Եվրոպական դատարանը դատավոր Դավիթ Հարությունյանից իր գործին առնչվող մանրամասն տեղեկություններ ու փաստաթղթեր է խնդրել, որոնք դատավորն արդեն ուղարկել է Ստրասբուրգ։
Դատական համակարգի մասին իր հրապարակային քննադատության համար ընդհուպ պաշտոնը կորցնելու վտանգի առաջ կանգնած Հարությունյանի գործի քննությունն ավարտվել է, դատավորների անկախությունը երաշխավորող կառույցը՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշումը կհրապարակի հուլիսի 3-ին։
Մինչ այդ, դատավորի փաստաբան Զորայր Հարությունյանը դիմել Եվրադատարան՝ խնդրելով Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառել և պարտավորեցնել պաշտպանել դատավորի արդար դատաքննության իրավունքը։ Քանի որ նիստն ավարտված է, փաստաբանը նաև խնդրել է ՄԻԵԴ-ին՝ պարտավորեցնել Հայաստանին վերսկսել գործի քննությունը բաց նիստով։
«Եթե Եվրոպական դատարանը հաստատի էն բոլոր խախտումները, որոնք մենք այսօր բարձրաձայնել ենք արդեն իրենց մոտ, կա հավանականություն բավականին բարձր, որ Եվրոպական դատարանը ուղղակի կպարտադրի, որպեսզի վարույթի վերսկսում տեղի ունենա, և այդ վերսկսումից հետո արդեն արդար դատաքննության իրավունքի բոլոր դրսևորումները երաշխավորվեն», - ասաց փաստաբանը։
Դավիթ Հարությունյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով ԲԴԽ-ին դիմել է արդարադատության նախարարը։ Գրիգոր Մինասյանը համարում է, որ 12 տարի պաշտոնավարող դատավորը վարկաբեկել է դատական իշխանությունը, վտանգել է դատարանի անկախությունն ու անաչառությունը, կասկածի տակ է դրել դատական ակտերը։
Դատավորը կարող է նկատողություն ստանալ կամ էլ կորցնել պաշտոնը։ ԲԴԽ-ն արգելել է Հարությունյանին խոսել գործի քննությունից։ Հայտնի է, որ ամիսներ առաջ նա հրապարակավ քննադատել էր Բարձրագույն դատական խորհրդին. - «Քսանից ավելի դատավորի լիազորություն տարբեր եղանակներով, ըստ ինձ, անօրինական կերպով դադարեցվել են»։
Եվրոպական դատարանին դատավորի փաստաբանը տեղեկացրել է, որ արդարադատության փոխնախարարի պահանջով ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի որոշմամբ նիստը որոշվել է փակ անցկացնել, ինչից հետո Անդրեասյանը մերժել է նիստը բացելու և այլ միջնորդությունները՝ այդպես էլ դրանց գրավոր օրինակը չտրամադրելով։
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պնդել էր, թե բաց դատաքննությունը լրացուցիչ բացասական ազդեցություն կարող է ունենալ դատական իշխանության հեղինակության վրա, թե ինչո՞ւ՝ այդպես էլ չէր պարզաբանել. - «Դատական նիստի դռնփակ անցկացումը բխում է արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությունից»։
Փաստաբանը հակադարձում է՝ դատավորի հայտարարությունները վաղուց հրապարակված են. - «Պարոն Հարությունյանին վերագրվում ա նենց կարգապահական խախտում, որը իբրև թե թույլ ա տրվել է հրապարակային խոսքում։ Նախագահող Անդրեասյանը տեղում որոշումներ ա կայացնում, որ պայմանական ասած՝ էս միջնորդությունը մերժվում ա։ Պաշտպանության կողմը պատճառաբանություն ա հարցնում՝ ինչի՞ ա մերժվում, կամ ասենք նախարարության իքս միջնորդությունը ինչի՞ ա բավարարվում։ Տեղում պարզաբանում ա, որ էդ որոշումը մենք որոշել ենք չկայացնենք, որովհետև էդ պատճառաբանությունների վերաբերյալ տեղեկություն կունենաք վերջնական ակտով»։
Դատավորի դիմումը քննվում է հրատապության կարգով։ Ենթադրվում է, որ առաջիկա օրերին ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի։ Փաստաբան Հարությունյանն ասում է, որ ՄԻԵԴ-ի որոշումը սովորաբար ենթակա է կատարման, և եթե այն իրենց օգտին լինի, ապա Բարձրագույն դատական խորհուրդը ստիպված կլինի վերացնել Ստրասբուրգ ներկայացրած խախտումները, ընդհուպ՝ նոր դատաքննություն անցկացնել։
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարվում է արձագանքել դատավորի մեղադրանքներին։ Երբ ՄԻԵԴ-ը դիմի, Հայաստանի կառավարությունը պետք է ներկայացնի նաև իր հիմնավորումները։
Պաշտոնական տվյալներով, 2022-ին դադարեցվել է երեք, իսկ այս տարի՝ մեկ դատավորի լիազորություն, ևս 8-ը ստացել է նախազգուշացում կամ նկատողություն։