Իրանում այսօր տեղի է ունեցել Դամասկոսում հրթիռակոծության հետևանքով սպանված իրանցի գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդիի հուղարկավորությունը։ Հաղորդվում է, որ բարձրաստիճան զինվորական հողին է հանձնվել իր ծննդավայր Սպահանում։
ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ազդեցիկ ներկայացուցչի սգո արարողությանը մասնակցել են հազարավոր իրանցիներ։
63-ամյա Զահեդին, նրա տեղակալը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հինգ այլ սպաներ սպանվել են երկուշաբթի օրը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դեսպանատան շենքի վրա ավիահարվածի հետևանքով։
Պաշտոնական Թերանը հարձակման համար մեղադրում է իր վաղեմի հակառակորդ Իսրայելին՝ սպառնալով վրեժխնդիր լինել։
Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ Զահեդիի հուղարկավորության մասնակիցները հակաիսրայելական կարգախոսներ են վանկարկել և պահանջել անհապաղ հաշվեհարդար տեսնել Իսրայելի դեմ։