Մատչելիության հղումներ

Նավալնին մահացել է բնական մահով․ Նարիշկին


Ալեքսեյ Նավալնին մահացել է բնական մահով, "Соловьёв Live"-ի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

Հարցին, թե արդյո՞ք «արևմտյան ուժերը» առնչություն ունեցել են քաղաքական գործչի մահվան մեջ, Նարիշկինը պատասխանել է․ - «Չեմ կարծում, որ սա ինչ-որ հատուկ ծրագիր է։ Բայց, ցավոք, մարդիկ ունեն մի յուրահատկություն՝ վաղ թե ուշ կյանքն ավարտվում է, նրանք մահանում են։ Իսկ, թե Նավալնին բնակա՞ն մահով է մահացել՝ այո՛»։

Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովն էր ավելի վաղ հայտարարել, որ Նավալնին մահացել է բնական պատճառներով։ «Ալեքսեյ Նավալնու մահվան պատճառը իրոք պոկված թրոմբն էր», - Կիևում, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել էր Բուդանովը՝ չհստակեցնելով, թե որտեղից իրեն նման տեղեկություն։

Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին «Բևեռային գայլ» անվամբ հատուկ ռեժիմի գաղութում։ Մահից մի քանի օր առաջ նրան 27-րդ անգամ ուղարկել են պատժախուց, որում ավելի խիստ պայմաններ են, քան սովորական խցերում։ Քաղաքական գործչի հետևորդների համոզմամբ՝ նրան կա՛մ սպանել են, կա՛մ մահվան են հասցրել։ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում Նավալնիի մահը «սպանություն» է որակված, որի համար «քրեական և քաղաքական պատասխանատվություն» է կրում անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

XS
SM
MD
LG