Մատչելիության հղումներ

ՔՊ-ում «դեռ հույս ունեն, որ ՀԱՊԿ կաշխատի», կառույցից պնդում են՝ ՀՀ-ն շարունակում է մնալ կազմակերպության դաշնակիցը


Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի գործողություններն այս պահին չեն համապատասխանում Հայաստանի պետական շահերին, նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դեռ հույս ունեն, որ ռազմաքաղաքական այդ դաշինքն ի վերջո կկատարի իր պայմանագրային պարտավորությունները:

Իշխանական պատգամավոր, կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանն ընդգծում է՝ հայկական կողմը պետք է հստակ պատկերացնի, թե ինչ է հաջորդելու ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշմանը:

«Կա իրավիճակ նկարագրված, որի դեպքում միանշանակ դուրս ենք գալու, դեռ չունենք այդ իրավիճակը, բայց կա նաև իրավիճակ որի դեպքում միանշանակ մասնակցելու ենք այդ նիստերին նորից չկա այդ իրավիճակը: Այո, իհարկե [ակնկալիքներ կան], նվազագույնը չկա դուրս գալուց հետո, էսպես շատ չբացեմ փակագծերը...... իրավիճակը էսպիսին է, կարծում ենք, և որ դուրս գալու և մասնակցելու համար անհրաժեշտ են այլ իրավիճակներ, որոնք դեռ չկան», - ասաց Պապոյանը:

Թե ի՞նչ իրավիճակ նկատի ունի, արդյոք Երևանն, օրինակ, Արևմուտքից հստակ անվտանգային երաշխիքներ է ակնկալում նման որոշում կայացնելուց առաջ, պատգամավորը չմանրամասնեց։ Առանց լրացուցիչ մեկնաբանությունների միայն շեշտեց՝ Հայաստանը դեռ կշարունակի մնալ ՀԱԿՊ անդամ:

Դաշինքից դուրս գալու որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով մեր պետական շահը, կրկին առանց փակագծեր բացելու ուրբաթ օրը քաղաքացիների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել էր վարչապետ Փաշինյանը, ով չմասնակցեց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների անցած շաբաթվա հավաքին։

«Մեր արձանագրումներն ասում են, որ ՀԱՊԿ-ի դե ֆակտո գործողությունները կամ անգործությունը չեն հասցեագրում Հայաստանի Հանրապետության նկատմամբ նրա ունեցած պարտավորությունները, այսինքն, այս իմաստով ՀԱՊԿ-ի գործողությունները համապատասխան չեն Հայաստանի շահերին: Եվ մենք էս հարցը բարձրացնում ենք թափանցիկ ձևով», - նշել է վարչապետը։

2022 թվականի սեպտեմբերյան հարձակումից հետո պաշտոնական Երևանը ՀԱՊԿ-ից և ռազմավարական դաշնակից Ռուսաստանից ոչ միայն ռազմական օգնություն չստացավ, այլև ՀԱՊԿ անդամ երկրները չդատապարտեցին ադրբեջանական ագրեսիան։ Հենց այս իրադարձություններից հետո հայկական կողմը ամենաբարձր մակարդակով սկսեց քննադատել Մոսկվայի առաջնորդած դաշինքը: Հետագայում պաշտոնական Երևանը հրաժարվեց Հայաստանի տարածքում դաշինքի զորավարժություններն անցկացնել, մերժեց նաև ՀԱՊԿ-ի առաջարկած դիտորդական առաքելությունը:

Հայաստանը եղել և մնում է ՀԱՊԿ դաշնակիցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Չնայած այս զարգացումներին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ռուսական ՏԱՍՍ գործակալությանն այսօր ասել է, թե Հայաստանը եղել և մնում է ՀԱՊԿ դաշնակիցը, իսկ Երևանի բացակայությունից կտրուկ եզրակացություններ անելն անիմաստ է։ Երևանից մինչդեռ շեշտում են՝ քանի դեռ ՀԱՊԿ-ից Հայաստանի անվտանգային խնդիրների վերաբերյալ պատշաճ արձագանք չկա, առաջիկա նիստերին ևս մասնակցելու իմաստ չեն տեսնում:

Եթե պետք է գնաք ու դրանից անվտանգություն ստանանք, 2-3 օր չէ, 20-30 օր պետք է գնալ ու մասնակցել այդ նիստերին, մենակ վարչապետը չէ, նախարարներն էլ, Ազգային ժողովն էլ, բոլորն էլ պիտի գնան մասնակցեն: Եթե մենք դրանից ոչինչ չենք ստանում, ավելի լավ չէ՞ այստեղ ծախսենք այդ ժամանակը ավելի արդյունավետ գործերի վրա», - ասաց Գևորգ Պապոյանը:

Ու թեև հայկական կողմը հրապարակային պարզաբանել է՝ հայ պաշտոնյաները ՀԱՊԿ-ի հավաքներից բացակայում են, քանի որ այն շարունակում է չկատարել իր պարտականությունները, դաշինքի գլխավոր քարտուղարը պնդել է՝ պատճառները տեխնիկական են։

Մինսկում անցած շաբաթ կայացած նիստում ՀԱՊԿ-ը տասնյակից ավելի փաստաթղթեր է ընդունել։ Առաջիկայում սպասվում է, որ կառույցի գլխավոր քարտուղարը կայցելի Երևան և հայկական կողմին կփոխանցի դրանք, որպեսզի Հայաստանը ևս դրանց միանա: Արտաքին գործերի նախարարությունից այցի ժամկետը դեռ չեն հայտնում, օրերս միայն ասել էին, թե կդիտարկեն փաստաթղթերին միանալու հարցը։ Իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանի կարծիքով՝ առանց բովանդակությանը ծանոթանալու պետք չէ էմոցիոնալ որոշում կայացնել:

Դեկտեմբերին սպասվում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը արդեն տեղեկացրել է, որ չի մասնակցի դրան: Դեռ պարզ չէ՝ արդյոք վարչապետը կմասնակցի ՀԱՊԿ-ի տարեվերջյան ոչ պաշտոնական հավաքին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG