում ենք տուն»։

XS
SM
MD
LG