Մատչելիության հղումներ

Իրանը ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ


Ամփոփում

. Իրանը ապրիլի 13-ի ուշ երեկոյան ԱԹՍ-ներ ու հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։

. Իսրայելի հաղորդմամբ՝ դաշնակիցների հետ համատեղ որսացել են արձակած շուրջ 300 անօդաչու թռչող սարքերի և հրթիռների «ճնշող մեծամասնությունը»:

. Իսրայելի դեմ գործողությունը սպասվածից ավելի հաջողված էր, շարունակելու մտադրություն չկա, հայտարարել է Իրանի ԳՇ-ն։

. Մի շարք երկրներ դատապարտել են, Վաշինգտոնը՝ վերահաստատել աջակցությունը Երուսաղեմին, ԱՄՆ նախագահը կիրակի «Մեծ յոթնյակի» հավաք է մտադիր հրավիրել։

. Իրաքը, Հորդանանը, Իսրայելը վերաբացել են իրենց օդային տարածքները։

. Սա Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա:

20։24

«Մեծ յոթնյակի» առաջնորդները դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի դեմ և վերահաստատել G7-ի հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը կիրակի օրը կայացած հանդիպման ժամանակ, ասվում է Սպիտակ տան X-ում արած գրառման մեջ:

20։13

ԱՄՆ նախագահը, ըստ Սպիտակ տան պաշտոնյայի, նախազգուշացրել է Իսրայելի վարչապետին, որ Նահանգները չի մասնակցի Իրանի դեմ հակահարձակմանը, եթե Իսրայելը որոշի պատասխան հարված հասցնել։

19։31

Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ մտահոգություն է առաջացնում, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը։

Պաշտոնական Երևանը կոչ է անում առաջնահերթություն տալ երկխոսությանը։

19։27

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանի տարածաշրջանային դաշնակիցները նախապես տեղեկացվել են Իսրայելի վրա օդային հարձակումների մասին։

17։07

Հարվածներ «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին

Իսրայելը կիրակի առավոտյան հարվածներ է հասցրել Լիբանանում գործող իրանամետ «Հեզբոլլահ» շարժման օբյեկտներին։

Տարածաշրջանում Իրանի ամենահզոր դաշնակիցը գիշերը հրթիռակոծել է իսրայելական բազան, հաղորդում է Reuters-ը։

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ավելի վաղ հայտարարել է, որ «չնայած Իրանի գիշերային ձախողված հարձակմանը, ռազմական արշավը չի ավարտվել», և պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի։

15։47

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի հորդորել է Իրանին և Իսրայելին խուսափել գործողություններից, որոնք կարող են սնուցել «բռնության պարույրը» Մերձավոր Արևելքում՝ այն ներքաշելով ավելի խորը հակամարտության մեջ:

15։46

Մերձավոր Արևելքի խոշորագույն ավիաընկերություններ հայտարարել են իրենց որոշ չվերթների չեղարկման կամ ինքնաթիռների երթուղին փոփոխելու մասին՝ տարածաշրջանում լարված իրավիճակի պատճառով։

12։10

Իրանը հայտարարում է, որ «հաջողությամբ ավարտել է գործողությունը և մտադիր չէ շարունակել»

Իրանը հայտարարում է, որ «հաջողությամբ ավարտել է իր գործողությունն Իսրայելի դեմ և մտադիր չէ շարունակել»։

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին ասել է, որ հարվածները «հասել են իրենց բոլոր նպատակներին»։ Գեներալ-մայորը նախազգուշացրել է Իսրայելին հակահարված չտալ՝ ասելով, որ Թեհրանի «պատասխանը շատ ավելի մեծ կլինի, քան այս գիշերվա ռազմական գործողությունները»:

11:30

Լուսանկարում «Շահեդ-136» («Geran-2») Իրանական արտադրության մահապարտ անօդաչու թռչող սարք, որը ներմուծվել է Ռուսաստանի կողմից՝ Ուկրաինա ներխուժելու նպատակով օգտագործելու համար։ Վերաբրենդավորվել է իբրև «Geran-2» կամ «Geranium-2»:
Լուսանկարում «Շահեդ-136» («Geran-2») Իրանական արտադրության մահապարտ անօդաչու թռչող սարք, որը ներմուծվել է Ռուսաստանի կողմից՝ Ուկրաինա ներխուժելու նպատակով օգտագործելու համար։ Վերաբրենդավորվել է իբրև «Geran-2» կամ «Geranium-2»:

11։29

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է նախատեսվում «Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի» վերաբերյալ, հայտնում է Կազմակերպությունը՝ չհստակեցնելով, թե երբ։

11։10

Նեթանյահուն հաղթանակ է խոստացել

Իրանի իրականացրած զանգվածային օդային հարձակումից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաղթանակ է խոստացել։

«Մենք ընդհատեցինք, հետ մղեցինք, միասին կհաղթենք», - գրել է Նեթանյահուն X-ում։

11:00

Իրանի անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հեռահարությունը
Իրանի անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հեռահարությունը

10։14

Տեղի հայերի հաղորդմամբ՝ հայ համայնքը կորուստներ չունի

Թել Ավիվից արևելք գտնվող Պետախ Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանի տեղեկություններով՝ հայ համայնքը զոհեր ու վիրավորներ չունի։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Տեր Տիրան վարդապետ Հակոբյանը ևս հայտնել է, որ «հայկական թաղամասում ամեն ինչ նորմալ է»:

Իսրայելի իշխանությունները մինչև այս պահը մեկ տուժածի մասին են հայտնել՝ 7 տարեկան աղջիկը ծանր վիրավորում է ստացել։

09։15

Իրանը մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 300 անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնց 99 տոկոսը խոցվել է, կիրակի օրը հայտնել են իսրայելյան զինվորականները։

Հեռուստատեսային ճեպազրույցում գլխավոր ռազմական խոսնակն ասել է, որ Իրանի գործողությունները «տարածաշրջանն էսկալացիայի են մղում»:

09։12

Իսրայելը վերաբացել է իր օդային տարածքը

Իսրայելը վերաբացել է իր օդային տարածքը կիրակի առավոտյան, հայտարարել են երկրի օդանավակայանների ղեկավարները։

Ըստ նրանց՝ սպասվում են փոփոխություններ բնակչությամբ երկրորդ իսրայելական քաղաքից՝ Թել Ավիվից թռիչքների չվացուցակում։

08։56

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Ամերիկան չի ձգտում հակամարտություն Իրանի հետ, սակայն չի վարանի գործել՝ պաշտպանելու ամերիկյան զորքերը և աջակցելու Իսրայելի պաշտպանությանը:

08։54

Բայդենը ծրագրում է G7-ի խորհրդակցություն հրավիրել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, ասել է, որ կիրակի օրը «Մեծ յոթնյակի» ղեկավարների խորհրդակցություն կհրավիրի՝ համակարգելու դիվանագիտական արձագանքը Իրանի հարձակմանը: Նա քննադատել է այդ հարձակումը Իսրայելի վրա։

Բայդենը հանդիպել է ազգային անվտանգության իր խորհրդականների, այդ թվում՝ պաշտպանության նախարար և պետքարտուղարի հետ Սպիտակ տանը, խոստացել կանգնել Իսրայելի կողքին:

«Իսրայելի անվտանգությանը մեր հանձնառությունը Իրանի և նրա վստահված անձանց սպառնալիքների դեմ երկաթյա է», - հանդիպումից հետո գրել է Բայդենը X-ում:

08։45

Կեսգիշերն անց Լիբանանը, Իրաքը, որոնք գտնվում են Իրանից արձակված անօդաչուների թռիչքի հավանական ուղու վրա, հայտնել են, որ փակել են իրենց օդային տարածքը: Իրանի և Իսրայելի օդային տարածքները բաց են միայն ռազմական ինքնաթիռների համար։

Երևանի «Զվաթնոց» օդանավակայանի չվացուցակի համաձայն՝ դեպի Թեհրան թռիչքի համար է ուշացում սպասվում՝ նախատեսված 9։10-ի փոխարեն 15։00-ին։ Բացի այդ, դեպի Կատարի մայրաքաղաք Դոհա ժամը 3։30-ին նախատեսված չվերթների կարգավիճակն է անհայտ։

Աղբյուրը՝ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքէջ
Աղբյուրը՝ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքէջ

08:34

Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ 7-ամյա աղջիկ է ծանր վնասվածքներ ստացել:

08:09

Օդային երթևեկության գրաֆիկական պատկերը ցույց է տալիս Իրանի և հարևան Մերձավոր Արևելքի օդային տարածքը
Օդային երթևեկության գրաֆիկական պատկերը ցույց է տալիս Իրանի և հարևան Մերձավոր Արևելքի օդային տարածքը

