Հարություն Հակոբյանը Միասնական սոցիալական ծառայությունում բախտակիցներ շատ ունի, Արցախից տեղահանվածներ կան երեք ամիս է փորձում են իրենց համար նախատեսված պետական փողերը ստանալ՝ անօգուտ:
«Չգիտենք՝ շահառու ենք, թե՝ չէ, ու ոչ ոք չի պատասխանում էդ հարցին: Ստեղից ընդեղ են ուղարկում, ընդեղից ուրիշ տեղ են ուղարկում, ուր գնում ես ոչ մեկը չի պատասխանում», - ներկայացրեց Հակոբյանը:
Հարություն Հակոբյանը փորձել է հարցի պատասխանը ստանալ բանավոր, հետո գրավոր է դիմել, իսկ վարձած տան տերը չի սպասում:
Այսօր կառավարության հումանիտար կենտրոնում տեղահանվածների ծրագրերն էր ամփոփում սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը. - «Շատ արագ կարողացանք մշակել աջակցության ամենատարբեր ծրագրեր ու ըստ էության սկզբունքը մեր աջակցության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ տրամաբանություն ուներ»:
Մեծ տեղահանումից հետո գործարկվեց 100 հազարական դրամի ծրագիրը՝ որպես հրատապ աջակցություն բոլորին, ապա վեց ամսով 40 +10 հազարի ծրագիրը՝ բնակվարձի ու կոմունալ վճարների համար, ևս 50 հազար դրամ նախատեսվեց նոյեմբեր - դեկտեմբեր ամիսների համար։
Այս բոլոր ծրագրերը շրջանցել են Ժաննա Ստեփանյանին ու նրա անհայր մնացած 7 երեխաներին։ Միայն Ժաննան մեկ անգամ 100 հազար է ստացել։ Մի խարխուլ տուն է վարձել Ավշար գյուղում, պետության նախատեսած փողը չկա, որ տան վարձ տա, ամեն ամիս ավելի է խրվում պարտքերի մեջ: Ուտելու բան, ոչ մեծ տեսականի, ստացել է Ավշարի համայնքապետարանից:
Ինչո՞ւ մարդիկ չեն ստանում իրենց համար նախատեսված գումարները, Սոցապ նախարարությունից ասում են՝ ընթացքում է... 112 հազար 80 տեղահանված արդեն ստացել է հարյուր հազար դրամը. սա հրատապ ծրագիրն էր։ Կենսաթոշակների տրամադրման տեմպից էլ բազմաթիվ դժգոհություններ կան:
Տիկին Ելենան 44-օրյա պատերազմից հետո տեղահանվածներից է, 5 ամիս է ինքն ու ամուսինը թոշակ չեն ստանում։ Առցանց հարթակում անընդհատ փորձում է դիմում լրացնել՝ համակարգն իրեն մերժում է, այդպես ամիսներն անցնում են, ֆինանսական խնդիրները կուտակվում։
Թե՛ 20 թվականից ու թե՛ այս սեպտեմբերից Արցախից տեղահանվածները վերջին ամիսներին կենսաթոշակ չէին ստանում, հիմա կառավարությունը սկսել է վճարել հոկտեմբեր նոյեմբեր ու դեկտեմբերի ամիսների համար միանգամից, միայն թե մինչև այժմ շուրջ 12 հազար արցախցի է թոշակ ստացել։ Կառավարության հումանիտար կենտրոնում այսօր խնդիրների մասին չխոսեցին, խոստացան նոր ծրագրեր: