Մատչելիության հղումներ

Փաշինյանը հույս ունի, որ Ադրբեջանի ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա


Հայաստանի վարչապետը հույս ունի, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացն ավարտին կհասնի: Այսօր Թբիլիսիում Նիկոլ Փաշինյանն իր այս ակնկալիքի մասին խոսեց Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո:

«Ընդգծվել է, որ ռազմաշունչ և առավելապաշտական հռետորաբանությունը չի նպաստում կարգավորման գործընթացին։ Հուսով եմ, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա արդեն իսկ համաձայնեցված և հանրահայտ սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի լրամշակումը ավարտին հասցնելու համար», - ասաց նա։

Դեռ տասն օր առաջ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնում, որ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը խաղաղության գործընթացը դիտավորյալ փակուղի մտցնելը չէ: Երևանն ու Բաքուն խաղաղության գործընթացի շուրջ որևէ առանցքային հարցում, ըստ էության, պայմանավորվածության դեռ չեն հասել:

Այսօր տարածաշրջանում խաղաղության հաստատումից խոսեց նաև Վրաստանի վարչապետը՝ վստահեցնելով, որ պատրաստ են այդ հարցում ներդրում ունենալ:


«Մենք մեծ լավատեսությամբ և հույսով ենք հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությանը, և ուզում եմ արտահայտել մեր հույսը, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիր, ինչը, անխոս, կնպաստի խաղաղությանը, ինչը, մեկ անգամ ևս կրկնում եմ, կարևոր է մեր երկրների և մեր ազգերի համար», - իր հերթին, ասաց Իրակլի Ղարիբաշվիլին։

Թե որը կլինի Թբիլիսիի դերակատարումը խաղաղության հետագա գործընթացում, պարզ չէ, բայց Ադրբեջանի ղեկավարը դեռ հոկտեմբերին ասել էր, որ կողմ է Վրաստանի միջնորդությանը:

Հայաստանի վարչապետը նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծից խոսեց։ Հոկտեմբերի վերջին Եվրախորհրդարանից հետո առաջինը հենց Թբիլիսիում՝ «Մետաքսի ճանապարհի» չորրորդ միջազգային համաժողովին էր Փաշինյանը ներկայացրել ճանապարհների ապաշրջափակման Երևանի այս նոր նախագիծը, որը հայկական կողմը համարում է խաղաղության օրակարգի հիմնական մաս:

«Այս նախագիծը միտված է տարածաշրջանի կապակցվածության խթանմանը՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունը և հավասարությունն ու փոխադարձության սկզբունքները: Ներկա իրողությունների պայմաններում, երբ փոփոխվում են տարբեր երթուղիներ, մեր տարածաշրջանը տարանցիկ նոր հանգույց կարող է դառնալ Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև», - ասել էր նա:

Հայաստանի վարչապետը Վրաստանում էր աշխատանքային այցով, որի շրջանակում կողմերը ստորագրեցին ռազմավարական գործընկերության հռչակագիր։

Երկու երկրների վարչապետերն այդ մասին հայտարարեցին, երբ Թբիլիսիում ավարտվեց տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին։ Թե ինչ է ենթադրում այս նոր համագործակցությունը ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Իրակլի Ղարիբաշվիլին չմանրամասնեցին, սակայն պնդեցին, թե օրը պատմական է:

«Այս ձեռքբերումը վերջին մի քանի տարիների մեր համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունք է և արտացոլում է մեր ընդհանրություններն ու նպատակասլացությունը», - նշեց Նիկոլ Փաշինյանը։


Վրաստանի վարչապետն էլ ընդգծեց, թե Հայաստանի հետ փաստացի ռազմավարական գործընկերներ են, այսօր պաշտոնապես դա հաստատվեց:

Հայ-վրացական հարաբերություններին ռազմավարական բնույթ հաղորդելու անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանը դեռ 2020-ին էր հայտարարել, արդեն այսօր հռչակագրի ստորագրումից հետո նա համագործակցության տասնյակից ավելի ոլորտներ թվարկեց, որոնցում, սակայն, ռազմական ոլորտը չկար։

Մինչդեռ Ադրբեջանի հետ մոտ երկու ամիս առաջ հենց Թբիլիսիում քննարկվել է ռազմական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցը:

XS
SM
MD
LG