Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է՝ Մոսկվան «վրեժ է լուծելու» արևմտյան պատժամիջոցների համար։
Մեդվեդևի հայտարարությունը հաջորդում է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ հայտարարված լայնածավալ պատժամիջոցներին՝ ի պատասխան Ուկրաինայի Ռուսաստանի ռազմական ներխուժման և ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մահվան։
Ամերիկյան նոր պատժամիջոցները թիրախավորում են 500 ֆիզիկական և իրավաբանական անձանց, սահմանափակումները տարածվում են մի շարք բանկային, վարկային համակարգերի վրա։
«Պատճառը հստակ է՝ որքան վատ Ռուսաստանի քաղաքացիների համար, այնքան լավ՝ արևմտյան աշխարհի համար», - տելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
«Մենք բոլորս պարզապես պետք է հիշենք սա և վրեժխնդիր լինենք նրանցից ամենուր, որտեղ հնարավոր է, նրանք մեր թշնամիներն են», - հավելել է Մեդվեդևը և կոչ արել ռուսներին «դժվարություններ ստեղծել [Արևմուտքի] տնտեսություններում, հասարակության դժգոհությունը հրահրել արևմտյան իշխանությունների ապաշնորհ քաղաքականության նկատմամբ»: