Մատչելիության հղումներ

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ տրամաբանական չէ ենթադրել, որ Ադրբեջանը կհամաձայնի սպառազինությունների վերահսկման Փաշինյանի առաջարկին


Սպառազինությունների վերահսկման պայմանագիր ստորագրելու Հայաստանի վարչապետի առաջարկին արդեն չորրորդ օրն է` Ադրբեջանից հրապարակավ չեն արձագանքել:

Նիկոլ Փաշինյանն իր այս նոր գաղափարի մասին բարձրաձայնեց անցած շաբաթ կուսակիցների հետ հանդիպմանը, երբ արձանագրեց, որ Բաքվից ամենաբարձր մակարդակով հնչած հայտարարությունները «լրջորեն հարվածում են խաղաղության գործընթացին»: Վարչապետը մտահոգված էր՝ խաղաղության բանակցություններում Իլհամ Ալիևը հայկական առաջարկները մերժում է, դեմ է զորքերի հայելային հետքաշմանը, չի ցանկանում ապառազմականացնել սահմանային շրջանները։

«Ես կարող եմ ուրիշ առաջարկ անել՝ եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք, որՀայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեն, և մեկը մյուսի՝ այդ պայմանավորվածությունների կատարման վերահսկելու հնարավորություն ունենան», - ասել էր նա։

Վարչապետի առաջարկին նախորդել էին Ադրբեջանի նախագահի հայտարարությունները: Ալիևը մոտ մեկ շաբաթ առաջ տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում կրկին պահանջում էր «Զանգեզուրի միջանցք», խոսում ոչ միայն անկլավների վերադարձից, այլև պնդում, թե 44-օրյայից հետո օկուպացված հողատարածքներից հետ չեն գնա, մերժում միջազգային երաշխավորի հայկական առաջարկը: Համաձայն չեն նաև սահմանազատումը 1975 թվականի քարտեզներով իրականացնելուն:

Այս պայմաններում սպառազինությունների վերահսկման պայմանագիր ստորագրելու վարչապետի առաջարկը որքանո՞վ է իրատեսական, և հնարավո՞ր է հայկական կողմն այն դարձնի բանակցություններում քննարկման հարց: Իշխանական պատգամավորներն այսօր հրաժարվում էին այս հարցին պատասխանել: Արտգործնախարարությունից ևս չեն արձագանքում։

Փոխարենը ընդդիմադիր պատգամավոր («Հայաստան» խմբակցություն) Արթուր Խաչատրյանը պնդեց՝ այդ նոր առաջարկով Նիկոլ Փաշինյանը փորձում է ներքին լսարանին համոզել, թե խաղաղության գործընթացը ձախողված չէ:

«Ադրբեջանը Փաշինյանի որևէ առաջարկություն երբեք չի ընդունել։ Հիմք ունենալ ենթադրել, որ ինքը թղթի վրա կհամաձայնի և գործնականում կսահմանափակի սպառազինությունները, անտրամաբանական է։ Մի քանի ամիս առաջ ինքը 1.2 միլիարդի նոր զենք գնելու պայմանագիր է կնքել Իսրայելի հետ, հիմա ի՞նչ, Ալիևը պիտի ասի՝ պարտված Փաշինյա՛ն, դու ինձ ասես՝ ես քանի տանկ, քանի անօդաչու թռչող սարք, քանի ինքնաթիռ և ինքնաձիգ պե՞տք է ունենամ։ Կատակ է՞ անում, ո՞ւմ է Փաշինյանը ծաղրում», - ասաց պատգամավորը։

Փաշինյանը սպառազինությունների վերահսկման առաջարկին զուգահեռ ասում էր, թե խաղաղության պայմանագրի շուրջ ադրբեջանական առաջարկներից տպավորություն ունեն, որ Բաքուն փորձում է հետագա պատերազմները լեգիտիմացնող փաստաթուղթ ստանալ:

Նաև ռազմական էսկալացիայի ռիսկը հաշվի առնելով է վարչապետը տարբեր առաջարկներ հնչեցնում, կարծում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը, բայց Բաքվի դրական արձագանքը գրեթե անհնար է համարում։ Ըստ փորձագետի՝ Փաշինյանը պարզապես ցանկանում է բանակցային գործընթացի շարունակականությունը ապահովել:

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները բավականին դեստրուկտիվ հայտարարություններ են, դրանք բանակցային պրոցեսին, ըստ էության, վնասող են, և հայկական կողմի պատասխանը պահել կոնստրուկտիվի դաշտում և պրոցեսին աջակցող որոշակի գործընթացների տրամաբանության մեջ, բուն բանակցային գործընթացի և դրա միջազգային աջակցության տրամաբանության մեջ բավականին ճիշտ մոտեցում է, բայց դա, ըստ էության, ավելի շատ բանակցային հնարք է», - ասաց նա։

Բանակցային գործընթացում հռետորաբանության կոշտացումից բացի, Արդբեջանը հայտարարում է, որ վերազինում է բանակը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ 1 միլիարդ 200 միլիոն արժողությամբ սպառազինության հերթական խմբաքանակը ձեռք է բերվել մոտ երկու ամիս առաջ Իսրայելից: Սրանով հանդերձ Հայաստանից երկու անգամ ավելի ռազմական բյուջե ունեցող Բաքուն դժգոհ է՝ այդ ոլորտում Երևանի գնումներից: Այս փաստից նաև Նիկոլ Փաշինյանն է զարմացած։


«Այսինքն` այստեղ տրամաբանությունը ո՞րն է, որ ՀՀ-ն բանակ չպետք է ունենա՞։ Եթե սա է ընկալումը, ապա կասկածի տակ է դրվում Հայաստանի գոյության իրավունքը, ինչը բացարձակապես անընդունելի է», - ասել էր նա։


Ի դեպ, միմյանց սպառազինությունները վերահսկելու վարչապետի առաջարկից այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը: Փաշինյանը, սակայն, հարցն անպատասխան թողեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG