Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Դրա օգտին քվեարկել է 83, դեմ՝ 23 պատգամավոր։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ օրինագծի երրորդ՝ վերջնական ընթերցմամբ քվեարկությունը տեղի կունենա երկու շաբաթից։ Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը քննադատում է այս օրինագիծը, խոստացել է վետո դնել փաստաթղթի վրա, եթե այն ընդունվի երրորդ ընթերցմամբ։ Իշխող կուսակցությունը, սակայն, ունի բավականաչափ ձայներ՝ դեմ գնալու նախագահական այս վետոյին: Առաջին ընթերցումը տեղի է ունեցել ապրիլի 17-ին։
Օրենքի դեմ Թբիլիսիում բազմամարդ բողոքի ցույցեր են օրեր շարունակ։ Դրանք ցրելու համար ոստիկանությունը երեկ կոշտ միջոցներ էր կիրառել։
Թբիլիսիի միջազգային գործընկերները՝ Վաշինգտոնից մինչև Բրյուսել, Կոբախիձեի կառավարությանը զգուշացրել են՝ օրենքն ընդունվելու դեպքում Վրաստանը կարող է չհասնել Եվրամիության անդամակցությանը, որի համար երկիրը պայքարում է շուրջ երկու տասնամյակ։