Մատչելիության հղումներ

Պաշտոնյաներն այցելեցին «Եռաբլուր». տարածքը փակ էր լրագրողների համար


Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահի, խորհրդարանի ղեկավարի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու, հայտնում են կառավարությունից։

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

«Եռաբլուր»-ի տարածքն այսօր, սակայն, փակ է եղել լրագրողների համար։ Թե ինչու, լրագրողները հետաքրքրվել են ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանից։ Մյուսները արագ հեռացել են։

«Կազմակերպչական խնդիրներ են, չեմ կարծում, որ հատկապես որևէ մեկի մուտքը խոչընդոտվում է։ Բազմաթիվ մեքենաներ են գնում-գալիս, կազմակերպիչները հավանաբար այնպես են անում, որ մարդկանց նեղություն չտան», - ասել է նա։

Լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել նաև պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ շնորհավորելով Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ։

«Մենք իրականացնում ենք բոլոր գործողությունները, որպեսզի բանակը նորից ուղղի իր մեջքը», - ասել է նա։

XS
SM
MD
LG