Մատչելիության հղումներ

Հայաստանը ողջունում է Ֆրանսիայի Սենատի բանաձևը, Ադրբեջանը՝ քննադատում այն


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին երեկ ընդունած բանաձևի համար՝ որակելով այն «Հայաստանին և հայ ժողովրդին աջակցող կարևոր հանձնառություն»։

336 կողմ և 1 դեմ ձայներով ընդունված փաստաթղթում Ֆրանսիայի օրենսդիրները կառավարությանը կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, այդ թվում՝ գազի և նավթի ներմուծման էմբարգո սահմանել։ Բանաձևով նաև պահանջվում է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքներ։ Կոչ է արվում հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի Ադրբեջանը հրատապ միանա բանակցություններին՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար։

Նիստից ժամեր անց կոշտ հակադարձեց Բաքուն. Միլլի մեջլիսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը պատասխան հայտարարությամբ Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ, սառեցնել ֆրանսիացի պաշտոնյաների ակտիվները, դադարեցնել տնտեսական կապերը Փարիզի հետ՝ ֆրանսիական բոլոր ընկերությունները դուրս բերելով Ադրբեջանից։ «Հակաադրբեջանական» գնահատելով Փարիզի քաղաքականությունը՝ Բաքուն հայտարարում է, թե երկու երկրների հարաբերությունները պատմության մեջ ամենացածր մակարդակի վրա են, «ըստ էության, կարող են համարվել կասեցված»։

Բանաձևը հնարավորություն է արտաքին տարբեր քաղաքական ուղղություններով Արցախի հարցի պրոցեսը նպաստավոր դաշտ բերել. Տիգրան Աբրահամյան

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասում է՝ հասկանալի է, որ Ֆրանսիայի կառավարությունն արմատական քայլերի չի գնա, ինչը, սակայն, չի նշանակում, որ պետք է թերագնահատել երեկ ընդունված փաստաթղթի նշանակությունը։

«Հայաստանի համար այս ծանրագույն պահին Ֆրանսիայի Սենատի կողմից այսպիսի բանաձևի անցկացումն, իհարկե, ողջունելի է և նաև հնարավորություն է արտաքին տարբեր քաղաքական ուղղություններով Արցախի հարցի հետ կապված պրոցեսը որոշակի նպաստավոր դաշտ բերելու առումով և ինչու չէ նաև օգտագործելով այս հանգամանքը՝ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում Հայաստանի համար որոշակի շահեկան հնարավորություններ ստեղծելու առումով»։, - ասաց պատգամավորը։

«Զանգեզուրի միջանցքը» բացելու պահանջը ոչ այլ ինչ է, քան ներխուժում Հայաստանի հարավ»

Ֆրանսիացի պատգամավորները երեկ քննադատում էին Եվրամիության՝ Բաքվի հետ խորացող էներգետիկ համագործակցությունը։

«Եվրոպան գազային պայմանագիր է կնքել բռնապետ Ալիևի հետ, որի ձեռքերին է 6000 հայի արյունը։ Տեղի է ունեցել էթնիկ և մշակութային զտում։ Եվ հիմա «Զանգեզուրի միջանցքը» բացելու պահանջը ոչ այլ ինչ է, քան ներխուժում Հայաստանի հարավ», - ասել է Ստեֆան Ղավիեն։

Վալերի Բուայեն շեշտել է. «2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից հետո 2000 տարվա մեջ առաջին անգամ Արցախի Հանրապետության գրեթե ամբողջ բնակչությունը լքեց Արցախը ու փախավ Հայաստան։ Նրանք, ովքեր մնացել են, մնացել են իրենց հարազատների գերեզմանների համար, գերեզմաններ, որոնք պղծվում են լռելյայն՝ առանց միջազգային հանրության կողմից որևէ բողոքի։ «Նյու Յորք թայմսը» վերջերս մի հոդված էր հրապարակել, թե ոչ ոք չէր սպասում այս ողբերգությունը։ Ի՜նչ երկերեսանիություն։ Տարիներ շարունակ հայերը, այստեղ նստած շատերս զգուշացնում էինք, որ դա էր Թուրքիայի և Ադրբեջանի ծրագիրը»։

Սա չի նշանակում, որ Ֆրանսիան դադարեցնելու է իր տնտեսական, էներգետիկ համագործակցությունը Ադրբեջանի հետ. մեկնաբան

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը չի շտապում Ֆրանսիան Հայաստանի դաշնակից անվանել, ի վերջո Փարիզը Եվրամիության, ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից է։

«Ֆրանսիայի Սենատը եթե նման որոշում է ընդունում, ամենևին չի նշանակում, որ Ֆրանսիան դադարեցնելու է իր տնտեսական, էներգետիկ համագործակցությունը Ադրբեջանի հետ, նույնպես թղթի վրա են մնալու օրինակ՝ Միլլի մեջլիսի կոշտ հայտարարությունները։ Սրանք ավելի շատ ներքաղաքական ինչ-որ նպատակներում կարելի է օգտագործել, բայց պետությունները որպես կանոն շատ ավելի պրագմատիկ շահերով են առաջնորդվում, և այդ պրագմատիկ շահերի մեջ մտնում է այն, որ Արևմուտքի համար էլ, Ռուսաստանի համար էլ մեր տարածաշրջանում, ցավոք, ավելի ձեռնտու է համագործակցել Ադրբեջանի հետ, քան Հայաստանի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։

Հայաստանին աջակցող և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող բանաձևեր Ֆրանսիայի Ազգային ժողովում և Սենատում 2022-ին էլ են ընդունվել, իսկ 44-օրյա պատերազմի ավարտին Սենատի հաստատած փաստաթղթով ընդգծվում էր Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտությունը։ Այդ բանաձևերը, սակայն, կառավարության համար միայն խորհրդատվական նշանակություն ունեն։ Ավելին, 2020-ի քննարկմանը Արտգործնախարարության ներկայացուցիչը Սենատում առարկել էր բանաձևի ընդունմանը։

XS
SM
MD
LG