Մատչելիության հղումներ

«Ուկրաինային օգնելը բարեգործություն չէ, այլ՝ ներդրում մեր անվտանգությունում»․ Ստոլտենբերգ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վստահ է՝ դաշնակիցները պատրաստ են ավելին անել՝ երաշխավորելու Ուկրաինայի հաղթանակը ռուսական ուժերի դեմ պատերազմում։

Ստոլտենբերգը շեշտում է՝ Ուկրաինային օգնելը բարեգործություն չէ, այլ՝ ներդրում դաշնակիցների սեփական անվտանգության համակարգում: Այս մասին ՆԱՏՕ-ի ղեկավարը հայտարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում:

«Ես միշտ ընդգծում եմ՝ սա բարեգործություն չէ, սա ներդրում է մեր իսկ անվտանգության համար, և մեր ամենօրյա աջակցությունը փոխում է իրավիճակը մարտի դաշտում», - ասում է Ստոլտենբերգը:

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից երկու տարի անց Կիևը ռազմական, ֆինանսական աջակցության սուր կարիքի է բախվել մասնավորապես Արևմուտքում քաղաքական հոգնածության նշանների ֆոնին։ Մարտի դաշտում իրավիճակի ծայրաստիճան լարվածության մասին նախագահ Զելենսկին սկսեց խոսել հատկապես Ավդեևկա քաղաքի կորստից հետո։ Այդ քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող ճանապարհը միացնում է Ռուսաստանի կողմից վերահսկվող Դոնեցկը, Գորլովկան և Լուգանսկը։ Եթե ուկրաինական բանակին հաջողվեր ճեղքել այդ ուղին, դա լրջորեն կբարդացներ ռուսական զորքերի նյութատեխնիկական ապահովումը։

Ամիսներ տևած թեժ մարտերից հետո ուկրաինական զորքերի դուրսբերումը Ավդեևկայից, ՆԱՏՕ-ի ղեկավարի համոզմամբ, խոսում է ռազմական օգնության անհրաժեշտության մասին՝ «երաշխավորելու, որպեսզի Ռուսաստանը հետագա ձեռքբերումներ չունենա»:

«Բայց մենք չենք հավատում, որ ուկրաինական ուժերի դուրսբերումը Ավդեևկայից էապես կփոխի ռազմավարական իրավիճակը»,- հավելում է Ստոլտենբերգը:

Երկու տարվա ընթացքում Ուկրաինայի տարածքի ավելի քան մեկ քառորդն օկուպացրած Ռուսաստանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի գնահատմամբ, պատրաստ է զոհաբերել մեծաթիվ զինվորների նույնիսկ փոքր տարածքային ձեռքբերումների համար։ Ըստ Ստոլտենբերգի՝ Պուտինին օգնում են նաև Իրանից, Հյուսիսային Կորեայից սպառազինության մատակարարումները, ինչպես նաև սեփական արտադրության աճող ծավալները:

Ուկրաինան, իր հերթին, սպասում է ամերիկյան 61 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթին, որի ճակատագիրը դեռևս հստակ չէ․ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը հետաձգել է փաթեթի հաստատումը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ զուգահեռաբար մյուս դաշնակիցները, այդ թվում՝ Կանադան, Շվեդիան, Ճապոնիան են փորձում մեծացնել օգնության ծավալները։ Վերջին շաբաթներին Ուկրաինայի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր են կնքել Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան։

«Մենք իհարկե կենտրոնացած ենք Միացյալ Նահանգների վրա, բայց նաև տեսում ենք, թե ինչպես են մյուս դաշնակիցներն իսկապես ակտիվանում և նշանակալի աջակցություն ցուցաբերում Ուկրաինային», - ընդգծում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայի միջազգային գործընկերները՝ ավելի քան չորս տասնյակ երկիր, պարտավորվել են շուրջ 170 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրել, որի մի մասը բացառապես ռազմական աջակցություն է։ Արդո՞ք այդ միջոցները բավարար են հաղթանակի համար, թե՞ օգնությունը միայն թույլ է տալիս Ուկրաինային չպարտվել Ռուսաստանի դեմ պատերազմում։ Ըստ ՆԱՏՕ-ի ղեկավարի՝ եթե պատերազմի սկզբում աշխարհը երկմտում էր՝ ուղարկե՞լ Կիև ամենաժամանակակից զենքեր, թե՞՝ ոչ, ապա այժմ իրավիճակը միանգամայն տարբեր է․ Ստոլտեմբերգը հավաստիացնում է՝ դաշնակիցները պատրաստ են և արդեն տրամադրում են Կիևին առավել կատարելագործված սպառազինություն՝ այդ թվում «Լեոպարդ», «Աբրամս», «Մարդըրս», «Բրադլիզ», F-16 կործանիչներ։

Ի դեպ, նախագահ Զելենսկին այսօր հրապարակել է ամերիկյան արտադրության այդ կործանիչների վրա ուկրաինացի օդաչուների վարժանքների մասին տեսանյութ։ Հաղորդվում է, որ F-16-ների առաջին խմբաքանակը, որը տրամադրում են Դանիան և Նիդերլանդները, Կիև կհասնի արդեն այս տարվա ամռանը։

Ի՞նչ սպասել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի հնարավոր ընտրությունից հետո, որը կուսակիցներին կոչ էր անում չաջակցել Ուկրաինային հատկացվող ռազմական օգնության փաթեթին, ինչպես նաև սպառնում վերստին ընտրվելու դեպքում Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության ընթացքում անպաշտպան թողնել ՆԱՏՕ-ի այն անդամներին, որոնք կխուսափեն ռազմական ծախսերի ավելացումից:

Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքը տասը տարի ղեկավարող Յենս Ստոլտենբերգը հույս ունի, որ անկախ Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների արդյունքներից՝ Վաշինգտոնը կշարունակի լինել ՆԱՏՕ-ի հավատարիմ դաշնակից, քանի որ «դա բխում է հենց Միացյալ Նահանգների անվտանգության շահերից»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ Միացյալ Նահանգներն ավելի անվտանգ և ուժեղ է իր ավելի քան երեք տասնյակ դաշնակիցների հետ միասին՝ մի առավելություն, որը չունեն ո՛չ Չինաստանը, ո՛չ Ռուսաստանը»:



XS
SM
MD
LG