Հունվարի 28-ին Հայաստանը նշում է Բանակի օրը:
Հայոց բանակի ձևավորման 32-րդ տարեդարձի առթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետի գլխավորությամբ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Բանակի կազմավորման օրվա առթիվ իր ուղերձում նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ավելի քան երեք տասնամյակի ընթացքում Զինված ուժերն անցել են կայացման դժվարին ուղի, հաղթահարել բազմաթիվ փորձություններ, նվաճել հաղթանակներ և ունեցել կորուստներ:
«Բայց այս ամենի հանրագումարում մեր բանակը եղել և մնում է մեր պետության, հայրենիքի ու քաղաքացիների անվտանգության ու պաշտպանության ամենագլխավոր և ամենավստահելի երաշխավորը:
Շնորհավորում եմ բոլորիս բանակի կազմավորման օրվա կապակցությամբ և մաղթում ոգու ամրություն, ուժ ու կորով մեր բոլոր զինծառայողներին՝ հանուն Հայաստանի Հանրապետության խաղաղության և հզորացման», - նշել է նա:
Նոր և ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման ճանապարհով ենք գնում, և վերջին տարիներին Կառավարությունը մի քանի միլիարդ դոլարի զենք-զինամթերք ձեռք բերելու պայմանագրեր է կնքել, իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրն աննախադեպ` մի քանի հարյուր միլիոն դոլարի պատվեր ունի Հայաստանի կառավարությունից և իհարկե, շարունակելու ենք ներդրումներ անել ռազմարդյունաբերական համալիրում՝ զուգահեռ ավելացնելով նաև գիտության և կրթության ֆինանսավորումը։
Բանակը բարեփոխելը, ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է և մենք շարունակելու ենք գնալ այս ճանապարհով: Ուժեղ և մարտունակ բանակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունն ապահովող կարևորագույն գործոններից է, բայց ոչ միակ գործոնը: Անվտանգության ապահովման տեսակետից առանցքային երկու գործոն ևս պիտի ընդգծեմ՝ արտաքին հարաբերությունները և վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը՝ միջազգային իրավունքի տեսակետից», - նշել է նա:
Մեր տարածաշրջանում տիրող բարդ իրադրության մեջ առաջնային է Հայոց բանակի համակողմանի հզորացումը, իր ուղերձում կարևորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
«Մեզ պատած աղետալի ողբերգությունների, Արցախի բռնազավթման հանդիման՝ բոլորիս ջանքերով ըստ ամենայնի պիտի սատարենք մեր բանակին, քանզի Հայոց բանակը երաշխավորն է մեր ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի, ապահով գալիքի ու հայոց անկախ պետականության։
Հավատն ունենք, որ Աստծո օգնությամբ, ուժեղ բանակով և համազգային միաբանությամբ կարող կլինենք դիմակայել մարտահրավերներին և հաստատել մեր պետության և աշխարհասփյուռ մեր ժողովրդի լուսավոր գալիքը », - նշել է նա։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ուղերձում ընդգծել է, որ Հայոց բանակը Հայաստանի անկախ, ինքնիշխան հանրապետության ապավենն ու երաշխավորն է, որի շենացումն ու հզորացումը պետք է լինի յուրաքանչյուրի առաքելությունը:
«Մաղթում եմ, որ ձեր անկոտրում ոգին, քաջությունն ու հայրենիքին նվիրվածությունն ուղեկցեն մեզ միշտ, և խաղաղ երկնքի տակ շարունակեք ծառայությունը՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության», - նշել է նա: