Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է այսօր վաղ առավոտյան սահմանին հայկական կողմից կրակոցների մասին, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է:
Ըստ Բաքվի՝ Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքից ադրբեջանական զինուժի դիրքերի վրա կրակ են բացել Գեղարքունիքի մարզի և Քելբաջարի շրջանի սահմանագծին ժամը 5:50-ին: «Իրավիճակի սրումը կանխելու և երկու երկրների պայմանական սահմանին կայունության ապահովման նպատակով ադրբեջանական ստորաբաժանումները պատասխան միջոցներ չեն ձեռնարկել», - վստահեցնում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը՝ կոչ անելով «Հայաստանի ռազմական ղեկավարությանը թույլ չտալ նման սադրանքներ՝ ուղղված պայմանական սահմանին ապակայունացմանը և իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալուն, իսկ նրանք, ովքեր կատարում են այդ գործողությունները, պետք է բացահայտվեն և պատժվեն»:
Հայաստանի պաշտպանության նախարարությունից «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեցին, որ Բաքվի հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը: