Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հակադարձել ու քննադատել է Ռաֆահ չմտնելու կոչերը։
«Նրանք, ովքեր ասում են, որ մենք ոչ մի դեպքում չպետք է մտնենք Ռաֆահ, ըստ էության, ասում են, որ պարտվենք պատերազմը: Պահեք «Համաս»-ին (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորում-խմբ.) այնտեղ», - ասել է նա:
Նեթանյահուն չի ներկայացրել Եգիպտոսին սահմանակից Գազայի ամենահարավային նահանգ՝ Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ մանրամասներ կամ ժամանակացույց:
Իսրայելի վարչապետն ուրբաթ հայտնել է, որ հանձնարարել է պաշտպանության ուժերին պլանավորել հարյուր հազարավոր մարդկանց տարհանումը Ռաֆահից այս ցամաքային ներխուժումից առաջ:
Մերձավոր Արևելքի, Եվրոպայի մի շարք երկրներ՝ ԵՄ ղեկավարության գլխավորությամբ, զգուշացրել են Ռաֆահի վրա Իսրայելի հարձակման աղետալի հետևանքների մասին։
Իսրայելում, ըստ պաշտոնական տվյալների, հոկտեմբերի 7-ից առնվազն 1200 մարդ է սպանվել, ևս 6900-ը վիրավորվել են:
Գազայի հատվածում, ըստ «Համաս»-ի վերահսկողության տակ գտնվող Առողջապահության նախարարության տվյալների, հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 28064 մարդ է զոհվել, 67611-ը վիրավորվել են: