Մատչելիության հղումներ

Ադրբեջանում Չեխիայի քաղաքացի է ձերբակալվել


Ադրբեջանցի սահմանապահներ և սահմանային դիտակետ, արխիվ
Ադրբեջանցի սահմանապահներ և սահմանային դիտակետ, արխիվ

Երրորդ օրն է՝ ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի իրավապահները չեն հստակեցնում՝ ո՞վ է Չեխիայի քաղաքացին, որն ըստ Բաքվի հատել է հայ - ադրբեջանական սահմանն ու ձերբակալվել։

Ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցներն են պնդում, թե նրան սահմանն ապօրինի հատելիս փետրվարի 3-ին զինվորականներն են բռնել։ Սահմանի որ հատվածում` չեն հայտնում։

Չեխիայի քաղաքացու ձերբակալության մասին տեղեկությունը Հայաստանում Չեխիայի դեսպանատունը հաստատում է, սակայն, չի հստակեցնում՝ արդյոք փաստեր կան, որ նրան հենց սահմանին են բռնել։

«Ես միայն կարող եմ հաստատել, որ Ադրբեջանում Չեխիայի քաղաքացի է ձերբակալվել և նա այժմ անազատության մեջ է։ Բաքվում մեր դեսպանատունը փորձում է կապ հաստատել նրա հետ», - «Ազատությանն» ասաց Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը:

Հայաստանում Չեխիայի դեսպանատնից նաև դեռ չեն պարզաբանում՝ ով է ձերբակալված քաղաքացին, դեսպան Պետր Պիրունչիկը միայն «Ազատությանը» փոխանցեց, որ չեխական կողմն այդ հարցով զբաղվում է։

«Բաքվում մեր դեսպաանտունն այժմ զբաղվում է այս դեպքով։ Նրանք կապի մեջ են այդ մարդու ընտանիքի և տեղական իշխանությունների հետ։ Սա այն է, ինչ կարող եմ ասել այս պահին», - նշեց դեսպանը:

Այս ձերբակալության մասին հաղորդած ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները նույն շեշտադրումն էին արել, թե Չեխիայի քաղաքացուն «հաջողվել է անվնաս անցնել ոչ միայն հայկական դիրքերով, այլև՝ ականապատ տարածքով»։ Դրանից պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած Caliber.az-ը եզրահանգում էր արել ու չէր բացառել, թե Չեխիայի քաղաքացին կարող է արևմտյան հետախուզական ծառայությունների լրտես լինել՝ ակնարկելով Հայաստանում Եվրամիության առաքելությունը։

Չեխիայի դեսպանն «Ազատությանը» հետ զրույցում հերքել է, թե դեպքն առնչություն ունի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության որևէ անդամի հետ՝ դա համարելով «ֆեյք» լուր։

Բաքվից հաղորդում են՝ ապօրինի սահմանահատման հարցով Ազգային անվտանգության ծառայությունը հետաքննություն է իրականացնում։

Այս ձերբակալությունը հաջորդեց հունվարի 31-ին Չեխիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակի հայտարարությանը, թե չեխական կողմը ճնշում կբանեցնի Բաքվի վրա՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար։
Մարկետա Պեկարովա Ադամովան այդ մասին Երևանում էր հայտարարել։

«Այս հարցը Բաքու այցի ժամանակ անպայման կբարձրացնեմ, թե ինչո՞ւ իրենք չեն ցանկանում լուծումներ գտնել։ Մեր բոլոր հնարավորությունները կօգտագործենք՝ ճնշում գործադրելու Բաքվի վրա՝ բանակցություններին մասնակցելու համար», - ասել էր Մարկետա Պեկարովա Ադամովան:

Բաքվից կոշտ էին արձագանքել այդ հայտարարությանը՝ Պեկարովա Ադամովային խորհուրդ տալով զերծ մնալ «հայկական կեղծիքները մեկնաբանելուց»։

Հունվարին՝ Փարիզի հետ լարվող հարաբերությունների ֆոնին, Բաքվում ձերբակալվեց ֆրանսիացի գործարար, որին Ադրբեջանի իրավապահները կասկածում են լրտեսության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG