Չորս գյուղերում բարձրացվել է ադրբեջանական դրոշը
Ադրբեջանի ուժայինները հանդիսավոր արարողությամբ ընդունել են Ղազախի շրջանի չորս գյուղերը՝ այդ տարածքներում բարձրացնելով երկրի դրոշը։
Նախագահ Իլհամ Ալիևին զեկուցել են. - «Ղազախի շրջանի չորս գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասկիպարան, Խեյրումլին և Կըզըլ Հաջիլին՝ մեր պատմական տարածքները, վերցվել են մեր վերահսկողության տակ»։
Բաքվում տոնում են չորս գյուղերի վերադարձը՝ հպարտության օր է։ Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Սամեդ Սեիդովը հայտարարել է. - «Նախագահ Իլհամ Ալիևը աշխարհին խաղաղության նոր բանաձև է ներկայացնում, թե ինչպես վերականգնել խաղաղությունը»։
Հերթական լայնածավալ զորավարժությունները
Խաղաղության մասին հայտարարությունների, հայ-ադրբեջանական սահմանազատման աշխատանքների ֆոնին Բաքուն հաղորդում է հերթական լայնածավալ զորավարժությունների ավարտի մասին՝ ռազմական ոստիկանության անձնակազմի մասնակցությամբ, որոնք մասնավորապես իրականացրել են «ահաբեկիչներին վնասազերծելու խնդիրները»։ Նման խնդիրների լուծելու պատրվակով էր անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի բանակը լայնածավալ հարձակում սկսել այդ պահին ինը ամիս լիակատար շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ստիպելով մինչև վերջին հայ բնակչին լքել իր տունը։
Այդ արյունալի իրադարձություններից ընդամենը ութ ամիս անց Ադրբեջանի իշխանությունները հայաթափված տարածաշրջան են ուղեկցում օտարերկրյա դիվանագետների և նրանց պատմում «Բաքվի խաղաղասիրական նպատակների» մասին։
Խաղն ավարտված է, տարածաշրջանում այժմ նոր իրողություններ են. Հաջիև
«Խաղն ավարտված է, տարածաշրջանում այժմ նոր իրողություններ են» - հայտարարել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Լաչին տանող ճանապարհը շատ մոտ է Հայաստանին։ Հակարի գետի հակառակ կողմում մենք տեսնում են սյուներ և Հայաստանի դրոշները։ Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական սահմանը», - ասել է նա։
Ի դեպ, Լաչին այցելած դեսպանների թվում էր նաև Ալիևի վարչակազմի հետ լարված հարաբերություններ ունեցող Ֆրանսիայի դեսպան Ան Բուայոնը։ Սա Ֆրանսիայի առաջին պետական պաշտոնյայի այցն է Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներ, որը տեղի է ունենում Փարիզի և Բաքվի միջև դիվանագիտական ճգնաժամի ֆոնին, ինչի պատճառով անցած ամիս Փարիզը հետ էր կանչել դեսպան Բուայոնին խորհրդակցությունների նպատակով։ Դիվանագիտական կտրուկ քայլի պատճառն, ըստ Ֆրանսիայի արտգործնախարարության, «Ադրբեջանի միակողմանի գործողություններն են, որոնք վնաս են հասցրել երկու երկրների միջև հարաբերություններին»։
Հայաստանյան ներքաղաքական գործընթացները՝ Բաքվում քննարկման առարկա
Ֆրանսիայի դեսպանի այդ երկար սպասված այցից հետո էլ, սակայն, պաշտոնական Փարիզի հասցեին մեղադրանքներն Ադրբեջանում չեն դադարում։ Մասնավորապես Միլլի մեջլիսում այսօր կրկին քննադատել են Մակրոնի կառավարությանը՝ Հայաստանին աջակցելու համար։ Այս պնդումները հնչել են լիագումար նիստի ընթացքում, որի օրակարգի մեծ մասը Հայաստանին էր նվիրված՝ հայաստանյան ներքաղաքական զարգացումներին։
Ադրբեջանցի պատգամավորները հայ ժողովրդին կոչ էին անում «կեղծարար հոգևորականին իր տեղը ցույց տալ»․ նախագահ Իլհամ Ալիևի կուսակից, պատգամավոր Ջեյհուն Մամեդովը, չթաքցնելով Հայաստանում ընդդիմադիր շարժման նկատմամբ իր դժգոհությունը, Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին անվանել է «կեղծարար հոգևորական», որի թիկունքում «երկյուղած թաքնվում են նախկինները»։
«Բայց ի՞նչ է առաջարկում Բագրատը հայ հանրությանը։ Խաղաղության այլընտրանքը պատերազմն է։ Պատրա՞ստ է հայկական պետությունը և հանրությունը պատերազմի։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է իր տեղը ցույց տա այդ կեղծարար հոգևորականին, որի թիկունքում երկյուղած թաքնվել են նախկին ռեժիմի մնացորդները», - ասել է նա։
Պատգամավոր Թուրալ Գյանջալիևը ևս Միլլի մեջլիսում իր ելույթը նվիրել է հայաստանյան ներքաղաքական գործընթացներին՝ իր հերթին վիրավորական արտահայտություններ, մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի վարչապետի հրաժարականը պահանջող Տավուշի թեմի առաջնորդի հասցեին։ Ադրբեջանցի պատգամավորը պնդել է՝ հայ եկեղեցականները «ռևանշիզմի են գնում»։
«Հայաստանի քաղաքական վերնախավը պետք է ձերբազատվի սփյուռքի և եկեղեցու մանիպուլյացիաներից և վերջապես սկսի համերաշխ ապրել իր հարևանների հետ՝ այդպիսով թույլ չտալով Ֆրանսիային հայ ժողովրդին ներքաշել ռևանշիզմի մեջ», - ասել է նա։
Ադրբեջանի խորհրդարանի ամբիոնից ելույթներն, ըստ երևույթին, չբավարարեցին Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային, որը հանձնարարեց պատգամավորներին՝ հատկապես նրանց, ովքեր լեզուներ գիտեն, ակտիվություն դրսևորել նաև սոցիալական ցանցերում, ինչպես ընդգծել է, «այդ իրողությունների վրա ուշադրություն հրավիրելու» նպատակով։