Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պնդելով, որ France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի ղեկավարն անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին:
Դրանք, ըստ Բաքվի, միտումնավոր լարվածություն են ստեղծում տարածաշրջանում և նպատակ ունեն հերթական անգամ խաթարել խաղաղ գործընթացը։
«Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ տեղի ունեցած ղեկավարների վերջին հանդիպումից հետո Հայաստանի նման հայտարարությունները և դրանք հնչեցնելու վայրը Ֆրանսիան ընտրելը Հայաստանի կողմից Գերմանիայի ջանքերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է: Այն վկայում է խաղաղ գործընթացի վրա Ֆրանսիայի շարունակվող բացասական ազդեցության մասին»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Ըստ Ադրբեջանի արտաքին գերատեսչության՝ հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա և չի պահպանում միջազգային իրավունքի սկզբունքները՝ առկա փաստերի ակնհայտ խեղաթյուրում են և նպատակ ունի մոլորեցնել միջազգային հանրությանը։
«Վերջին շրջանում զանգվածային ռազմականացում իրականացնող և 5 ամսվա կայունությունը տարածաշրջանում խաթարող Հայաստանի կողմից հնչող հայտարարությունները, թե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, բացարձակապես անհիմն են»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։