Դատական համակարգի մասին իր հրապարակային քննադատության համար պաշտոնն անցած ամռանը կորցրած դատավորը Սահմանադրական դատարան է հասել՝ վիճարկելու մի շարք օրենքների դրույթների սահմանադրականությունը։ Բարձր դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Հարությունյանի դիմումը։ Այս դիմումով չի քննարկվելու դատական համակարգից Հարությունյանին հեռացնելու որոշումը, նման ընթացակարգ չկա։
12 տարվա դատավորը բարձր դատարանից խնդրում է քննել ու հակասահմանադրական ճանաչել դատական օրենսգրքի այն հոդվածները, որոնց պարագայում դատավարության ժամանակ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) նրան անժամկետ, առանց լսելու ու առանց փաստաբանի հեռացրել է նիստերի դահլիճից։ Ընդ որում, դրանից հետո նրա դեմ արդարադատության նախարարի բողոքի ամբողջ քննությունը տևել էր 17 րոպե։
«Առաջին հերթին դա վերաբերում է հարցին, թե արդյոք կարելի է դատավորին հեռացնել դատական նիստերի դահլիճից սանկցիայի կիրառմամբ, մասնավորապես այն պայմաններում, երբ դատավարության բոլոր օրենսգրքերով արգելված է դատական նիստերի դահլիճից հեռացում, դատական սանկցիայի կիրառումը դատավարության պրոֆեսիոնալ մասնակիցների՝ փաստաբանների, դատախազների նկատմամբ, և/կամ արգելվում է ցուցմունք տվող վկայի նկատմամբ նման սանկցիա կիրառել», - ասում է նա։
Բարձր դատարանին ուղղված իր դիմումում նախկին դատավորը նշում է՝ օրենքով արգելված է դատավարությունից հեռացնել դատախազին, փաստաբանին, վկային, բայց դատավորի մասին խոսք չկա։ Եվ ստացվում է, որ դատավարության կողմ հանդես եկող դատավորին կարելի է հեռացնել, երբ նա անգամ չի հասցրել իր տեսակետը ներկայացնել։ Օրենքն արգելում է հեռացնել նույնիսկ ամենավատ վարքագիծ դրսևորած մեղադրյալին առանց վերջին խոսքի իրավունքի, ասում է նախկին դատավորը։
«Սահմանադրական դատարանի առջև հարցը հետևյալն է, թե որքանով է սահմանադրական դրա կիրառումը դատավարության մասնակից դատավորների նկատմամբ, հատկապես երբ չի ապահովվում փաստաբանի ներկայություն, դատավորը դեռևս չի տվել բացատրություն, չի ներկայացրել նյութեր, չի մասնակցել դրանց հետազոտմանը, ելույթ չի ունեցել», - նշում է Դավիթ Հարությունյանը։
Ամիսներ առաջ արդարադատության նախարարն էր դատավորին պատժելու համար դիմել դատավորների անկախությունը երաշխավորող կառույց՝ ԲԴԽ։ Գրիգոր Մինասյանը խնդրել էր պատասխանատվության ենթարկել դատավորին, որը, նախարարի գնահատմամբ, վարկաբեկել էր դատական իշխանությունը, վտանգել դատարանի անկախությունն ու անաչառությունը, կասկածի տակ դրել դատական ակտերը։ Հարությունյանն այդ շրջանում դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողներին ասել էր՝ եթե Բարձրագույն դատական խորհրդում միշտ կոնսենսուս կա, սա նշանակում է, որ կառույցն ուղղորդվում է ինչ-որ մեկի կողմից։ Պնդել էր, թե ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ուղիղ կապ ունի լրատվամիջոցներից մեկի հետ, քննադատել մի քանի դատավորների լիազորությունները դադարեցնելու՝ ԲԴԽ որոշումները, նաև նշել, որ ոչ բոլոր դատավորներին են տեղեկացրել՝ ԲԴԽ անդամի ազատ տեղի համար անցկացվող մրցույթի մասին։
«Քսանից ավելի դատավորի լիազորություն տարբեր եղանակներով, ըստ ինձ, անօրինական կերպով դադարեցվել են», - հայտարարել էր նա։
Այժմ փաստաբանությամբ զբաղվող նախկին դատավորը հիշում է, որ իրեն նիստերի դահլիճից հեռացնելուց հետո էլ արգելել էին իր փաստաբաններին մտնել դահլիճ՝ պնդելով, թե նիստն ավարտված է, բայց դատավորը հետո պարզել էր, որ նիստը շարունակվում էր։ Տարակուսելի էր նաև նիստը դռնփակ անելու որոշումը, ինչի մասին Հարությունյանը նաև ՍԴ ուղարկած իր դիմումում էցնշել։
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պնդել էր, թե բաց դատաքննությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ դատական իշխանության հեղինակության վրա, թե ինչո՞ւ՝ այդպես էլ չէր պարզաբանել։
«Դատական նիստի դռնփակ անցկացումը բխում է արդարադատության շահի պահպանության անհրաժեշտությունից», - նշել էր Անդրեասյանը:
Մինչդեռ, դատավոր Հարությունյանը, որը ստացավ ամենախիստ պատիժն ու կորցրեց պաշտոնը, բարձր դատարանին ուղղված դիմումում ընդգծել է՝ արդյո՞ք կարելի է իրականացնել դռնակ դատավարություն բացառապես արդարադատության շահի պաշտպանության վկայակոչմամբ։
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն, իր հերթին, հրաժարվել էր արձագանքել դատավորի մեղադրանքներին. - «Դուք խառնում եք իմ նախկին քաղաքական գործունեությունը իմ դատավորի աշխատանքի հետ, սա ճնշում է դատարանի վրա չորրորդ իշխանության կողմից»:
Պաշտոնական տվյալներով՝ 2022-ին դադարեցվել է երեք, 2023-ին՝ 7 դատավորի լիազորություն, անցած տարի ևս 8 դատավոր ստացել է նախազգուշացում կամ նկատողություն։ Հայաստանում ավելի քան 300 դատավոր կա։