Մատչելիության հղումներ

Առաջին անգամ Զելենսկին զոհված ուկրաինացի զինվորների թիվ հրապարակեց՝ 31 հազար


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասուլիսի ժամանակ, Կիև, 25-ը փետրվարի, 2024թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասուլիսի ժամանակ, Կիև, 25-ը փետրվարի, 2024թ.

Ուկրաինայի նախագահն առաջին անգամ ասել է, թե ինչքան ուկրաինացի զինվոր է զոհվել ռուս-ուկրաինական պատերազմում:

«Այս պատերազմում զոհվել է 31 հազար ուկրաինացի զինվոր։ Ո՛չ 300 հազար, ո՛չ 150 հազար, ոնց Պուտինն է ստում։ Բայց, այնուամենայնիվ, այս կորուստներից յուրաքանչյուրը մեզ համար մեծ է», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:

Ռուսական կողմը, Զելենսկիի խոսքով, կորցրել է 180 հազար զինվոր։

«Չգիտեմ, թե քանի զոհ և անհետ կորած ունեն նրանք, բայց ես գիտեմ, որ դա մինչև կես միլիոն է՝ վիրավորների հետ միասին։ Չեմ պատրաստվում մեր կողմի վիրավորների թիվն ասել, քանի որ Ռուսաստանը կիմանա, թե քանի մարդ է լքել առաջնագիծը», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Ռուսաստանը չի հրապարակում իր պատերազմական կորուստները։ Նոյեմբերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանի կորուստները գնահատել էր 300 հազար:

Մինչ այդ, Կիևը մեղադրում է ռուսական կողմին պատերազմական նոր հանցագործության մեջ: Հանգստյան օրերին ռուսական և ուկրաինական Տելեգրամ ալիքներում տարածվել էր մի տեսանյութ, որում մի խումբ, ենթադրաբար՝ ռուս զինվորներ, մոտ տարածությունից կրակ են բացում գերեվարված ուկրաինացի զինվորների վրա։ Անօդաչու թռչող սարքի նկարահանած կադրերից երևում է, որ մինչ կրակելը զինվորները դուրս են եկել ձեռքերը վեր ու պառկել գետնին։

Ուկրաինայի Գերագույն Ռադայի Մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը հայտարարել է, որ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ փետրվարի 24-ին Բախմուտի շրջանում, զոհվածներն Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ են՝ առնվազն 7 մարդ։ Օմբուդսմենը կատարվածը որակում է որպես ռազմական հանցագործություն։

Ռուսական կողմն այս տեղեկությունը չի մեկնաբանել։

Շաբաթ օրը լրացավ ռուսական լայնածավալ ագրեսիայի երկու տարին։ Ուկրաինայի նախագահը կրկին հայտարարել է, թե Պուտինը չի ուզում ավարտել պատերազմը։ Իր հերթին, Պուտինը վերջերս հայտարարել էր, որ Ռուսաստանը ոչ մի պարագայում չի հրաժարվի արդեն գրաված տարածքներից։

Այսօր ճակատում նախաձեռնությունը ռուսների կողմում է։ Ռուսական բանակը Դոնեցկի մարզի Ավդեևկա քաղաքը գրավելուց հետո անցել է հարձակման ճակատի միանգամից մի քանի ուղղությամբ։ Այսօր ռուսները զեկուցել են Ավդեևկայի մոտ Լաստոչկինո բնակավայրի գրավման մասին։

Ռուսական բանակի գլխավոր շտաբի պետն այցելել էր ռազմական դիրքեր, որտեղ և երբ կոնկրետ՝ Պաշտպանության նախարարությունը չի նշել: Զինվորներին պարգևներ հանձնելիս Վալերի Գերասիմովը շեշտել է, թե ռուս զինվորները կռվում են հայրենի հողն ազատագրելու համար:

«Շնորհավորում եմ բոլորին մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և խիզախության համար արժանի պարգևների կապակցությամբ։ Մաղթում եմ ձեզ հետագա հաջողություններ մեր հողի ազատագրման մարտերում, ողջ-առողջ վերադարձեք տուն», - հայտարարել է Գերասիմովը:

Առաջիկա ամիսներին դժվար կլինի, քանի որ ԱՄՆ-ում տատանումներ կան Ուկրաինային օգնելու հարցում, կիրակի օրը պատերազմի երկրորդ տարելիցին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Վլադիմիր Զելենսկին, հավելելով, թե ռուսական կողմը պլանավորում է մայիսի վերջին կամ ամռան սկզբին անցնել լայնածավալ հարձակման։

Կկարողանա՞ արդյոք ուկրաինական բանակը դիմադրել ռուսական ուժերին՝ մեծամասամբ կախված է լինելու արևմտյան դաշնակիցների օգնությունից, ասել է Զելենսկին։

Այսօր մոտ 20 եվրոպական երկրների ղեկավարներ հավաքվում են Փարիզում՝ քննարկելու Ուկրաինային արևմտյան աջակցության ուժեղացումը:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի ներկայացուցիչն ասել է, թե եվրոպական երկրները ցանկանում են շատ հստակ ազդանշան ուղարկել Պուտինին, որ նա չի հաղթի Ուկրաինայում:

Իր հերթին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Կոնգրեսի առաջնորդների, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի հետ՝ քննարկելու միլիարդավոր դոլարների շտապ օգնությունը դաշնակիցներին:

Սպիտակ տունը պաշտոնապես հայտարարել է, որ Բայդենը «կքննարկի երկկուսակցական ազգային անվտանգության լրացուցիչ օրակարգի ընդունումը»։

2023 թվականի աշնանից Կոնգրեսը չի կարողանում համաձայնության գալ նախագահ Բայդենի խնդրած ֆինանսավորման շուրջ: Նախագահը մասնավորապես խնդրել է 106 միլիարդ դոլարի ազգային անվտանգության ֆինանսավորում, որը ներառում է ռազմական օգնություն Ուկրաինային, Իսրայելին, Թայվանին, ինչպես նաև Միացյալ Նահանգների հարավային սահմանի ամրապնդմանը:

Փետրվարի 13-ին Սենատը հավանություն է տվել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին 95 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության օրինագծին, որից հետո, սակայն, Ներկայացուցիչների պալատի նախագահը հայտարարել էր, որ օրինագիծը քվեարկության չի դնի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG