Նյու Յորքի դատարանի ատենակալները որոշել են՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պետք է 83,3 միլիոն դոլար վճարի՝ 2019 թվականին նախագահ եղած ժամանակ սյունակագիր Ջին Քերոլին զրպարտելու համար:
Ըստ BBC-ի՝ յոթ տղամարդկանցից և երկու կանանցից բաղկացած երդվյալ ատենակալների խմբին երեկ մոտ երեք ժամ է պահանջվել դատավճիռ կայացնելու համար:
Թրամփը 18,3 միլիոն դոլոր պետք է վճարի քաղաքացիական դատավարության համար որպես վնասի փոխհատուցում, իսկ 65 միլիոն դոլարը պատժի վնասի չափն է:
Քաղաքացիական նախկին գործով պարզվել էր, որ դեռ 1990-ականներին Թրամփը զրպարտել է Քերոլին և սեռական ոտնձգություններ կատարել նրա նկատմամբ։
«Սա մեծ հաղթանակ է յուրաքանչյուր կնոջ համար, ով ոտքի է կանգնում, երբ իրեն նոկդաունի են ենթարկում, և հսկայական պարտություն է յուրաքանչյուր կռվարարի համար, ով փորձել է նվաստացնել կնոջը», - հայտարարել է Քերոլը։
Նրա փաստաբան Ռոբի Կապլանն իր հերթին հայտարարել է՝ «այսօրվա դատավճիռը ապացուցում է, որ օրենքը տարածվում է մեր երկրում բոլորի վրա, նույնիսկ հարուստների, նույնիսկ հայտնիների, նույնիսկ նախկին նախագահների վրա»:
Թրամփը նախ հերքել է, որ ինքը նույնիսկ երբևէ հանդիպել է լրագրողի հետ, միևնույն ժամանակ նշել, որ համաձայն չէ դատավճիռների հետ։
«Ես լիովին համաձայն չեմ երկու դատավճիռների հետ»,- գրել է Թրամփն իր սոցիալական մեդիահարթակում՝ Truth Social-ում՝ նշելով․ - «Ես կբողոքարկեմ Բայդենի կողմից իրականացված վհուկների որսը, որը կենտրոնացած է իմ և Հանրապետական կուսակցության դեմ»: