Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկին ուշադրությունը կենտրոնացված է Թրամփի դատավարությունների վրա


Գալիք երկուշաբթի Այովա նահանգում մեկնարկում է հանրապետականների ներկուսակցական պայքարը։ Բայց, ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկին ուշադրությունը ավելի շատ կենտրոնացած է դատական համակարգի վրա, որտեղ կարող է որոշվել հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցության հարցը 2024-ի նոյեմբերին կայանալիք ընտրություններին։

Նրա դեմ հիմնական մեղադրանքն առնչվում է 2021 թվականի հունվարի 6-ի դեպքերին, երբ ագրեսիվ ցուցարարները գրոհեցին Կոնգրեսի շենքը, որտեղ օրենսդիրները պատրաստվում էին հաստատել ընտրությունների արդյունքները։ ԱՄՆ նախկին նախագահը մեղադրվում է խռովության փորձի մեջ ներքաշվելու, ցուցարարներին ագրեսիվ գործողությունների դրդելու մեջ։ Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ նման քայլեր կատարած անձը չի կարող պետական որևէ պաշտոն զբաղեցնել։

Այս պատճառաբանությամբ երկու նահանգ արգելել է Թրամփին իրենց մոտ մասնակցել հանրապետականների փրայմերիներին, բայց ևս երկու նահանգ, որտեղ նման հարց էր բարձրացվել, թույլատրել է Թրամփի մասնակցությունը՝ գտնելով, որ հարցը քաղաքական բնույթ ունի։

77-ամյա Թրամփը համարվում է հանրապետականների առաջատար թեկնածուն։ Նրա փաստաբանները պնդում են, որ միայն Կոնգրեսն է իրավասու որևէ անձի արգելելու մասնակցել ընտրություններին և դիմել են Գերագույն դատարան։ Գերագույն դատարանում լսումները նախատեսված են փետրվարի վերջին։

Մինչ այդ նրա փաստաբանները դիմել են նաև վերաքննիչ դատարան՝ պահանջելով կարճել հարուցված մեղադրանքը։

Երեկ Թրամփի ավտոշարասյունը մտավ Վաշինգտոնի դաշնային վերաքննիչ դատարանի շենքի բակ, որտեղից դուրս եկավ 1 ժամ 15 րոպե տևած լսումներից հետո։ Թրամփն ասել է, որ իր փաստաբանները շատ լավ են աշխատել, և կրկին պնդել, որ քաղաքական հետապնդումների է ենթարկվում Բայդենի վարչակազմի կողմից։

Թրամփը և նրա փաստաբանները պնդում են նաև, որ նախագահի պաշտոնում նա անձեռնմխելիություն ուներ, ուստի չի կարող քրեական հետապնդումների ենթարկվել։ Սակայն, Արդարադատության նախարարությունը հավաստիացնում է, որ նախագահությունը օրենքից վեր չէ։

Երեկվա դատական նիստին հետևող լրատվամիջոցների տպավորությամբ՝ վերաքննիչի երեք դատավորներից բաղկացած կոլեգիան թերհավատորեն է ընդունել Թրամփի անձեռնմխելիության մասին փաստաբանների հիմնավորումները։

Դատավոր Ֆլորենս Փանը Թրամփի փաստաբանին հարցրել է՝ արդյո՞ք նա համաձայն է, որ նախագահը կարող է վաճառել ներում շնորհող հրամանագրերը կամ պետական գաղտնիքները, կամ հրամայել ծովային հետևակին սպանել իր քաղաքական հակառակորդին՝ առանց մտահոգվելու, որ կարող է ենթարկվել քրեական հետապնդումների, քանի որ իմփիչմենթի չի ենթարկվել։

Պաշտպանական կողմը հենվել է Թրամփին իմփիչմենթ հայտնելու գործընթացը ավարտին չհասցնելու փաստի վրա, ասելով, որ նրան իմփիչմենթ էր հայտնել Ներկայացուցիչների տունը, իսկ Սենատը՝ ոչ։ Ըստ նրանց պնդումների՝ գորոծղ նախագահը նախ պետք է իմփիչմենթի ենթարկվեր, հետո քրեական պատասխանատվության։

Դատախազ Ջեյմս Փիրսը հակադարձել է, որ նման տրամաբանությունը կարող է հեշտությամբ խարխլել Կոնգրեսն ու ցանկացած քրեական վարույթ, քանի որ ստացվում է՝ գործող նախագահը որևէ անօրինական արարքից հետո մինչև նրա դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելը կարող է հրաժարական տալ ու խուսափել քրեական հետապնդումից։

Վերաքննիչ դատարանը չի հայտնել, թե երբ կհրապարակվի վճիռը։ Հրապարակման ժամկետը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ, քանի որ ընտրությունների արդյունքները չեղարկելու դավադրության գործով Թրամփի դեմ դատավարությունը հետաձգվել էր ու նշանակվել էր մարտի 4-ին՝ սպասելով իմփիչմենթի հարցով որոշման կայացմանը։

Դատական պրոցեսներին հետևող լրատվամիջոցները նշում են, որ վերաքննիչ դատարանը ինչ որոշում էլ ընդունի, Թրամփի թիմը բողոքարկելու է մինչև Գերագույն դատարան, որտեղ 9 դատավորներից 6-ը պահպանողական են համարվում։

CBS News-ի հարցումների համաձայն՝ ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ Թրամփը չպետք է դատական պաշտպանություն ունենա նախագահի պաշտոնում կատարած իր արարքների համար։

XS
SM
MD
LG