Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ) ամիսներ առաջ հրապարակավ քննադատած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նիստն այսօր աղմկոտ անցավ. երբ արդարադատության փոխնախարարը խնդրեց, որ խորհրդի նիստը դռնփակ անցկացվի, դատավոր Դավիթ Հարությունյանն ու նրան սատարելու եկած մի խումբ փաստաբաններ առարկեցին:
«Դատավորների խոսքի ազատության սահմանափակում, ազատ արտահայտվելու, դատական իշխանությանը վերաբերող հարցերից խոսելուց զերծ պահելու ցանկություն», - հայտարարեց Հարությունյանը:
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պնդեց, թե բաց դատաքննությունը լրացուցիչ բացասական ազդեցություն կարող է ունենալ դատական իշխանության հեղինակության վրա, թե ինչու՝ այդպես էլ հստակ չպարզաբանեց:
«Դատական նիստի դռնփակ անցկացումը բխում է արդարադատության շահի պահպանության անհրաժեշտությունից», - նշեց Անդրեասյանը:
Արդարադատության նախարարությունը համարում է, որ 12 տարի պաշտոնավարող դատավորը վարկաբեկել է դատական իշխանությունը, վտանգել է դատարանի անկախությունն ու անաչառությունը, կասկածի տակ է դրել դատական ակտերը և իր այս վարքագծի համար պետք է պատժվի։ Դավիթ Հարությունյանը կարող է նկատողություն ստանալ կամ էլ կորցնել պաշտոնը։ Սա կորոշի Բարձրագույն դատական խորհուրդը, որը դատավորների անկախությունը երաշխավորող սահմանադրական կառույց է։
Երկու ամիս առաջ՝ Դատավորների ընդհանուր ժողովի օրը դատավոր Հարությունյանը լրագրողներին ասել էր՝ եթե բարձրագույն դատական խորհրդում միշտ կոնսենսուս կա, սա նշանակում է, որ կառույցն ուղղորդվում է ինչ-որ մեկի կողմից։ Պնդել էր, թե ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ուղիղ կապ ունի լրատվամիջոցներից մեկի հետ, քննադատել դատավորների լիազորությունները դադարեցնելու՝ ԲԴԽ որոշումները, նաև նշել, որ ոչ բոլոր դատավորներին են տեղեկացրել՝ ԲԴԽ անդամի ազատ տեղի համար անցկացվող մրցույթի մասին։
«20-ից ավելի դատավորի լիազորություն տարբեր եղանակներով, ըստ ինձ, անօրինական կերպով դադարեցվել են», - ասել է նա:
Դավիթ Հարությունյանն ընդգծում է՝ այսօրվա նիստն ի սկզբանե խախտումներով էր ընթանում, նախ՝ դռնփակ անցկացնելը, ապա իր միջնորդություններն անտեսելը և իրեն սատարելու եկած փաստաբաններին որպես իր ներկայացուցիչ չներառելը։
«Հիմա էլ որոշեցին դռնփակ անել ու Կրեն Անդրեասյանը իր որոշած հերթականությամբ առանց նույնիսկ միջնորդությունների վերաբերյալ դիրքորոշումներ լսելու հեռանում է խորհրդակցական սենյակ, գալիս որոշումներ է հրապարակում», - ասաց դատավորը:
Դավիթ Հարությունյանը ցույց տվեց իրեն այսօր փոխանցված մի փաստաթուղթ՝ դատական նիստի ու գործի մասին հրապարակային հայտարարություններ չանելու մասին։ Այս պատճառաբանությամբ նա չխոսեց Արդարադատության նախարարության կողմից վիճահարույց համարված իր հարցազրույցից. - «Դա ենթադրում է՝ պետք է ես ստորագրեի, բայց ես հրաժարվել եմ, ճիշտն ասած ես չհասկացա ինչ է, փաստաբանական օգնության դիմեցի, փաստաբանն էլ չհասկացավ»:
Դատավորը պատրաստվում է ԲԴԽ նախագահի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել
Դատավորը պատրաստվում է ԲԴԽ նախագահի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել՝ այսօրվա նիստի ընթացքում արտահայտած մտքերի համար. - «Կարգադրիչներին հրահանգեց իմ գույքը, այն տեխնիկական միջոցները , որոնց միջոցով ես փորձում եմ պաշտպանության իրականացնել՝ համակարգիչ, բարձրախոս, որոնց միջոցով պատրաստվում էի որոշակի ձայնագրություններ հրապարակել, հրահանգեց դուրս բերել: Ասացի՝ որևէ մեկը իրավունք չունի իմ ունեցվածքին ձեռք տալ, վերջինս ասաց, թե ուժ կգործադրի, ուժի կիրառմամբ կանի, ասացի՝ իմ նկատմա՞մբ եք բռնություն գործադրելու, ասաց՝ չէ, գույքի նկատմամբ»:
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, որ ընդմիջման էր դուրս եկել, հրաժարվեց արձագանքել դատավորի մեղադրանքներին. -«Երբ որ ես ցանկություն ունենամ որպես դատավոր ընթացիկ դատական նիստից իմ կարծիքները հայտարարեմ, ես դա կանեմ դատական նիստերի ընթացքում: Դուք խառնում եք իմ նախկին քաղաքական գործունեությունը իմ դատավորի աշխատանքի հետ, սա ճնշում է դատարանի վրա չորրորդ իշխանության կողմից»:
Անդրեասյանը արդարադատության նախարարի պաշտոնում՝ անցած տարվա փետրվարին «Ազատության» եթերում հայտարարել էր՝ Հայաստանում շուրջ 40 կոռումպացված դատավոր կա, և վեթինգը մեկ տարվա ընթացքում ավարտին կհասցվի, եթե ԲԴԽ-ն մնա իր բարձունքում։
«Սկսել են շատ դատավորներ ինքնաբացահայտվել: Երբ որ սկսել են հիմա քաղաքական որոշակի ակցիաներ են անում, կտեսնեք մի քանի կրկնվող դատավորներ կան, որոնք որոշակի ակտիվությամբ սկսել են մեկը մյուսին պաշտպանել», - ասել է նա:
Ըստ փաստաբանի՝ Անդրեասյանն անկեղծ չէ համակարգը մաքրելու մասին իր հայտարարություններում
Մինչդեռ փաստաբան Երեմ Սարգսյանը կարծում է՝ նախարարությունից ԲԴԽ տեղափոխված Անդրեասյանն անկեղծ չէ համակարգը մաքրելու մասին իր հայտարարություններում։ Փաստաբանի համար ցուցիչ է տարիներ շարունակ իրավապաշտպանների խիստ քննադատությանն արժանացած դատավոր Մնացական Մարտիրոսյանի օրինակը, երբ քաղաքական հնչեղություն ստացած տարբեր գործերով հայտնի դատավոր Մարտիրոսյանն առաջխաղացում ստացավ ու գլխավորեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը։
«Եթե դու չես ենթարկվում այն անձանց, ովքեր որոշել են՝ իրանք են որոշում կայացնողը, այն ժամանակ դու արդեն համարվում ես յուրայինների ցանկից դուրս, իսկ յուրայինների ցանկից դուրս գտնվողներին ի՞նչ են անում, փորձում են մեկուսացնել»,- ընդգծեց Երեմ Սարգսյանը:
Պաշտոնական տվյալներով՝ 2022-ին դադարեցվել է երեք, իսկ այս տարի՝ մեկ դատավորի լիազորություն, ևս 8 դատավոր ստացել է նախազգուշացում կամ նկատողություն։ Հայաստանում 200-ից ավելի դատավոր կա։