Վլադիմիր Զելենսկին ահազանգում է՝ Ուկրաինան պարտվում է Ռուսաստանի դեմ պատերազմում, վատթարացող իրադրությունն, ըստ Ուկրաինայի առաջնորդի, հնարավոր է փոխել, եթե դաշնակիցները քաղաքական կամք դրսևորեն և Ուկրաինա հասցնեն խոստացված սպառազինությունը:
«Եթե Կոնգրեսը չօգնի Ուկրաինային, Ուկրաինան կպարտվի պատերազմում։ Առանց ԱՄՆ-ի աջակցության Ուկրաինային դժվար կլինի հաղթել կամ նույնիսկ գոյատևել որպես երկիր»», - երեկ հայտարարում էր նախագահ Զելենսկին և հավելում․ - «Միանգամայն ակնհայտ է, որ Ուկրաինայում մեր ունեցած հակաօդային պաշտպանության համակարգերը բավարար չեն, և դա ակնհայտ է մեր բոլոր գործընկերների համար»։
Ուկրաինայի նախագահը պնդում էր, որ դաշնակիցներն ունեն նման սպառազինություն, և այն Ուկրաինա հասցնելու համար զուտ քաղաքական կամք է պահանջվում, հակառակ դեպքում, ասաց, դրանք կկիրառվեն ՆԱՏՕ-ի արևելյան թևում՝ ակնարկելով, որ Ուկրաինայից հետո Ռուսաստանը կհարձակվի նաև Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի մյուս երկրների վրա։
Կիևից դեռ չեն պարզաբանել՝ պարտության մասին Զելենսկու ահազանգը որքանով է արտացոլում իրավիճակը ռազմի դաշտում, գուցե նախագահը գույները մգացրել է 60 միլիարդ դոլարի ամերիկյան ռազմական օգնությունը օր առաջ ստանալու անհրաժեշտության ֆոնին:
Ուկրաինայի պահանջած աջակցության այդ փաթեթի հաստամանը հակազդում են ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական օրենսդիրները։
Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնն ավելի վաղ հայտնել է, որ ապրիլի 9-ին ավարտվող Զատկի տոներից հետո կոնգրեսականները կընդունեն Ուկրաինային օգնելու մասին օրինագիծը, միաժամանակ նշելով, որ գործընթացը բարդ կլինի:
Հանրապետականների մի մասը, այդ թվում՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվել ձգտող Դոնալդ Թրամփը, բացահայտ ընդդիմանում են Ուկրաինային ռազմական աջակցություն տրամադրելուն։ The Washington Post-ը գրում է, որ Թրամփը պատերազմը կանգնեցնելու սեփական պլանն ունի, ինչը սկզբունքորեն տարբերվում է Բայդենի քաղաքականությունից, որն ընդգծում է Ուկրաինային ռազմական աջակցությունը և ռուսական ագրեսիային դիմադրելը:
Մինչդեռ Թրամփը, ըստ ամերիկյան թերթի, որը վկայակոչում է նրա պլանին քաջատեղյակ երկու աղբյուրի, գրում է, թե վերընտրվելու դեպքում մտադիր է երրորդ տարին շարունակվող պատերազմի ավարտին հասնել Կիևի վրա ճնշում գործադրելու ճանապարհով, ստիպելով Ուկրաինային հրաժարվել իր տարածքի մի մասից՝ արդեն ռուսների վերահսկողության տակ գտնվող շրջաններից՝ այդ թվում Ղրիմից ու Դոնբասից։
Նախկին նախագահն ավելի վաղ արդեն հայտարարել է, որ Սպիտակ տուն վերադառնալու դեպքում 24 ժամում կարող է կանգնեցնել տասնյակ հազարավոր կյանքեր խլած ուկրաինական բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր հողին հավասարեցրած պատերազմը՝ կողմերին նստեցնելով բանակցությունների սեղանի շուրջ։ Ուկրաինայի իշխանություններն անընդունելի են որակում զիջումների գնալու կոչերը՝ պնդելով, որ ուկրաինացիները պաշտպանում են Եվրոպան «ռուս մարդասպաններից», և այստեղ երկխոսություն չի կարող լինել։
Մինչ այդ, ճակատում նախաձեռնությունը ռուսների օգտին է, որոնք գրոհում են առաջնագծի ամբողջ երկայնքով, զուգահեռաբար Մոսկվան օր-օրի ահագնացնում է արյունալի հարձակումները ուկրաինական բնակավայրերի վրա։
Զելենսկին երեկվա իր ելույթում հատուկ անդրադարձել է Խարկովում ստեղծված իրավիճակին, որը, նրա խոսքով, կոշտ է։ Ժամեր անց նա արդեն ռազմական ղեկավարության հետ խորհրդակցության ընթացքում էր երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի հարցը քննարկում: Ռուսական ուժերի կողմից քաղաքի վրա հարձակողական գործողություններ սկսելու մտավախությունների ֆոնին Զելենսկին բանակի պատասխանատուներին հանձնարարել է ամրապնդել Խարկովի պաշտպանությունը։
Ռուսական ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել ընդհանուր առմամբ ութ բնակավայրի ուղղությամբ, հաղորդվում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի, վիրավորների, քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածությունների մասին, սևծովյան Օդեսա նավահանգստում վնասվել է լոգիստիկ և տրանսպորտային կառույց։
Լարված է իրադրությունը նաև Զապորոժիեի շրջանում Ռուսաստանի կողմից գրավված ատոմակայանի շենքի շուրջ։ Մոսկվան պնդում է, թե Կիևը դրոններով թիրախավորել է կառույցը, միջադեպին արձագանքել է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ հաստատելով, որ դրոնի հարվածի հետևանքով ատոմակայանում գտնվող վեցը ռեակտորներից մեկը վնասվել է, և թեև միջուկային անվտանգությունը չի խաթարվել, Եվրոպայի ամենախոշոր այս ատոմակայանում տեղի ունեցածը ՄԱԿ-ի գործակալությունը «լուրջ միջադեպ» է որակել: Կիևը կտրականապես հերքում է Մոսկվայի մեղադրանքները, թե ատոմակային հարվածած դրոնն ուկրաինական ուժերն են արձակել:
«Ագրեսոր պետությունը ևս մեկ անգամ վտանգի տակ է դնում Զապորոժիեի միջուկային օբյեկտը, քաղաքացիական բնակչությանը և Եվրոպայի շրջակա միջավայրը», - հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության խոսնակ Անդրեյ Յուսովը:
Ուկրաինայի դեմ երկար ձգվող պատերազմում էներգետիկ կառույցների թիրախավորումը Մոսկվայի մարտավարություններից է․ անցյալ ամիս ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ռուսական ուժերը թիրախավորել են երկրի տարբեր շրջաններում գտնվող յոթ ջերմաէլեկտրակայան, երկու հիդրոէլեկտրակայան՝ կաթվածահար անելով համակարգը:
«Ռուսները փորձում են անջատել խոշոր արդյունաբերական շրջանների և քաղաքների էլեկտրամատակարարումը։ Հրթիռների այն քանակը, որն օգտագործվում էր 2022-23 թվականների ձմեռային հարձակման ժամանակ, այժմ ուղղված են մեկ տարածաշրջանի հինգ կամ վեց էներգետիկ օբյեկտների վրա», - մեկնաբանել է «Ուկրէներգո»-ի ներկայացուցիչ Մարիա Ծատուրյանը։