Մատչելիության հղումներ

Բագրատ սրբազանը չի հերքում, որ կարող է հանդիպել ՀՀ նախկին երեք նախագահներին


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զրուցում է «Ազատության» հետ, մայիս, 2024թ.
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զրուցում է «Ազատության» հետ, մայիս, 2024թ.

Վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոսն այսօր լրագրողների հետ զրույցում ըստ էության չհերքեց՝ առաջիկայում կհանդիպի Հայաստանի նախկին երեք նախագահների հետ: Շարժման ձևավորումից հետո, ինչպես սրբազանն է պնդում, ինքը ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ չի հանդիպել:

«Ժամանակով բոլորի հետ էլ կլինի, ինչո՞ւ չպիտի լինի», - նշեց Տավուշի թեմի առաջնորդը:

«Տավուշը հանուն հայրենքի» շարժման առաջնորդը, որ Երևան հասնելուց հետո խոստանում էր անհնազանդության խաղաղ ակիցաների միջոցով մի քանի օրում հասնել Նիկոլ Փաշինյանի ու Կառավարության հեռացմանը, մոտ մի շաբաթ է՝ հարցի քննարկումը տեղափոխել է դահլիճային ձևաչափ, հանդիպումներ է անցկացրել քաղաքական կուսակցությունների, մասնագիտական շրջանակների հետ, այսօր էլ հերթը տնտեսագետներինը և կրթության ոլորտի ներկայացուցիչներինն է:

«Պիտի ներկայացնեմ իմ պատկերացումները՝ իր հոգևոր բովանդակությամբ, ժամանակին մենք հայեցակարգերով ենք զբաղվել, և թե ինչ է նշանակում մեզ համար տնտեսությունը, և ապա լսել իրենց՝ իրենց կարծիքները, վերլուծություններ եթե կունենան անելու: Հստակ կերպով, ճիշտ, անաչառ գնահատականով՝ մեր այսիրվա իրավիճակի վերլուծությունն ու գնահատականը», - ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյան, արխիվ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյան, արխիվ

Մինչ Բագրատ սրբազանը դահլիճային հանդիպումներում իշխանությանը հեռացնելու ուղիներ է փնտրում, խորհրդարանում իշխանական պատգամավորն առանց որևէ կոնկրետ փաստ ներկայացնելու կրկին պնդեց՝ ոչ միայն ընդդիմադիրները, նաև Հայաստանի շատ քաղաքացիներ այլ երկրների շահեր են սպասարկում: Եթե այդպես շարունակվի, Խաչատուր Սուքիասյանը զգուշացրեց. - «Եվ եթե մենք գնանք տարիներ հետ և տեսնենք, թե Հայաստանի Հանրապետությունը ովքեր են ղեկավարել, ինչ ձևով են կառավարել, և տեսնենք, թե նրանք ինչ ձևով էին վերաբերվում այն մարդկանց, ովքեր որ մի օտար երկրի անուն էին տալիս. շատ վատ էին վարվում՝ կա՛մ էդ մարդիկ բանտում էին հայտնվում, կա՛մ էդ մարդիկ մահանում էին, կա՛մ էդ մարդիկ ունեզրկվում էին: Հիմա ձեզ ասում եմ՝ եթե դուք ձեր չափը չճանաչեք և դուք խանգարեք Հայաստանի Հանրապետության զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսեն»:

Այն, որ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող գործակալներ կան, նաև երկրի վարչապետն է հայտարարում, մինչ այժմ, սակայն, իրավապահները դրան հրապարակային չեն արձագանքել։ Ավելին՝ գլխավոր դատախազը վերջերս պնդել էր՝ դրանք քաղաքական հայտարարություններ են, և իրավական ընթացք տալու հիմքեր չկան:

Այդուհանդերձ, Բագրատ արքեպիսկոպոսն այսօր իրավապահ համակարգին կրկին կոչ արեց արձագանքել ոչ միայն իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի սպառնալիքներին, այլև առհասարակ իշխանության մեղադրանքներին, որ սրբազանն ու նրա առաջնորդած շարժումն այլ երկրի շահեր են սպասարկում:

«Շատ պարզ պատկեր է, ավելի բան ես կարող ե՞մ ասել: Վարքագիծը, որը դրսևորվում է, որը միգուցե թաքնված էր, բայց հիմա դրսևորվում է, իրավապահ համակարգը թող արձագանքի՝ օտարերկրյա շահեր, իրենք սպառնում են ունեզրկելու և սպանելու, բանտերով, թող արձագանքեն», - հայտարարեց Բագրատ սրբազանը:

Բագրատ արքեպիսկոպոսն այսօր երեկոյան օրը կամփոփի Սուրբ Աննա եկեղեցում, իսկ առաջիկայում շարժման առաջնորդները հանրահավաք են ծրագրում, Տավուշի թեմի առաջնորդն այսօր խոստացավ՝ այդ օրը անելիքների մասին հստակություն կմտցնեն։

XS
SM
MD
LG