Կոպիրկինը կանչվել է Մոսկվա
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական կայքում ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի անունից միայն այսքանն է ասված։ Չկան մանրամասներ, թե ինչի պատճառով կամ ինչից հետո է նման անհրաժեշտություն առաջացել, և ինչքան են տևելու այդ խորհրդակցությունները։
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը «Ազատության» հետ զրույցում միայն ասաց՝ ռուսական կողմի որոշումն է, «մեկնաբանություն չունենք»։
Մինչև այս պահը չի հայտարարվել՝ արդյոք Հայաստանն էլ իր դեսպանին խորհրդակցությունների համար Ռուսաստանից հետ կանչելու որոշում կկայացնի։
Վերջին ամիսների բանավեճը
Վերջին ամիսներին հայ-ռուսական հեռակա բանավեճը ՀԱՊԿ-ի շուրջ էր։
«Ես ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստության», - ասել էր վարչապետ Փաշինյանը։
Նա այս մասին խոսել էր, երբ ՀԱԿՊ անդամ Բելառուսի նախագահը օրերս մեկնել էր Բաքու և հրապարակավ ակնարկել, թե տեղյակ է եղել Ղարաբաղի վրա հարձակվելու Ալիևի ծրագրերից և անգամ համաձայն եղել, որ այդ խնդիրը հնարավոր է պատերազմով լուծել:
«Այդ պատերազմի նպատակը եղել է Հայաստանի Հանրապետություն անկախ պետության չգոյությունը», - Հայաստանի վարչապետի՝ խորհրդարանի ամբիոնից հնչեցրած այս հայտարարությանն ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը հորդորեց այդ երկու երկրի անունը հստակ հնչեցնել։ Երևանից առայժմ պատասխան չի հնչել։
Ռազմական դաշինքին հետխորհրդային վեց երկիր է անդամակցում՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանն ու Տաջիկստանը:
Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները սկսեցին լարվել առավելապես վերջին երկու տարիներին, երբ Հայաստանը սեպտեմբերյան դեպքերից հետո դիմեց Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին ու այդպես էլ չստացավ ակնկալվող օգնությունը։ Չնայած Երևանի հետևողական պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքներ է օկուպացրել։
Այս տարի արդեն վարչապետ Փաշինյանը հայտարարեց դաշինքին անդամակցությունը դե ֆակտո սառեցնելու մասին։
Չնայած Պուտին-Փաշինյան՝ մոսկովյան վերջին հանդիպման ընթացքում համաձայնեցվեց Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերման հարցը, բայց կոնկրետ ՀԱՊԿ-ին երկու ղեկավարները չանդրադարձան, գոնե հրապարակավ այդ մասին որևէ բան չհայտարարվեց, ավելին՝ ըստ հայկական կողմի՝ Պուտինին Փաշինյանն ասել է՝ երկկողմ հարաբերությունները զարգանում են հաջողությամբ, շեշտել, որ Երևանն առաջին հերթին ուշադրություն է դարձնում տնտեսական համագործակցությանը:
Անցած տարի իրենց դժգոհությունը չթաքցնող Երևանն ու Մոսկվան սահմանափակվեցին միմյանց դիվանագետներին ԱԳՆ-եր կանչելով, բողոքի նոտաներ փոխանցելով։
Սեպտեմբերին Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվեց Ռուսաստանի ԱԳՆ, նրան փոխանցվեց բողոքի նոտա՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մասին հայտարարությունների առիթով: Հոկտեմբերի վերջին Երևանը բողոքի նոտա հանձնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանին՝ ռուսական «Առաջին ալիքի» եթերում հեռարձակված «Նիկոլ Փաշինյան. աղետ բերողը» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում, Երևանի ձևակերպմամբ, հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին:
Չուշացավ Մոսկվայի պատասխանը. հաջորդ իսկ օրը Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվեց Ռուսաստանի արտգործնախարարություն՝ Ռուսաստանի դեմ հայկական լրատվամիջոցների «օդիոզ հրապարակումների առիթով»։
Կրեմլն այդ ընթացքում պարզաբանումներ էր ակնկալում Երևանից՝ WSJ-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի վերաբերյալ։ Ամերիկյան պարբերականին Փաշինյանն ասել էր՝ Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Մոսկվան ձախողել է իրագործել իր դաշնակցային պարտավորությունները, հատկապես Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության հաստատման ժամանակ։
Սա դիվանագիտական պրակտիկայում համարվում է ծայրահեղ գործիք. Ավետ Ադոնց
Նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցն ասում է՝ սա հայ-ռուսական հարաբերություններում առաջին նման դեպքն է. - «Սա դիվանագիտական պրակտիկայում համարվում է ծայրահեղ գործիք, իրականացվում է այն դեպքում, եթե մի կողմը երկկողմ հարաբերություններում, մասնավորապես, հատում է մյուս կողմի համար կարմիր գիծը։ Ռուսաստանում այն գնահատականն է ուրեմն, որ Հայաստանը հատել է կարմիր գիծը։ Դեսպանները հետո վերադառնում են, եթե հարցը կարգավորվում է, իհարկե։
Ինչ վերաբերում է այս քայլին Ռուսաստանի կողմից, ապա իրականում ինքն աննախադեպ է, ինքը շատ վտանգավոր հեռանկարներ ունի, որովհետև նորից ու նորից Հարավային Կովկասում Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես անվտանգային խաղացող, վերջին դերը չի խաղում», - ասաց Ադոնցը։
Երկկողմ հարաբերությունների աննախադեպ այս լարվածության ու բազմաթիվ անպատասխան հարցերի ֆոնին վարչապետի խոսնակը Ֆեյսբուքում տեղեկացրեց՝ երեկոյան 9-ին Նիկոլ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին։