Վրաստան տանող ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում շարունակում է փակ մնալ։ Հավաքվածներն այստեղ են գիշերել։
Գիշերը հանգիստ է անցել։ Քաղաքացիներն «Ազատության»-ը ասացին, որ ոստիկանական ուժերի կուտակումներ չեն նկատել, պարեկային ծառայության մի քանի մեքենա կա տարածքում։
Նրանք երեկ շեշտում էին՝ ակցիաները շարունակական են լինելու։
Այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է նախատեսված։ Ավելի վաղ գյուղացիներն ասել էին, որ իրենք Երևան չեն գալու և ակնկալում են, որ պաշտոնյաներն իրենք կժամանեն Տավուշ ու կպատասխանեն իրենց հարցերին։
Երեկ Կիրանցում էր «Ապրելու երկիր» կուսակցության փոխնախագահ Մեսրոպ Առաքելյանը։ Նա փոխանցել էր, որ հայկական կողմն ականազերծման աշխատանքներ է սկսել, դրա համար էլ բնակիչները դարձյալ ցույցի են դուրս եկել։ Տարածքում նաև ոստիկանական ուժեր կային։
Ուրբաթ երեկոյան հաղորդվեց, որ Հայաստանը ու Արդբեջանը նախնական պայմանավորվել են Տավուշ-Ղազախի սահմանամերձ հատվածներից մի քանիսում սահմանազատման մասին:
Բնակիչներն ասում էին, որ պաշտոնական հայտարարությունները հակասում են երկու օր առաջ իրենց գյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածներին։