Մատչելիության հղումներ

ԵՄ-ը մտադիր է ՀՀ զինված ուժերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակել. Մարագոս


Եվրամիությունը մտադիր է Հայաստանի զինված ուժերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակել: Այդ նպատակով Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան՝ հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

«Հետագայում կլինեն քննարկումներ, բայց Եվրոպական բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն արդեն հանձնառություն է ստանձնել, որ աշխատելու է այդ ուղղությամբ։ Մենք պատրաստվում ենք մանրամասներ ներկայացնել առաջիկա շաբաթներին: Պատրաստվում ենք տեխնիկական առաքելության այցին՝ այս տարվա վերջին կամ տարեսկզբին՝ ոչ մահաբեր ձևաչափի աջակցության ոլորտում կոնկրետ առաջարկների մշակման համար», - նշեց Մարագոսը։

Եվրամիության դեսպանը, սակայն, չհստակեցրեց՝ ի՞նչ է նշանակում «ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը» և արդյոք դա պաշտպանական զինատեսակների տրամադրում է ենթադրում։

Օրեր առաջ Եվրամիության պատվիրակությունն էր հայտարարել, թե Եվրոպական միությունը լրացուցիչ կուսումնասիրի եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը։

«Եվրամիությունն ամբողջությամբ հասկանում է հայ հասարակության հետաքրքրությունը ռազմական ոլորտում Երևան-Բրյուսել համագործակցությունը զարգացնելու առումով, մենք հասկանում ենք նաև մտահոգությունները։ Դա է պատճառը, որ ցանկանում ենք դերակատարում ունենալ խաղաղության օրակարգում։ Հիմա մենք աշխատում ենք զարգացնելու համագործակցությունը Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով», - ասաց ԵՄ դեսպանը։

Հայաստանցի մի շարք փորձագետների կարծիքով՝ Բրյուսելն ավելի քան երբևէ շահագրգռված է Երևանի հետ հարաբերությունների խորացմամբ։ Ըստ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի՝ Եվրամիությունը ձգտում է միայն ուժեղացնել Հայաստանի պաշտպանական կարողությունները։

«Ամենակարևորը, սակայն, այն է, որ անվտանգության տեսանկյունից Եվրամիության մոտեցումն իրատեսական է: Այն ձգտում է միայն ուժեղացնել պաշտպանական կարողությունները, ոչ թե հարձակողական կարողությունները», - ասաց Կիրակոսյանը:

ԵՄ դեսպանն այսօր հիշեցրեց, որ Բրյուսելը որոշել է ընդլայնել նաև Հայաստանում գործող դիտորդական առաքելությունը, ասաց, որ ԵՄ անդամ երկրները Բրյուսելում այժմ այդ հարցն են քննարկում. - «Եվրամիությունն արդեն որոշել է հետագայում ուժեղացնել դիտորդական առաքելության կարողությունները։ Մենք հիմա ԵՄ անդամ երկների հետ Բրյուսելում աշխատում ենք՝ այս հարցով կոնկրետ ծրագրեր մշակելու համար։ ԵՄ բարձր ներկայացուցիչն արդեն հայտարարել է, սա նշանակում է՝ ավելի շատ դիտարկումներ, ավելի շատ դիտորդներ և, հույսով՝ ավելի շատ անվտանգություն սահմանին»։

Վասիլիս Մարագոսը շեշտեց՝ դիտորդական առաքելությունը կոնկրետ արդյունքներ է տալիս սահմանին՝ թուլացնելով լարվածությունը։

Այս պահին առաքելությունը մոտ 100 դիտորդ ունի, թե որքան կավելանա նրանց թիվը, դեռ հստակ չէ:

ԵՄ դեսպանն այսօր մասնակցում էր «Նորարարությունը՝ գործնականում. առաջնորդելով փոփոխությունները և փոխակերպումները» խորագրով ֆորումին:

XS
SM
MD
LG