Մատչելիության հղումներ

Արցախցիները կարող են զրկվել օգնության զգալի մասից. կազմակերպություններն ահազանգում են


Արխիվ
Արխիվ

Տեղահանվածների խնդիրներով զբաղվող կազմակերպությունները, իրավապաշտպաններն ահազանգում են՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քննարկվող արցախցիների աջակցության նոր ծրագիրը շատերին վարձով տներից բառացիորեն փողոց է գցելու։ Քառասուն ու տասը հազարական դրամը չեն ստանա չափահաս արցախցիները, երեխաները կստանան, ամսական 20 հազար դրամ էլ նախատեսում են թոշակառուների ու հաշմանդամությամբ մարդկանց համար, սա՝ ըստ սոցապի քննարկման մասնակիցների։

«Տուն-տեղ» կազմակերպության ղեկավար Ռուզան Հովհաննիսյանն ասում է՝ գերատեսչությունում հղում են անում զբաղվածության ծրագրերին, թե թող չափահասներն աշխատեն ու չսպասեն պետության փողին. - «Հենց Կոտայքի մարզում մարդիկ չեն կարողանում աշխատանք գտնել, մեր 20 շահառուից մի հոգի գալիս, Երևանում արտադրամասում է աշխատում, 20-ից մեկ-երկուսն են աշխատում»։

Իրավապաշտպան Անուշ Շահրամանյանի համոզմամբ՝ այս ամսվա վերջին ավարտվող աջակցության ծրագիրը՝ 40+10 հազարը, բոլոր տեղահանվածների համար պետք է շարունակվի։ Նա սոցապի քննարկման ժամանակ առաջարկել է՝ թեկուզ գումարի չափը նվազեցրեք, բայց բոլորի համար սկզբունքը պահպանեք։ Աջակցության գումարը մարդկանց անգործության չի մղում, օգնում է, որ դրսում չմնան, վստահ է նա։

«Մարդիկ ուղղակի սպասում են այդ աջակցության ծրագրերին, որպեսզի բնակարանների վարձավճարները վճարեն, իսկ չվճարելու դեպքում հայտնվում են փողոցում, և բոլորը եթե նույնիսկ աշխատեն, ունենան աշխատանք, միևնույն է այդ աջակցությունը պետք է, որովհետև աշխատածը միայն հերիքում է բնակարան վարձելու և կոմունալ վճարները տալու համար», - ասաց Անուշ Շահրամանյանը։

Նախորդ ամսվա սկզբին սոցապնախարարության ներկայացուցիչները տեղահանվածների համար զբաղվածության նոր ծրագրի մասին հայտարարեցին ուսուցման, պրակտիկայի ու աշխատանքի բաղադրիչներով։

Մինչև այժմ շուրջ 1000 արցախցի է հետաքրքրվել այս ծրագրով։
Իրավապաշտպան Անուշ Շահրամանյանը շեշտում է՝ աշխատանք գտնելը դժվար է նույնիսկ զբաղվածության հատուկ ծրագրի շրջանակում։

Չափահաս արցախցիներին աջակցությունից զրկելով մեծ լարվածություն է ստեղծվելու, սոցապի նոր մոտեցումն անընդունելի է համարում նաև Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Տրամաբանական չէ նաև, թե ինչու թոշակառուներին օրինակ՝ 20 հազար են տալիս այն դեպքում, երբ թոշակառուն ի վիճակի չէ աշխատել, չհաշված, որ նույնիսկ չափահասները, գործունակ մարդիկ աշխատանք չեն գտնում», - ասաց նա։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն առայժմ նոր ծրագրի մանրամասները չի հրապարակում, առաջիկայում կներկայացնեն կառավարության հավանությանը, շեշտում են՝ ծրագրի թիրախում խոցելի խմբերն են։

Ենթադրվում է՝ մյուսները թող աշխատեն։

Ի դեպ, տեղահանմանը հաջորդած կես տարվա ընթացքում Հայաստանում գործ է գտել շուրջ 12 հազար արցախցի։

XS
SM
MD
LG