08։00

Իրանը մերձավորարևելյան հակամարության պատմության ընթացքում առաջին անգամ է իր տարածքից հարվածել Իսրայելին

Իրանի հարձակումից հետո Իսրայելը հայտարարել է, որ պատրաստվում է այդ երկրի հետ առճակատման, որը, ենթադրաբար, կարող է մի քանի օր տևել: Այդ մասին հայտնում է Kan ռադիոկայանը։

Իսրայելի բանակի խոսնակ, ծովակալ Դանիել Հագարին ասել է, որ Իրանի տարածքից Իսրայելի ուղղությամբ է արձակվել ավելի քան 200 միավոր օդային սպառազեն՝ բալիստիկ և թևավոր հրթիռներ և անօդաչուներ:

Ենթադրվում է, որ ի պատասխան ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի հրթիռակոծության ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Թեհրանի նախաձեռնած օդային գործողությունը, նույնիսկ եթե այն ծանր հետևանքներ չունենա Իսրայելի համար, բոլոր դեպքերում կհամարվի բեկումնային իրադարձություն, քանի որ Մերձավոր Արևելքի հակամարտության ամբողջ երկարատև պատմության ընթացքում Իրանն առաջին անգամ է իր տարածքից հարձակում գործել Իսրայելի վրա:

04:09

CNN ամերիկյան հեռուստակայանը, հղում անելով իսրայելյան և ամերիկյան աղբյուրներին, հաղորդել է, որ ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերն Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված հարյուրավոր հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից և ոչ մեկը թիրախին չի հասել:

Դրանք, ըստ CNN-ի, վնասազերծվել են իսրայելյան և ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերի ջանքերով:

Մինչ օրս ոչ մի անօդաչու թռչող սարք կամ բալիստիկ հրթիռ, որն Իրանը արձակել է Իսրայելի ուղղությամբ, չի խոցել հրեական պետության որևէ թիրախ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Խոցված և վայր ընկած իրանական հրթիռներից մեկի բեկորներից ծանր վնասվածք է ստացել մի տասնամյա հրեա երեխա, որին տեղափոխել են հիվանդանոց: Այլ տուժածների մասին տեղեկություններ ապրիլի 14-ին Երուսաղեմի ժամանակով առավոտյան ժամը 3-ի դրությամբ չեն ստացվել:

03։11

Եմենի հութի ապստամբների «Անսար Ալլահ» շարժումը մի քանի ռազմական ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։

Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, որը հղում է անում ծովային անվտանգության հարցերով զբաղվող բրիտանական Ambrey ընկերության հաղորդագրությանը։

«Եմենի հութիներն անօդաչու թռչող սարքեր են ուղարկել Իսրայելի ուղղությամբ»,- ասվում է զեկույցում։

Այդ գրոհների հետևանքով Իսրայելում տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել:

03։03

Իսրայելի ուղղությամբ Իրանի հարվածը ինքնապաշտպանություն է՝ նախատեսված ՄԱԿ-ի կանոնադրությամբ, ԱՄՆ-ը պետք է հեռու մնա, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը։

«Իրանի ռազմական գործողությունը օրինական պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի հիման վրա է իրագործվել՝ ի պատասխան Դամասկոսում դիվանագիտական կառույցների վրա սիոնիստական ռեժիմի հարձակման։ Թեման կարելի է լուծված համարել», - հայտարարել է իրանական դիվանագիտական առաքելությունը և հավելել․ - «Եթե իսրայելական ռեժիմը ևս մեկ սխալ թույլ տա, Իրանի պատասխանը շատ ավելի դաժան կլինի»։

X-ում հրապարակված այդ հայտարարությունում պաշտոնական Թեհրանը նաև պնդել է․ - «Սա հակամարտություն է Իրանի և իսրայելական հանցավոր ռեժիմի միջև, որից ԱՄՆ պետք է հեռու մնա»։

02:34

Եվրամիությունը խստորեն դատապարտում է Իսրայելի դեմ Իրանի անընդունելի հարձակումը, հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Սա աննախադեպ էսկալացիա է և լուրջ սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար», - X-ում գրել է Բորելը։

Իրանի հարձակումը դատապարտել և Իսրայելին աջակցություն է հայտնել պաշտոնական Լոնդոնը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Իրանի հարձակումն Իսրայելի դեմ անխոհեմ է որակել և շեշտել, որ Միացյալ Թագավորությունը «կշարունակի պաշտպանել Իսրայելի անվտանգությունը և տարածաշրջանի մեր բոլոր գործընկերներին»։

Պաշտոնական Փարիզը ևս վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը: «Նման աննախադեպ գործողությունների դիմելով, Իրանը նոր սահմանագիծ է անցնում իրավիճակի ապակայունացման իր գործողություններում և մեծացնում ռազմական էսկալացիայի վտանգը»,- նաև հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Ստեֆան Սեժուրնեն շաբաթ օրը խստորեն դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա և վերահաստատել Ֆրանսիայի համերաշխությունն ու «Իսրայելի անվտանգությանը նվիրվածությունը»։

Նիդեռլանդները հայտարարել է, որ Իրանի հարձակումից հետո իրավիճակը Մերձավոր Արևելքում «շատ մտահոգիչ է»: վարչապետ Մարկ Ռյուտեն X-ում գրել է, որ ավելի վաղ Նիդեռլանդները և «մյուս երկրները բարձրաձայն և հստակ ասել են Իրանին զերծ մնալ Իսրայելի վրա հարձակվելուց»:

02։05

Լիբանանը, Իրաքը, որոնք գտնվում են Իրանից արձակված անօդաչուների թռիչքի հավանական ուղու վրա, փակել են իրենց օդային տարածքը:

Իրանի և Իսրայելի օդային տարածքները բաց են միայն ռազմական ինքնաթիռների համար։

01։41

Թեհրանը սպառնում է պատասխանել այն երկրներին, որոնք կբացեն իրենց տարածքը, այդ թվում՝ օդային, Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների համար։

«Թեհրանը կոշտ կարձագանքի ցանկացած երկրի, որը կբացի իր օդային տարածքը կամ տարածքը՝ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների համար»,- Mehr գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։

Մոհամմադ Ռեզա Աշտիանի
Մոհամմադ Ռեզա Աշտիանի

01։28

Իսրայելը միասնականության կոչ է անում

Իսրայելի արտգործնախարարը միասնականության կոչ է անում՝ X-ի իր էջում, մասնավորապես, գրելով․ - «Մենք բոլորս պետք է պահպանենք մեր միասնությունը որպես ժողովուրդ և որպես երկիր՝ մեր առջև ծառացած մեծ մարտահրավերների առջև: Միայն միասին մենք կհաղթենք»։

1։21

Նեթանյահուն ռազմական շտաբում արտահերթ նիստ է գումարել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում գտնվող ռազմական շտաբում արտահերթ նիստ է գումարել, հայտնել է նրա գրասենյակը՝ «ոխերիմ թշնամի Իրանի կողմից արձակված անօդաչուների ու ռազմական գործողությունների սրացման պայմաններում»։ CNN-ը իր հերթին հաղորդում է, որ նախագահ Բայդենը շուտով ելույթով կդիմի ԱՄՆ ժողովրդին։

1։15

Վաշինգտոնը հայտարարում է՝ կաջակցի Իսրայելի ժողովրդի պաշտպանությանը Իրանի սպառնալիքներից

Վաշինգտոնը հայտարարում է՝ Միացյալ Նահանգները «Իսրայելի ժողովրդի կողքին է և կաջակցի նրանց պաշտպանությանը Իրանի սպառնալիքներից»:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը, վերահաստատելով Վաշինգտոնի աջակցությունը դաշնակից Իսրայելին, նախագահ Բայդենի խոսքերն է մեջբերել՝ «Իսրայելի անվտանգությանը մեր աջակցությունը երկաթյա է»։

ԱՄՆ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Սպիտակ տան ղեկավարը Դելավեր նահանգի Ռեհոբոթ քաղաքից վերադառնալուն պես առաջիկա ժամերին խորհրդակցություն կանցկացնի Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաների, ԱՄՆ պաշտպանության նախարարի, պետքարտուղարի մասնակցությամբ։

1:08

Իրանը ընդհանուր առմամբ մոտ 100 անօդաչու թռչող սարքեր և թևավոր հրթիռներ է արձակել. Channel 12 TV

Իսրայելում ամենաբարձր վարկանիշ ունեցող Channel 12 հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Իրանը ընդհանուր առմամբ մոտ 100 անօդաչու թռչող սարքեր և թևավոր հրթիռներ է արձակել իսրայելական թիրախների ուղղությամբ, և որ որոշները խոցվել են Սիրիայի կամ Հորդանանի երկնքում:

1։06

Տելեգրամյան ալիքները Իսրայելի ուղղությամբ թռչող անօդաչու սարքերի տեսանյութեր են հրապարակում

1:04

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ տասնյակ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ են արձակել Իսրայելում կոնկրետ թիրախների դեմ, փոխանցում են իրանական պետական լրատվամիջոցները՝ հղում անելով էլիտար ուժերի հայտարարությանը:

00:53

Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, նույնիսկ ուղիղ հարձակման. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուղերձով է հանդես եկել՝ վստահեցնելով, որ երկիրը պատրաստ է Իրանի ուղիղ հարվածներին։ «Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, նույնիսկ ուղիղ հարձակման: Մեր պաշտպանական համակարգերը ընդարձակ են։ Իսրայելի պետությունն ուժեղ է, Իսրայելի պաշտպանության բանակն ուժեղ է, հասարակությունն ուժեղ է»,- Haaretz իսրայելական պարբերականի փոխանցմամբ՝ հայտարարել է վարչապետ Նեթանյահուն։

Իսրայելի առաջնորդն ընդգծել է, որ բարձր է գնահատում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և մյուս երկրների աջակցությունը՝ կոչ անելով հանրությանը հետևել Թիկունքի հրամանատարության ուղեցույցներին:

«Ովքեր մեզ ցավ են պատճառել, մենք նրանց ենք ցավեցնում»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը՝ հավելելով․- «Մենք պաշտպանվելու ենք ցանկացած սպառնալիքից և դա անելու ենք վճռականորեն»։

00։48

Հորդանանի ՀՕՊ-ը պատրաստ է խոցել իրանական ցանկացած ԱԹՍ կամ ինքնաթիռ

Հորդանանի հակաօդային պաշտպանությունը պատրաստ է խոցել իրանական ցանկացած անօդաչու թռչող սարք կամ ինքնաթիռ, որը խախտում է իր օդային տարածքը, Reuters-ի փոխանցմամբ՝ ասել են տարածաշրջանային անվտանգության երկու աղբյուրներ:

Նրանք նշել են, որ բանակը նույնպես գտնվում է բարձր զգոնության վիճակում, և ռադիոլոկացիոն համակարգերը վերահսկում են անօդաչու թռչող սարքերի գործունեությունը:

00։45

Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Բայդենը Սպիտակ տանը խորհրդակցություն կանցկացնի իր ազգային անվտանգության թիմի հետ Մերձավոր Արևելքի իրադարձությունների վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը։

00։34

Ինքնաթիռների թռիչքներին հետևող Flight Radar 24 պորտալը տեղեկացնում է, որ տարածքում բացակայում են քաղաքացիական ինքնաթիռները։

Իսրայելը հաստատել է Իրանի հարձակումը

Իսրայելը քիչ առաջ հայտարարել է, որ Իրանը անօդաչու թռչող սարքեր է արձակել իր ուղղությամբ։ Պաշտպանության բանակը հավաստիացրել է, որ պաշտպանական համակարգերը պատրաստ են դրանք ոչնչացնելու կամ ազդանշաններ հնչեցնելու համար, որոնք վտանգված տարածքների բնակիչներին կհրամայեն պատսպարվել:

Անօդաչու թռչող սարքերի թռիչքի ժամանակը կարող է տևել մի քանի ժամ, ճեպազրույցում ասել է երկրի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, ծովակալ Դանիել Հագարին։

  • Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ վրեժ կլուծի Իսրայելից ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի հրթիռակոծության համար: Այդ գրոհի հետևանքով սպանվել են մի խումբ իրանցի զինվորականներ, այդ թվում՝ երկու գեներալ:
  • ԱՄՆ նախագահն զգուշացրել էր Իրանին չգնալ նմանատիպ գործողությունների՝ ասելով, որ կօգնեն Իսրայելին։
  • Իսրայելը չի ստանձնել Դամասկոսում Իրանի ներկայացուցչության վրա հարձակումը։
  • Իրանի պետական լրատվամիջոցները շաբաթ օրը հաղորդել են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը Հորմուզի նեղուցի մոտ բեռնանավ են գրավել՝ պնդելով, որ նավը «կապված է Իսրայելի հետ», տեղափոխել այն Իրանի տարածքային ջրեր։

XS
SM
MD
LG