Մատչելիության հղումներ

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանեց Երևան


Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Հայաստան։

Նա պաշտոնական այցով է Երևանում՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով։

Հայաստանի ռազմական գերատեսչությունն այցից մանրամասներ դեռ չի հաղորդում։

Ավելի վաղ Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանն ասել էր, որ Դենդիասի այցը նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում երկու երկրների ընդլայնվող համագործակցությանը։

Օրեր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր աշխատանքային այցով Հունաստանում։ Նա Աթենքում հանդիպեց իր գործընկեր Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Բանակցությունների ավարտին կողմերը հանդես եկան համատեղ հայտարարությամբ։

«Մենք հստակ դեմ ենք ուժի սպառնալիքի, կամ ուժի բռնի կիրառմանը», - հայտարարել է Հունաստանի վարչապետը՝ շեշտելով՝ Աթենքը վստահ է՝ տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։

Դեկտեմբերին Հունաստանում էր Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Հայաստանը և Հունաստանն այդ ժամանակ Աթենքում ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կնքեցին։ Իսկ շուրջ մեկ ամիս անց՝ հունվարի 10-ին, Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը ժամանեց Հայաստան։ Նա Երևանում հայտարարեց, որ Աթենքը ևս պատրաստ է իր ներդրումն ունենալ Բաքվի ու Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացում։ Յորղոս Գերապետրիտիսը նաև ընդգծեց, որ Աթենքը շարունակելու է ակտիվ աշխատել Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։

XS
SM
MD
LG