Դելավերում իր սեփական առանձնատանը հանգստյան օրերն անցկացնող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր՝ նախատեսվածից մեկ օր շուտ, կվերադառնա Սպիտակ տուն:
Հանգիստը կիրակի օրվա փոխարեն շաբաթ օրն ավարտելու որոշումը կապված է Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի և, մասնավորապես, Իսրայելին հարված հասցնելու Իրանի հնչեցրած սպառնալիքի հետ:
Բայդենն ավանդաբար Դելավերի նահանգում Սասեքսի շրջանի Ռեհոբոթբիթչ ավանում է անցկացնում հանգստյան օրերը:
Նա երեկ է մեկնել իր առանձնատուն և պետք է կիրակի օրը վերադառնար, սակայն այսօր է վերադառնում «Մերձավոր Արևելքի զարգացումներն ազգային անվտանգության թիմի հետ քննարկելու համար»: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Իրանը հայտարարել է, որ վրեժ կլուծի Իսրայելից ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի հրթիռակոծության համար: Այդ գրոհի հետևանքով սպանվել են մի խումբ իրանցի զինվորականներ, այդ թվում երկու գեներալ: