«Ադրբեջանական բանակի և Թուրքիայի Զինված ուժերի սերտ համագործակցությունը մեծապես կնպաստի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացմանը», - այսօր Բաքվում, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ընթացքում, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի ղեկավարն ասուլիսի ժամանակ նաև բարձր է գնահատել ադրբեջանցի զինծառայողների «պրոֆեսիոնալ հատկանիշները, որոնք ցուցաբերվել են դաշինքի կողմից իրականացվող խաղաղապահ գործողությունների շրջանակներում»։
Սա Ստոլտենբերգի առաջին այցն է Բաքու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Նա երեկ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Բաքվից հետո Ստոլտենբերգը կայցելի Վրաստան և Հայաստան։ Երևանում և Թբիլիսիում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունենալու նախագահների և վարչապետների հետ։