ԱՄՆ Սենատը, որտեղ մեծամասնություն ունեն դեմոկրատականները, քվեների 70 կողմ, 29 դեմ հարաբերակցությամբ հաստատել է Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին ավելի քան 95 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու օրինագիծը:
Այժմ փաստաթուղթը պետք է ուղարկվի Կոնգրեսի մյուս պալատ՝ Ներկայացուցիչների տուն, որտեղ մեծամասնություն ունեն հանրապետականները:
Դեմոկրատական նախագահ Ջո Բայդենն ամիսներ շարունակ Կոնգրեսին կոչ է անում արագացնել օգնության տրամադրումը Ուկրաինային և Իսրայելին, ինչպես նաև Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ գործընկեր երկրներին, այդ թվում՝ Թայվանին:
Ուկրաինայի իշխանություններն անցած ամիսներին բազմիցս ահազանգել են, որ առանց հիմնական դաշնակից Վաշինգտոնի աջակցության ի հայտ է եկել զինամթերքի սուր պակաս, ինչը ձեռնտու է Ռուսաստանին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ողջունել է Կիևին 61 միլիարդ դոլար հատկացնելու նախագծի հաստատումը Սենատում:
«Ամերիկյան օգնությունը մոտեցնում է Ուկրաինայում արդար խաղաղության օրը և վերականգնում է համաշխարհային կայունությունը: Դա բխում է ինչպես ամերիկացիների, այնպես էլ ամբողջ ազատ աշխարհի շահերից», - X սոցցանցում գրել է Զելենսկին: