Մատչելիության հղումներ

Բաքվում Կովկասի անվտանգության հարցով քննարկված «շատ հետաքրքիր առաջարկներ ունեմ»․ Լուկաշենկոն՝ Պուտինին


Լուկաշենկո-Պուտին հանդիպում Մինսկում, 23-ը մայիսի, 2024թ․
Լուկաշենկո-Պուտին հանդիպում Մինսկում, 23-ը մայիսի, 2024թ․

Ռուսաստանի ու Բելառուսի նախագահները, Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ, երեկ երեկոյան ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հարավային Կովկասի անվտանգությանը վերաբերող հարցեր։

Համենայն դեպս, Լուկաշենկոն Պուտինին Մինսկի օդանավակայանում դիմավորելիս ասել է, թե Բաքվից վերադառնալուց հետո հետաքրքիր առաջարկ ունի։

«Ես շատ հետաքրքիր առաջարկներ ունեմ մեր տարածաշրջանի և Կովկասի վերաբերյալ։ Այդ առաջարկները մենք շատ լուրջ քննարկել ենք վերջերս Ադրբեջան կատարած իմ այցի ժամանակ», - ասել է Լուկաշենկոն։

Բելառուսական պաշտոնական լրատվամիջոցների կողմից հրապարակված այդ կարճատև տեսանյութում Լուկաշենկոն այլ մանրամասներ չի հայտնել, նրա երեկվա հանդիպումն էլ Պուտինի հետ անցել է փակ դռների հետևում։

Ի՞նչ առաջարկների մասին է խոսքը

Ի՞նչ առաջարկների մասին է խոսքը, և ինչպե՞ս է Պուտինն ընդունել Լուկաշենկոյի մոտ Բաքու և Շուշի կատարած այցից հետո ծնված առաջարկը, ևս հայտնի չէ։

Ընդ որում այս մասին Լուկաշենկոն խոսում է հայ բելառուսական նոր սկանդալի ֆոնին․ մեկ շաբաթ առաջ Բելառուսի նախագահն այցելել էր Ադրբեջան և իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել, որ Իլհամ Ալիևն այլևս ամբողջ Կովկասի առաջնորդն է։

«Դա արդեն ոչ միայն պատասխանատվություն է Ադրբեջանի համար, դուք արդեն ընդհանուր առմամբ պատասխան եք տալիս Կովկասի համար»,- ասել էր Բելառուսի նախագահը։

Բացի այդ Լուկաշենկոն Ալիևի հետ զրույցում ակնարկել էր, թե տեղյակ է եղել, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Արցախի վրա, ավելին՝ համաձայն է եղել Ալիևի հետ, որ ղարաբաղյան խնդիրը կարելի է պատերազմով լուծել։

«Հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել», - ասել է Լուկաշենկոն։


Ի պատասխան՝ Հայաստանի վարչապետը նախօրեին հայտարարեց՝ Լուկաշենկոն հրապարակավ ասել է այն, ինչ ինքը փորձում է 4 տարի այլաբանորեն փոխանցել Հայաստանի Հանրապետությանը։

Փաշինյանն ավելի հեռուն է գնաց և ասաց, թե ՀԱՊԿ -ի անդամ առնվազն 2 երկիր մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։

Ռուսաստանն իր հերթին երեկ կոչ արեց Փաշինյանին հստակեցնել, թե ՀԱՊԿ անդամ որ պետություններն են 2020 թվականի պատերազմի ժամանակ աջակցել Ադրբեջանին։

Հայաստանը, թեև մի քանի ամիս է՝ չի մասնակցում ՀԱՊԿ միջացառումներին և հայտարարում է իր անդամությունը սառեցնելու մասին, մինչ օրս դե յուրե մնում է ռազմական դաշինքի կազմում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG