5-րդ ամիսն էլ լրացավ՝ Ավանեսյանների ընտանիքում սպասում են՝ երբ է ի վերջո իրենց էլ հասնելու զոհված զինծառայողների ընտանիքների համար նախատեսված գումարը։
44-ամյա Գևորգ Ավանեսյանը պայմանագրային էր, զոհվեց սեպտեմբերի 19-ին, Շուշիի տակ։ Նրա ծնողները, կինը, երեք երեխաները Ստեփանակերտից Հայաստան են հասել իրենց հետ տեղափոխելով միայն Գևորգի մարմինը։ 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի Քյուրաթաղից էին Ստեփանակերտ փախել։
Գևորգի կինն ասում է՝ դեռ հոկտեմբերին են դիմել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ՝ հույսով, որ հատուցումը չի ուշանա:
Ընտանիքում լսել են՝ սեպտեմբերի երկօրյա մարտերին հաջորդած բենզինի պահեստի պայթյունն է տվյալներն իրար խառնել, պիտի ապացուցվի, որ Գևորգը զինծառայող էր, մահացել է մարտի ժամանակ, պայթյունի վայրում չի եղել:
Գևորգ Ավանեսյանի ընտանիքը պիտի ստանար ամեն ամիս շուրջ 250 հազար դրամ և 10 միլիոն դրամ միանվագ։ Տեղահանված, վարձով ապրող ընտանիքում գումարի կարիքը, բնականաբար, մեծ է։ Պետության աջակցությամբ տան վարձն են տալիս, մնում տատիկ-պապիկի միասին 100 հազար դրամ թոշակի հույսին:
Քննչական կոմիտեի տվյալով՝ շուրջ 200 զինծառայող է զոհվել երկօրյա մարտերի ընթացքում։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ 200 ընտանիք զրկված է այդ գումարից, որովհետև Հայաստանի իշխանությունը, իր ձևակերպմամբ, բյուրոկրատական պատճառով արագ չի արձագանքել։ Խնդիրն այն է, որ այժմ լուծարված են Արցախի այն զորամասերն ու նրանց հրամանատարական կազմերը, որ պիտի տեղեկանք տրամադրեն զինծառայողի մահվան հանգամանքների, տեղի ու ժամի մասին։ Մի քիչ նման իրավիճակ էր նաև 44 -օրյայից հետո:
Բեգլարյանն ընդգծում է՝ պետք է շատ արագ հանձնախումբ ստեղծեին, որ տվյալների ճշգրտմամբ կզբաղվեր ու այս գործը չէր ձգվի ավելի քան 5 ամիս։ Նրա տեղեկությամբ՝ այժմ հենց այդպես էլ արվել է:
«Ազատությունը» գրավոր հացում էր ուղարկել զինծառայողների ապահովագրության հիմնադրամ՝ խնդրելով տեղեկատվություն այս ընտանիքների հատուցման գործընթացի վերաբերյալ։ Պատասխան դեռ չենք ստացել։
«Զինապահ»-ը երեք օր առաջ հայտարարել էր՝ գումարների տրամադրումը մեկնարկում է։ Արտակ Բեգլարյանի խոսքով՝ շարունակում է անլուծելի մնալ մարտական գործողությունների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների և պահեստի պայթյունից մահացածների ընտանիքներին աջակցության հարցը:
Սեպտեմբերի 19-20-ը 21 խաղաղ բնակիչ սպանվեց ադրբեջանական զինուժի կրակից, մի քանի օր անց 218 հոգի վայրկյանների ընթացքում մոխրացավ վառելիքի հերթում։