ԱՄՆ վարչակազմում չեն բացառում, որ Իրանը կարող է Իսրայելին հարվածներ հասցնել: Ըստ Al-Arabiya հեռուստաալիքի՝ այդ մասին ասել է Սպիտակ տան խորհրդական Ջոն Քիրբին։
«Մենք շարունակում ենք Իրանի կողմից պոտենցիալ վտանգը գնահատել որպես իրատեսական», - ասել է Քիրբին:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը մշտապես կապի մեջ է Իսրայելի հետ: Սպիտակ տան պաշտոնյայի խոսքով՝ Միացյալ Նահանգները կհոգա Իսրայելի՝ պաշտպանության հետ կապված բոլոր կարիքները:
Ապրիլի 1-ին Թեհրանը և Դամասկոսը հայտնել են Սիրիայի մայրաքաղաքում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հրթիռային հարձակման մասին։ Գրոհի հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալներ: Իրանը խոստացել է պատասխանել այս հարձակմանը, սակայն չի հստակեցրել, թե երբ և ինչպես դա կանի:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ ասել է, թե որևէ գործողություն անպատասխան չի մնա՝ անկախ այն բանից, թե որտեղից է այն գալու:
Այսօր ավելի վաղ CBS News-ը՝ վկայակոչելով ամերիկյան ղեկավարության աղբյուրները, հայտնել է, որ Իրանը կարող է հարվածել Իսրայելին արդեն մոտակա ժամերին, և դրա համար կօգտագործեն ավելի քան 100 անօդաչու թռչող սարքներ և մի քանի տասնյակ հրթիռներ:
Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկացած օգնություն կտրամադրի Իսրայելին՝ Իրանից բխող սպառնալիքները վնասազերծելու համար: