Մատչելիության հղումներ

Բագրատ սրբազանը պնդում է՝ ռեպրեսիաներ են իրականացվում


Բագրատ սրբազանը բողոքի ակցիայի ժամանակ, մայիս, 2024թ.
Բագրատ սրբազանը բողոքի ակցիայի ժամանակ, մայիս, 2024թ.

«Վերջին օրերդ ես ապրում քո քաղաքական կյանքի, շատ լավ հիշիր, Նիկոլ Փաշինյան։ Էս ապօրինություններդ, հակաօրինական կյանքդ որպես քաղաքական կյանք վերջ է գտնելու, ու ամենայն պատասխանատվության առաջ ես կանգնելու՝ բոլոր առումներով». - այսօր հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Տավուշի թեմի առաջնորդը վաղվա հանրահավաքին ընդառաջ բարձրաձայնում է շարժման աջակիցների նկատմամբ իրականացվող հալածանքների և ճնշումների մասին։ Արքեպիսկոպոսի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը վախեցած է և այդ վախի պատճառով սկսել է հետապնդել նաև արցախցի պաշտոնյաներին։ Երկու ամսով տնային կալանքի տակ է Ասկերանի քաղաքապետը, ձերբակալվել է Մարտակերտի քաղաքապետը, Ստեփանակերտի քաղաքապետի տունն էլ խուզարկել են։

«Վախերն են, մարդը վախեցած է և դեռ շատ ավելի է վախենալու, ես պարզապես մտածում եմ, որ վախի՛ց բան չպատահի։ Շատ հստակ ասում եմ՝ սա միայն վախերի դրսևորումն է, որ արտահայտվում է այս կերպով: Հալածում են մարդկանց, ռեպրեսիաների են ենթարկում այս օրերին, որպեսզի պատրանք ստեղծեն, որ ամսի 26-ին՝ վաղը այսինքն, մարդիկ չգան հանրահավաքի», - հայտարարեց Բագրատ սրբազանը:

Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող արքեպիսկոպոսի խոսքով՝ իշխանությունը նաև հետապնդում է գործարարներին, ովքեր կանգնած են իր կողքին. - «Նաև գործարարներին են հալածում, այսօր շատ պատվական մարդու, որ տարիներով ծառայել է մեր պետությանը, իրենց գործարանն են մտել, հարկային խուզարկումներ և ձերբակալել են: Հայկ Շահնազարյանն է, Շահնազարյան գինու-կոնյակի գործարանը, որ բացեիբաց մեր աջակիցներն են, այսինքն՝ ոչ թե մեր, այլ՝ ճշմարտության: Ինձ հետ է եղել միշտ, ինձ հետ է եղել միշտ, միշտ, անթաքույց»:

Տավուշի թեմի առաջնորդը նաև ահազանգում է՝ հալածանքներից բացի, իրենց նաև տեղեկություններ են հասել իշխանության կողմից խմբեր ձևավորելու մասին։ «Աստված չանի այդ լուրերը ճշտվեն, ըստ լուրերի՝ խմբեր են կազմում՝ 15-17-հոգանոց, իշխանությունները, նաև, ըստ լուրերի, հայտնի օլիգարխի գլխավորությամբ՝ էն որ սպառնում էր՝ ունեզրկելու, մահացնելու, սպանելու: Եթե չկան, թող հերքեն այդ լուրերը: Նույնիսկ մարտական տրամադրությամբ խմբեր են կազմում՝ ինչ-որ Աշոտ Մկրտչյանի գլխավորությամբ: Եթե էդ լուրերը ճիշտ են, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ ամենածայրաստիճանի պատասխան են ստանալու», - վստահեցրեց Տավուշի թեմի առաջնորդը:

Ո՞ւմ նկատի ունի սրբազանը, երբ ասում է, թե ըստ իրենց հասած տեղեկությունների՝ խմբերը ձևավորվում են հայտնի օլիգարխի գլխավորությամբ: «Խաչատուր Սուքիասյանը, ո՞վ, էլ ո՞վ կա: Չեմ կարող հաստատել, բայց, այդուհանդերձ, եկել են մեզ լուրերը, և ուղղակիորեն ասում եմ, իրավապահների ուշադրությունն եմ հրավիրում, որովհետև բոլոր տեսակի սադրանքներ հնարավոր են այս մարդկանց ձեռքից», - հարցին արձագանքեց Բագրատ արքեպիսկոպոսը:

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն «Ազատությանը» փոխանցեց՝ «զառանցանքները և անհեթեթությունները մեկնաբանելու իմաստ չենք տեսնում»:

Սուքիասյանն օրերս խորհրդարանի ամբիոնից ունեզրկմամբ ու մահով էր սպառնացել քաղաքական ընդդիմախոսներին, ապա խմբագրել էր հայտարարությունը՝ պնդելով, թե ընդամենը սթափության կոչ է արել։

Տավուշի թեմի առաջնորդին արձագանքեցին նաև Ներքին գործերի նախարարությունից՝ «Ազատությանը» փոխանցելով, որ «ստեղծված ապօրինի ջոկատների» մասին տեղեկություն չեն ստացել։ «Եթե քաղաքացիները ունեն նման տեղեկություններ, կարող են դիմել Ոստիկանություն: [...] Նման ապօրինի ստորաբաժանումներ ստեղծելու ցանկացած փորձ անգամ իրավապահ համակարգի կողմից, օրենքի սահմաններում կարժանանա ամենախիստ արձագանքի», - «Ազատությանն» ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Իսկ իշխող ուժի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ, իր հերթին, արդեն սուտ մատնության հատկանիշներով Դատախազություն հաղորդում է ներկայացրել։

Բագրատ սրբազանն այսօր մասնակցում էր ՀՅ Դաշնակցության Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովին։ Դաշնակցությունը, որ սատարում է արքեպիսկոպոսի առաջնորդած շարժմանը, վաղվա հանրահավաքին ընդառաջ վերահաստատում է՝ կողմ են վարչապետի ապակուսակցական թեկնածուի առաջադրմանը։

«Այս իրավիճակում նման համախմբում իրականացնելու համար դա անհրաժեշտություն է: Դա պետք է չլինի մեկ ուժի կառավարություն, դա պետք է լինի ազգային համաձայնության, հաշտության կառավարություն», - «Ազատությանը» ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հարցին, թե դիտարկում են Բագրատ սրբազանի՞ թեկնածությունը, պատասխանելով. - «Մենք մեր տեսակետը շատ հստակ հայտարարել ենք հենց առաջին օրվանից՝ եթե Բագրատ սրբազանը որոշում կայացնի առաջադրվելու, մենք անվերապահորեն աջակցելու ենք այդ որոշմանը, և մեր ողջ ջանքերը դնելու ենք... Վաղը լրացուցիչ կխոսենք այդ արգելքը հաղթահարելու [մասին]»։

Բագրատ սրբազանն այսօր հաստատեց՝ վաղը հանրահավաքում կհնչի վարչապետի իրենց թեկնածուի անունը։ Ո՞վ է այդ թեկնածուն.

«Ազատություն». - Կարող ե՞նք ասել, որ Դուք եք լինելու:

Բագրատ սրբազան. - Չէ, չգիտենք ով է լինելու: Կերևա: Ոնց որ յոթ ամսական լինեք, ժողովուրդ, վեց ավելի ճիշտ:

Դաշնակցության խորհրդաժողովին մասնակցում են նաև նախկին արտգործնախարարներ Վարդան Օսկանյանը, Արա Այվազյանը, Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներ Սեյրան Օհանյանը և Հայկ Մամիջանյանը, Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG