Մատչելիության հղումներ

Հանրապետականն ամբողջությամբ սատարում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժմանը. Սերժ Սարգսյան


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը

Ընդդիմադիր Հանրապետականն ամբողջությամբ սատարում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժմանը, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց կուսակցության ղեկավար, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ասաց՝ սրբազանին հանդիպել է, բայց թե երբ՝ հստակ պատասխան չտվեց։

«Ավելի լավ է մտածենք, որ այս շարժումը կհասնի հաջողության, բայց Աստված մի արասցե, եթե չհասնի հաջողության, իհարկե, մենք միշտ դրան ենք ձգտելու», - նշեց երրորդ նախագահը:

Վարչապետի հրաժարականը պահանջող արքեպիսկոպոսն այսօր չէր բացառել, որ առաջիկայում կհանդիպի Հայաստանի նախկին երեք նախագահներին։ Սերժ Սարգսյանն ասաց՝ հանդիպման հրավեր դեռ չի ստացել:

Շարժմանը սատարող երրորդ նախագահը, սակայն, այդպես էլ չհստակեցրեց՝ հարթակում կմիանա՞ Բագրատ արքեպիսկոպոսին, թե՝ ոչ. - «Ես հարթակներ բարձրանալու ոչ սովորություն, ոչ էլ ցանկություն ունեմ, բայց եթե դրա անհրաժեշտությունը լինի, մենք ամեն ինչի պատրաստ ենք միայն այս շարժումը հաջողության հասնի և իշխանափոխություն լինի»:

Արդյո՞ք ինքն էլ է հենց Գալստանյանին դիտարկում որպես ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու, նախկին նախագահը հստակ պատասխան չտվեց։

Գալստանյանը երկքաղաքացիություն ունի, և Հայաստանի Սահմանադրությամբ իրավունք չունի վարչապետի թեկնածու առաջադրվել։

«Այդ հարցով չեմ ուզում կարծիք հայտնել, որովհետև մենք կարծիք հայտնել ենք ինչպես գործադիր մարմնի հայտարարությամբ, այնպես էլ մեր կուսակցական ընկերների բազմաթիվ հայտարարություններով, որ մենք սատար ենք այն թեկնածուին, որին կառարկի Բագրատ սրբազանը», - ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Իշխանական խմբակցությունում համոզված են՝ ոչ մեկը իրենց շարքերից չի միանա ընդդիմության նախաձեռնությանը, Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը համարում են հեղաշրջման փորձ։

«Մենք վերադառնալու ցանկություն չունենք»

Սերժ Սարգսյանն այսօր ասաց՝ իր կարծիքով շարժումը լայն թափ է առել, և բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու դեպքում կհասնեն հաջողության։ Ընդգծեց նաև՝ թեև սատարում են այս շարժմանը, բայց իշխանության գալու մտադրություն չունեն. - «Մենք վերադառնալու ցանկություն չունենք»:

Նա կրկին պնդեց՝ դեմ չէ սահմանազատմանն ու սահմանագծմանը, բայց ոչ առանց միջազգային դերակատարների մասնակցության։

Երրորդ նախագահն այսօր մասնակցում էր վառելիքի համար պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու գործով դատական նիստին։ Դատարանն այսօր անցավ խորհրդակցական սենյակ և մայիսի 29-ին կհրապարակի դատավճիռը։ Անկախ նրանից՝ դատարանը մեղավոր կճանաչի 69-ամյա Սարգսյանին, թե՝ ոչ, նախկին նախագահը չի ազատազրկվի, քանի որ անցել են այս գործով վաղեմության ժամկետները։

XS
SM
MD
LG