Մատչելիության հղումներ

Վերադարձի ակնկալիքներ՝ առանց հստակության. արցախցի պաշտոնյաները նշեցին շարժման 36-րդ տարեդարձը


Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 20-ը փետրվարի, 2024թ.
Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 20-ը փետրվարի, 2024թ.

Այսօր առավոտյան Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատարի և արցախցի պատգամավորների հետ նախ այցելեց Եռաբլուր՝ ծաղիկներ դնելով զոհվածների հիշատակին։

Ապա Երևանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունում, փակ դռների ետևում, խորհրդարանի հանդիսավոր նիստ տեղի ունեցավ, որտեղ ելույթ ունեցավ նաև Սամվել Շահրամանյանը։ Քանի որ լրագրողների մուտքն արգելված էր, նիստին մասնակցած ներկայիս և նախկին պատգամավորները փոխանցեցին, որ հիմնականում շնորհավորանքներ են հնչել, խոսել են սխալների և բացթողումների, արցախահայ համայնքի պահպանման, ինչպես նաև Արցախ վերադառնալու ուղիների մասին:

Ինչպե՞ս են պատկերացնում արցախցի պաշտոնյաները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձը հայրենիք։ Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցն այսօր «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց՝ կոնկրետ քայլեր են ձեռնարկում, բայց այդպես էլ փակագծեր չբացեց:

«Ազատություն»․ - 36 տարի անց Արցախը հայաթափված է, ամբողջությամբ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում ընդհանրապես արցախցիների, Արցախի ճակատագիրը և արցախցիների հավաքական վերադարձը։

Բաղունց. - Բոլոր փակագծերն այսօր չեմ կարող բացել, բայց հավաստիացնում եմ, որ մենք անում ենք հնարավորը՝ հաշվի առնելով և՛ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, և՛ Հայաստանի Հանրապետության ներսում իշխող տրամադրությունները, հաշվի առնելով այն մեղադրանքը, որ մեզ, Արցախի պետական կառույցները որոշ ուժեր անվանում են սպառնալիք Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, մենք ամեն ինչը հաշվի առնելով՝ շատ մտածված, հաշվարկված քայլեր ենք կատարում, որպեսզի լրացուցիչ խնդիրներ չստեղծելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար, այնուամենայնիվ և՛ աշխարհին, և՛ մեր երկու հանրապետությունների քաղաքացիներին հավաստիացնենք, որ մեր պայքարը շարունակվելու է, արցախահայությունը չի ընդունի այն գաղափարը, որ մենք փակել ենք Արցախի էջը, և վերադարձի տրամադրությունները միշտ մեր մոտ մնալու են։ Հուսով եմ, որ թեկուզ ոչ հեռու ապագայում, մենք էական հաջողություններ կունենանք այդ ուղղությամբ։

«Ազատություն». - Դուք ելքը ինչպե՞ս եք տեսնում։

Բաղունց. - Թույլ տվեք փակագծերը չբացել։ Մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկում, մենք շարունակելու ենք անել ամեն ինչ, ինչ հնարավոր է, որպեսզի արցախահայությունը վերադառնա հայրենիք՝ մեր պատմական հայրենիք, և հույս եմ պահում, որ, չնայած արդեն իմ բավականին մեծ հասակիս, հույս եմ պահում, որ կվերադառնամ՝ ես կվերադառնամ, ոչ թե իմ թոռները:

«Ազատություն». - Ոչ Ադրբեջանի կազմում։

Բաղունց . - Դրա մասին մենք լրացուցիչ կխոսենք՝ ինչ պայմաններով, ինչ պահանջներով, ինչ կարգավիճակով: Դա երկար գործընթաց է, և չխուսափելով ոչ մեկի հետ հարաբերություններից՝ սկսած մեր Հայաստանի Հանրապետության իշխանություններից, և վերջացրած գերտերությունների հետ համագործակցելով և շփումներ պահելով թեկուզ և Ադրբեջանի իշխանությունների հետ, այնուամենայնիվ աչքի առաջ պահելով մեր ընդհանուր ռազմավարական խնդիրը։

«Ազատություն». - Շփումներ կա՞ն այս պահին ադրբեջանցիների հետ՝ որևէ մակարդակում:

Բաղունց. - Թողեք էդ հարցին չպատասխանեմ:

Արցախի խորհրդարանի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը մեծ հույսեր է կապում Ղարաբաղի հարցով վերջերս ստեղծված հանձնախմբի հետ։ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ղեկավարած այս կառույցի նպատակն է աջակցել արցախահայերի հավաքական հայրենադարձությանն ու հիմնարար այլ իրավունքների պաշտպանությանը։ Ղուլյանը կարծում է ՝ միջազգային դերակատարների հետ ճիշտ աշխատանքի և բարենպաստ իրավիճակ դեպքում հնարավոր կլինի հաջողության հասնել։

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյան, արխիվ
Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյան, արխիվ

«Ազատություն». - Առանց Հայաստանի իշխանության աջակցության հնարավո՞ր է հասնել:

Ղուլյան. - Շատ ճիշտ կլինի, որ Հայաստանի իշխանություններն էլ հենց դրան լծվեն, որովհետև այսօր կարծես թե ամբողջ աշխարհը խոսում է դրա մասին, բացի Հայաստանի իշխանություններից:

«Ազատություն». - Իսկ ո՞րն է պատճառը:

Ղուլյան. - Ես չեմ կարող ասել:

«Ազատություն». - Արցախի հարցը Փաշինյանը փակված է համարում:

Ղուլյան. - Դուք եք դա ասում, բայց ես վստահ եմ, որ ոչ մեկը իրավունք չունի Արցախի հարցը փակված համարել:

Արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի համոզմամբ՝ հայրենադարձության հանձնախումբը թույլ չի տալու, որ փակվի Արցախի հարցը։ Պատգամավորի փոխանցմամբ՝ այդ կառույցն առաջիկայում համալրվելու է և մի քանի շաբաթից սկսելու է գործունեությունը, ընդ որում՝ ոչ թե Հայաստանում, այլ՝ արտերկրում։

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյան, արխիվ
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյան, արխիվ

«Շատ, շատ դժվար է ու ծանր է, երբ դու առանց իշխանությունների պիտի ինչ-որ բան անես, և հակառակը՝ իշխանությունները հակառակն են անում, այո, Հայաստանի իշխանությանը ի նկատի ունեմ: Հակառակը՝ իրենք թույլ էլ չեն տալիս, որ դու անես, և ընդհանրապես ուզում են, որ դու չլինես: Ամենաքիչը, որ հանձնախումբը անելու է՝ լիազորված Արցախի Ազգային ժողովի անունից և հետևաբար նաև ժողովրդի, այն է, որ ինքը թույլ չի տալու փակվի Արցախի հարցը՝ դա ամենակարևորն է այս պարագայում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հակոբյանը:

Ասկերանի նախկին քաղաքապետ, Արցախի խորհրդարանի երեք գումարումների պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, մինչդեռ, վստահ է՝ դեպի Արցախ ճանապարհը կբացվի, երբ ժողովուրդը հեռացնի այսօրվա իշխանություններին։

«Այս իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի Արցախ բառը չհնչի», - ասաց Գաբրիելյանը:

Հայաստանի իշխանությունները՝ ոչ նախագահի, ոչ վարչապետի և ոչ էլ Ազգային ժողովի նախագահի մակարդակով, այսօր որևէ բառ չեն ասել Արցախյան շարժման 36-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մինչ այդ նրանք մի քանի անգամ զգուշացրել են՝ Ղարաբաղի լուծարումից հետո Արցախի պետական կառույցների գործունեությունը ուղիղ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։ Արդյոք Հայաստանի իշխանությունը խնդրահարույց է համարում նաև Երևանում այսօր տեղի ունեցած Արցախի խորհրդարանի հանդիսավորի նիստը՝ առայժմ որևէ գնահատական չի հնչեցրել:

XS
SM
MD
LG