Մատչելիության հղումներ

ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները


Դավիթ Հարությունյան
Դավիթ Հարությունյան

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) այսօր ամենախիստ պատիժը կիրառեց դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ և դադարեցրեց նրա լիազորությունները։

Որոշումը հրապարակեց ԲԴԽ-ի նախագահ Կարեն Անդրեասյանը. - «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»։

12 տարի դատավոր աշխատած Դավիթ Հարությունյանի դեմ վարույթ հարուցելու հիմքը Արդարադատության նախարարությանն ու Բարձրագույն դատական խորհրդին ուղղված քննադատությունն էր։

Որոշումը բողոքարկման ենթակա չէ, և Հարությունյանն այլևս չի կրի դատավորի պատմուճանը։

«Անսպասելի ոչ մի բան չկար։ Ոչ մի անակնկալ ես չէի սպասում։ Ինչպես նշել էի, Կարեն Անդրեասյանից որևէ այլ ակնկալիք, օբյեկտիվ ակնկալիք հնարավոր չէր։ Բնականաբար, օբյեկտիվ ակնկալիքները կիրացվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այլ հարթակներում ու ընթացակարգերով», - հրապարակված որոշմանն արձագանքեց Դավիթ Հարությունյանը։

Աղմկահարույց որոշ քրեական գործեր քննած դատավոր Հարությունյանը երկու ամիս առաջ լրագրողներին ասել էր, թե Բարձրագույն դատական խորհուրդն ուղղորդվում է մեկ անձի կողմից։ Նա նաև քննադատել էր դատավորների լիազորությունները դադարեցնելու որոշումները, ինչպես նաև պնդել, որ ԲԴԽ-ի ղեկավար Կարեն Անդրեասյանը կապ ունի լրատվամիջոցներից մեկի հետ, նաև նշել, որ ոչ բոլոր դատավորներին են տեղեկացրել ԲԴԽ անդամի ազատ տեղի համար անցկացվող մրցույթի մասին. - «Քսանից ավելի դատավորի լիազորություն տարբեր եղանակներով, ըստ ինձ, անօրինական կերպով դադարեցվել են»:

Հենց այս հայտարարությունների հիման վրա է Արդարադատության նախարարությունը դիմել Բարձրագույն դատական խորհուրդ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով։ Նախարարությունը համարում է, որ դատավորը վարկաբեկել է դատական իշխանությունը, վտանգել է դատարանի անկախությունն ու անաչառությունը, կասկածի տակ է դրել դատական ակտերը և իր վարքագծի համար պետք է պատժվի։

Այսօրվա նիստից հետո արդեն պաշտոնազրկված դատավորը քննադատեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահին՝ մոտ երկու շաբաթ տևած դատաքննության ընթացքում իր իրավունքները խախտելու համար։ Ասաց, որ իր տեսակետը հայտնելու հարավորություն չի ստացել, վերջին նիստի ընթացքում հեռացրել են դահլիճից անհարգալից պահվածքի համար և նույնիսկ փաստաբանններին թույլ չի տրվել մասնակցել քննությանը. - «Փորձ չկատարեցին գոնե իմիտացիա ստեղծեն, որ մի բան գոնե օրենքով է արվում»։

Հարությունյանի դեմ վարույթը ԲԴԽ-ում քննվեց փակ ընթացակարգով, քանի որ, ըստ կառույցի, հրապարակային քննությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության հեղինակության վրա։ Թե ինչո՞ւ՝ այդպես էլ չպարզաբանվեց։ Արդեն նախկին դատավորը պնդում է՝ Բարձրագուն դատական խորհուրդը պետք է երաշխավորի դատավորների իրավունքների պաշտպանությունը, մինչդեռ իրականությունը այլ է. - «Իրավունքների իրացումը, պարտականությունների կատարումը՝ անկախ նրանից, թե ինչ սպառնալիքներ կան, պետք է խոչընդոտ չլինեն։ Առաջին հերթին, պետք է նախ էդպես վարվեր ԲԴԽ-ն, որովհետև պետք է Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների համար օրինակ ծառայի։ Բայց լրիվ հակառակն է լինում, ինչպես ականատես ենք լինում»։

Այսօր էլ թեև ԲԴԽ-ի որոշումը պետք է հրապարակվեր բաց նիստում, այդուհանդերձ լրագրողներն այդպես էլ հնարավորություն չունեցան նիստերի դահլիճ մտնել, փոխարենը շենքում սենյակ էր առանձնացվել։

Բարձրագույն դատական խորհուրդը մինչև հիմա պաշտոնական պարզաբանմամբ հանդես չի եկել։ Նախկին դատավորը, վկայակոչելով օրենքները, նշեց, որ բաց նիստի դեպքում նման արգելք չկա. - «Արդարացնել դա ուղղակի հնարավոր չի։ Էսքան մարդ օգտագործել, կարգադրիչներով պատեր սարքել, դատական նիստում դեպարտամենտի աշխատողներին նստեցնել՝ իբր թե դատական նիստերի դահլիճը զբաղված ա»։

Դեռ անցած շաբաթ Դավիթ Հարությունյանն իր իրավունքների խախտման հարցով դիմել էր Եվրոպական դատարան՝ խնդրելով Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառել և պարտավորեցնել պաշտպանել դատավորի արդար դատաքննության իրավունքը։

Այսօրվա որոշումից հետո այդ դիմումը, փաստորեն, դառնում է ժամանակավրեպ, և Հարությունյանը պետք է Հայաստանի դեմ նոր գանգատ ներկայացնի, ասաց նրա փաստաբան Զորայր Հարությունյանը. - «Ընթացակարգային խախտումներ, որոնց մեջ նաև ներառվում են արդար դատաքննության իրավունքի խախտումների մի շարք դրսևորումներ, և բովանդակային խախտումներ, այսինքն՝ խոսքի ազատությանը վերաբերող»։

Դավիթ Հարությունյանը պատրաստվում է հանցագործության դեմ հաղորդում ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի դեմ։ Ըստ նախկին դատավորի, ԲԴԽ ղեկավարը թույլ է տվել մի շարք խախտումներ, այդ թվում՝ այսօրվա նիստին փաստաբանների ու լրագրողների մասնակցությունը թույլ չտալը։

Ինչո՞ւ դատավորների անվտանգությունը երաշխավորող մարմինն այսօր Հարությունյանի դեմ կիրառեց ամենախիստ պատիժը՝ չսահմանափակվելով նկատողությամբ։ Այս և այլ հարցերի այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահը չպատասխանեց։

Դավիթ Հարությունյանից բացի, ԲԴԽ-ն այսօր դադարեցրեց ևս 5 դատավորի լիազորություն։ Փաստորեն, մեկ օրում ավելի շատ դատավոր ազատվեց աշխատանքից քան ամբողջ 2022 թվականին։ Նախորդ տարի միայն երեք դատավոր էր հեռացվել։

XS
SM
MD
LG