Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խոստանում է սպասվող հանրահավաքում փակագծեր բացել։
«Կիմանան՝ ով է վարչապետի թեկնածուն երևի, կիմանան՝ ինչ ծրագիր կա, կիմանան՝ ինչպես ենք առաջ գնալու, ինչպես է իշխանությունը փոխանցելու», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց նա։
Ի՞ր անունն է հնչելու հարթակից՝ որպես վարչապետի թեկնածու, Բագրատ սրբազանն ուղիղ չպատասխանեց։
Անցած շաբաթ քաղաքական ուժերի ներկայացուցիչները նրա հետ հանդիպումից հետո հայտարարեցին, թե մասնակիցները համախոհ են, որ սրբազանն էլ առաջադրվի։
Պայքարի երրորդ փուլն ենք մտնում. սրբազան
Արքեպիսկոպոս Գալստանյանը, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժումը սկսել է մայիսի 9-ից, ասաց՝ պայքարի երրորդ փուլն են մտնում։ Իսկ ի՞նչ է ենթադրում այդ փուլը՝ մասնագիտական խմբերի հետ հանդիպումների շարունակությո՞ւնն է, թե՞ կոնկրետ քայլեր են անելու կառավարության հրաժարականին հասնելու համար։
«Գործողությունները, նոր թեկնածուները, հին թեկնածուները, բոլորը երրոդ փուլի մաս են կազմում։ Ինչ ճանապարհով որ կգնա, ամսի 26-ին մանրամասն կասվի դրա մասին, ինչո՞ւ եք ուզում, որ 3-4 օր շուտ ասեմ, որ մարդիկ էլ պատրաստվեն», - նշեց նա։
Տավուշի թեմի առաջնորդը վստահեցնում է՝ հնարավոր բոլոր տարբերակները քննարկում են՝ մանդատները վայր դնելը, վարչապետին անվստահություն հայտնելը. - «Մենք ունենք քայլերի հաջորդականություն, ռազմավարություն, որոնք զուգահեռ գնում են։ Հիմա իմպիչմենթ կլինի, հրաժարում կլինի, մանդատներ վայր դնելու հարց կլինի, բոլոր տարբերակները կան»։
Պատրաստ ենք աջակցել թեկնածուին, որին շարժումը կառաջադրի. «Հայաստան» խմբակցության անդամ
Շարժմանը աջակցող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը վստահեցրեց, այս պահին մանդատները վայր դնելու հարց չեն քննարկում։ Բայց, ըստ նրա, առհասարակ, ընդդիմության օրակարգում այս ճանապարհով ճգնաժամ ստեղծելու տարբերակ քննարկվել է։
«Սրբազանի հետ քննարկվել են իմպիչմենթի գործընթաց նախաձեռնելու հնարավորությունները, արդեն հրապարակվել է, որ մենք պատրաստ ենք աջակցել թեկնածուին, որին շարժումը կառաջադրի»։
Երկու շաբաթ է անցել Բագրատ սրբազանի հայտարարությունից, թե «առաջին քայլը, որ անելու ենք, լինելու է Ազգային ժողովով նրան անվստահություն հայտնել ու պաշտոնանկութան հասնելը»։
Նախագիծը չկա։ Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան»-ն ու «Պատիվ ունեմ»-ը պետք է նախաձեռնեին գործընթացը, մեկ պատգամավորի ստորագրություն էր պակասում։ Բագրատ սրբազանը հայտարարել էր, թե անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ խոսել է, նա չի մերժել, որ կմիանա։ Բայց մինչ օրս ոչ ընդդիմությունը, ոչ էլ շարժման նախաձեռնողը չի հստակեցնում՝ ինչ եղավ Իշխան Զաքարյանի ստորագրությունը։ Ինքը՝ պատգամավորը ևս մինչ օրս հրապարակային ոչինչ չի ասել։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր ասել է, թե հարցը դեռ օրակարգում է. - «Այն կախված է սրբազան շարժման՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման արդյունքներից, և այդ գործընթացում մենք նախապատրաստական համապատասխան աշխատանքներ իրականացնում ենք, և երբ որ այն հասունանա և հասնի Ազգային ժողով, մենք այն իրականացնելու ենք»։
Եթե անգամ նախաձեռնությանը միանա Իշխան Զաքարյանը, նախագիծն ընդունելու համար իշխող «Քաղաքացիական պայմանագրից» առնվազն 19 պատգամավոր կողմ պետք է լինի։ Իշխող կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն անհնար է համարում, որ կմիանան. - «Ես նախ և առաջ հնարավոր չեմ համարում, որ Վազգեն Գալստանյանը վարչապետ առաջադրվելու համար թեկուզ կհավաքի 36 ստորագրություն, ուր մնաց 72 կողմ ձայն, որ Սահմանադրության համապատասխան դրույթը փոխվի»։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երկքաղաքացի է, Սահմանադրությամբ նա չի կարող առաջադրվել։ Նույնիսկ Կանադայի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում չի լինի, քանի որ օրենքով միայն վերջին 4 տարին պետք է Հայաստանի քաղաքացի լինի թեկնածուն։ Ըստ սրբազանի թեկնածության կողմնակիցների՝ դրան հնարավոր է հասնել հանրային ճնշմամբ, ինչպես եղավ 2018 թվականին․ Փաշինյանը թեև սահմանադրական խնդիր չուներ, բայց ուներ իշխանության ձայների կարիքը, որ վարչապետ դառնա։ Հանրային ճնշմամբ իշխանական ՀՀԿ-ականները քվեարկեցին Փաշինյանի օգտին։